
Երևանում առևանգել են հայտնի գործարարի Bentley-ն. Shamshyan.com

Փետրվարի 11-ին ավտոմեքենայի գողության դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 14:00-ի սահմաններում ոստիկանության Էրեբունու բաժին ահազանգ է ստացվել Երևանի բնակիչ Արմեն Հակոբյանից, որը հայտնել է, որ նույն օրը՝ ժամը 09:00-10:00-ն ընկած ժամանակահատվածում, Տիգրան Մեծի պողոտայի 40/5 հասցեի մոտից գողացել են Bntley Continental մակնիշի ավտոմեքենա: Այս մասին տեղեկացնում է Shamshyan.com-ը:
Աղբյուրի փոխանցմամբ՝ նշված վայր են ժամանել ոստիկանության Էրեբունու բաժնի օպերատիվ խումբը: Տեղում պարզվել է, որ անհայտ անձը նշված հասցեից գողացել է Երևանի բնակիչ 51-ամյա Հակոբ Սաֆարյանին պատկանող Bntley Continental մակնիշի ավտոմեքենան:
Փաստի առթիվ ոստիկանության Էրեբունու բաժնի հետաքննական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում:
Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ միջոցառումներ՝ հանցագործությունը կատարած անձի ինքնությունը պարզելու, նրան և գողացված ավտոմեքենան հայտնաբերելու ուղղությամբ:
Կայքի տեղեկություններով՝ Bentley-ն պատկանում է Երևանում հայտնի «Կամուրջ» արագ սննդի կետի սեփականատեր, «Սերոբ» ՍՊԸ-ի տնօրեն Հ. Սաֆարյանին, որը հանրությանն ավելի շատ հայտնի է «Կամուրջի Հակոբ» մականվամբ: