«Քառյակ մեդիան» դադարեցնում է գործունեությունը
«Քառյակ մեդիայի» հիմանդիրները հայտարարություն են տարածել, որում ասվում է․
«ArmNews-ի հարգելի՛ հեռուստադիտողներ, Tert.am-ի ընթերցողներ, ArmNews FM ռադիոյի ունկնդիրներ,
Երկար ժամանակ մենք կանգնած էինք ծանր որոշման առաջ՝ ինչպես շարունակել մեր գործունեությունը։ Այս ընթացքում ստացել ենք գործակցության բազմաթիվ քաղաքական առաջարկներ ու մերժել, քանի որ դրանք տարբերվել են մեր սկզբունքներից։
Մենք քննարկել ենք նաև վաճառքի մի քանի առաջարկներ, բայց չի հաջողվել գտնել այնպիսիք, որոնք թույլ կտային պահպանել որդեգրած քաղաքականությունն ու հավատարիմ մնալ անցած ճանապարհին: Այդ պատճառով կայացրել ենք մեզ համար ցավալի, բայցև ամենաբնական որոշումը. «Քառյակ մեդիան» դադարեցնում է գործունեությունը։
Վերջին 3.5 տարիներին թիմն արել է ուժերի ներածին չափով առավելագույնը՝ կանխատեսելով, պատմելով, բացատրելով, բացահայտելով և զգուշացնելով առկա և սպասվելիք իրողությունների մասին. վեր են հանվել խնդիրներն ու ներկայացվել փաստերը՝ քաղաքական, հասարակական և պատերազմական գործընթացների ամենաթեժ կետերից: Թե որքան պրոֆեսիոնալ, նվիրումով և անձնուրաց ենք աշխատել, թողնում ենք հանրության դատին:
Հայաստանում իրականությունը և սկզբունքներն այլևս, ցավոք, երկրորդական են դարձել. առաջնային են երևույթներ, որոնք աղերս չունեն մեր հավատամքի և էության հետ։ Իսկ մեդիան, որպես փաստերի հայթայթման և լուսաբանման հարթակ, իրեն էապես սպառել է, որովհետև այլևս չկան չպարզաբանված փաստեր ու էական հանգամանքներ. բոլորը բոլորի մասին ամեն ինչ գիտեն:
Համընդհանուր չեզոքությունը, հանրային ապատիան, քաղաքական դերակատարների անհիմն պասիվությունը, քաղաքական պայքարի ինքնանպատակ լինելը մեզ չեն թողնում այլ ընտրություն։
Մենք չենք հեռանում, բայց առկա և առաջարկվող օրակարգերը մերը չեն. առնվազն այս ձևաչափով ու գործիքակազմով աշխատելը ճիշտ չէ առաջին հերթին ինքներս մեզ համար, ուստի, մեր որոշումը թեև չափազանց ցավոտ, բայց ազնիվ է:
Մնացեք բարով, ցտեսություն:
Հարգանքով՝
«Քառյակ մեդիայի» հիմնադիրներ»։
Հիշեցնենք, որ «Քառյակ մեդիան» հիմնադրվել է 2019 թվականի փետրվարի 1–ին։ Ընկերության կազմի մեջ են մտնում «Արմնյուզ» հեռուստաընկերությունը, Tert.am լրատվական կայքը և ArmNews FM ռադիոն։