Վրացական «Իմեդի» հեռուստաընկերությունը ներողություն է խնդրել. ՀՀ-ի դեսպանությունն արձագանքել է խնդրահարույց գրություններին
Վրաստանում Հայաստանի դեսպանության ուշադրության կենտրոնում է վրացական «Իմեդի» հեռուստաընկերության եթերում Հայաստանին առնչվող խնդրահարույց գրությունների հարցը: Դեսպանության արձագանքի շնորհիվ հեռուստաընկերությունը պաշտոնապես ներողություն է խնդրել:
«Փետրվարի 9-ին վրացական «Իմեդի» հեռուստաընկերության 20։00-ի «Քրոնիկոն» լրատվական հաղորդման ընթացքում սյուժեներից մեկում օգտագործված լուսանկարի վրա պատկերված են եղել խնդրահարույց և անընդունելի գրություններ։ Խնդրի առնչությամբ Վրաստանում ՀՀ դեսպանությունը անմիջապես կապ է հաստատել Վրաստանի արտաքին գործերի նախարարության հետ և հարցի առնչությամբ պարզաբանում խնդրել։ Փետրվարի 10-ին «Իմեդի» հեռուստաընկերությունը պաշտոնապես ներողություն է խնդրել տեղի ունեցած միջադեպի համար»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասված է Վրաստանում Հայաստանի դեսպանության հաղորդագրությունում:
Դեսպանությունը հրապարակել է «Իմեդի» հեռուստաընկերության պաշտոնական կայքում հրապարակված տեքստը:
« «Իմեդի» հեռուստաընկերությունը ներողություն է հայցում տեխնիկական սխալի համար: «Քրոնիկոն»-ի 20։00-ի հաղորդման ընթացքում տեղի է ունեցել սխալ։ Մասնավորապես, «Վրացական մածոնին ընդդեմ մածունի» սյուժեի ցուցադրության ընթացքում օգտագործված լուսանկարի վրայի գրությունը չի համապատասխանել բնօրինակին։ «Իմեդի» հեռուստաընկերության տեղեկատվական ծառայությունը պարզաբանում է, որ դա եղել տեխնիկական սխալ, ափսոսանք է հայտնում և ներողություն է հայցում թույլ տված սխալի համար։ Սյուժեի այդ հատվածը կհեռացվի Հոլդինգի բոլոր սոցիալական հարթակներից»,-ասված է տեքստում:
Սոցիալական ցանցում աղմուկ էր բարձրացել այն հարցի առնչությամբ, որ մածունի արտահանման արգելքի մասին հեռուստաընկերության տեսանյութում հաղորդավարների հետին պլանում ապակյա տարաների վրա հայերեն տառերով գրված է եղել «Ղարաբաղը Ադրբեջան է», «Տոլման նույնպես ադրբեջանական է»։