«Վարագույրը պետք է պատռվի, և աշխարհին ցույց տանք, որ կարող ենք հանրաքվե ու ընտրություններ իրականացնել». Դավիթ Գալստյան

Հունվարի 26-ին Արցախի ԱԺ պետաիրավական մշտական հանձնաժողովի նիստում տեղի է  ունեցել «Արցախի Հանրապետության Սահմանադրության փոփոխության մասին» օրենքի նախագծի քննարկումը։

Արցախի Հանրապետության ԱԺ «Արդարություն» խմբակցության ղեկավար Դավիթ Գալստյանը 168.amի հետ զրույցում անդրադառնալով Արցախում սպասվելիք սահմանադրական փոփոխություններին՝ տեղեկացրեց, որ արդեն ձևավորվել է հանձնաժողով, որը պետք է ներկայացնի հայեցակարգ, իսկ դրանից հետո պետք է մշակվեն Սահմանադրության փոփոխությունները և կազմակերպվի հանրային քննարկում, որից հետո էլ տեղի կունենա հանրաքվե։

«Այստեղ մենք դրել ենք այն կարևոր հարցը, որ պետք է խորհրդարանական և նախագահական ինստիտուտներն առանձնացվեն։ Մենք տեսանք, որ այս տեսակ մոդելի Սահմանադրությունը, որը որևէ այլ երկրում չկա, ճգնաժամային իրավիճակներում չի աշխատում։

Այսօր մեր պարտված իշխանությունը թաքնվում է հենց այդ վարագույրի հետևում, որ Սահմանադրությունը չենք կարող ոտնահարել, այն դեպքում, երբ իրենք այն ոտնահարելով՝ Արցախի 75 տոկոսը նվիրել են Ադրբեջանին։ Այդ վարագույրը պետք է պատռվի, առանձնացվի, և աշխարհին ցույց տանք, որ կարող ենք հանրաքվե ու ընտրություններ իրականացնել»,- նշեց Դավիթ Գալստյանը։

Հարցին, թե ինչո՞ւ մինչև հիմա սահմանադրական փոփոխություններ չէին արվում, Դավիթ Գալստյանը պատասխանեց, որ մինչև այսօր իշխանություններն ավելի մեծ մտավախություններ ունեին, որ կարող է չհայտնվեն խորհրդարանում, սակայն որոշակի «սոցիալական կաշառք» բաժանելով՝ տպավորություն են ստացել, թե կարող են վերարտադրվել։

«Ժամանակ ձգձգելով և ամեն ինչ բերելով ու հասցնելով այս ժամկետներին՝ Արցախում իշխանությունը վերարտադրվելու հույս ունի։ Բայց թույլ չենք տալու նրանց վերարտադրվել։ Մենք 2020 թվականին պատրաստ էինք կանգնելու, որպեսզի Արցախը չկորցնենք, և պատրաստ ենք նաև այսօր տեր կանգնելու՝ ոչ միայն մեր ունեցածը պահելու, այլև տեղահանված բնակիչներին հնարավորություն ընձեռելու վերադառնալ իրենց հայրենիք»,- եզրափակեց Դավիթ Գալստյանը։

Տեսանյութեր

Լրահոս