Չավուշօղլուն ցանկանում է, որ հայ-թուրքական բանակցությունները Հայաստանում ու Թուրքիայում անցկացվեն
Թուրքիայի ԱԳՆ-ի ղեկավար Մևլութ Չավուշօղլուն անդրադարձել է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացին և դրա վերաբերյալ Ադրբեջանի դիրքորոշմանը: Այդ հարցերի մասին, ըստ ermenihaber.am-ի՝ Չավուշօղլուն խոսել է թուրքական TRT-ի հետ զրույցում:
Չավուշօղլուն պատասխանելով լրագրողի այն հարցին, թե ինչպես են Ադրբեջանում վերաբերվում հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացին, պնդել է, թե «Ադրբեջանում որևէ անհանգստություն չի առաջացնում, ճիշտ հակառակը՝ Ադրբեջանն աջակցում է այս գործընթացին»։
Միաժամանակ նա նկատել է տվել, որ Թուրքիան առանց Ադրբեջանի հետ համակարգելու, ոչինչ չի անելու:
Չավուշօղլուի խոսքերով, Ադրբեջանը նախընտրում է, որ Թուրքիան ու Հայաստանը շփվեն առանց միջնորդների:
«Փաշինյանը ընտրություններում հաղթանակից հետո կարևոր ուղերձներ հղեց, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն էլ դրանց դրական արձագանքեց, այնուհետև շփումներ տեղի ունեցան, նշանակվեցին հատուկ ներկայացուցիչներ, որոնք Մոսկվայում հանդիպեցին, Հիմա էլ փետրվարի 24-ին Վիեննայում են հանդիպելու»,- ասել էր Չավուշօղլուն:
Նա նշել է, որ թուրքական կողմը կցանկանար, որ առաջին հանդիպումից հետո հատուկ ներկայացուցիչները Հայաստանում և Թուրքիայում հանդիպեին:
«Բայց Հայաստանն այս անգամ էլ այդպես ցանկացավ՝ խնդիր չէ: Այդքան էլ կարևոր բան չէ»,- եզրափակել է Թուրքիայի ԱԳՆ-իղեկավարը: