Պեկին-2022. Ռաֆայել Հարությունյանը`Օլիմպիական խաղերի չեմպիոն Չենի հետ աշխատանքի մասին
Պեկինի Օլիմպիական խաղերի տղամարդկանց գեղասահքում մենասահքի չեմպիոն Նեյթոն Չենի մարզիչ Ռաֆայել Հարությունյանը խոսել է իր սանի գրանցած հաջողության մասին:
«Եթե Նեյթանը չզբաղեցներ առաջին տեղը, ապա ես կտխրեի: Նույնիսկ, եթե նա լիներ երկրորդը կամ երրորդը, միևնույնն է` ես չէի ուրախանա այդ հաջողությունից: Հիմա ես երջանիկ եմ: Նեյթանն արեց դա, ես ինքս ինձ համար էլ արեցի դա»,- ասել է Հարությունյանը:
Վերջինս պարզաբանել է, թե ինչու է իր և սանի աշխատանքը այդքան հաջող ստացվում` առանձնացելով, որ ինքն անկեղծորեն է խոսում իր աշակերտների հետ:
«Նեյթոնին դուր է գալիս անկեղծությունը, չի սիրում, երբ ասում են՝ շատ լավ աշխատանք կատարեցիր»,-շեշտել է նա:
Գեղասահորդ Նեյթան Չենը` Հարությունյանի սանը, դարձավ Օլիմպիական խաղերի չեմպիոն: Տղամարդկանց ազատ վարժության ժամանակ Չենը վաստակեց 218,63 միավոր և ընդհանուր 332,60 միավորով դարձավ Օլիմպիական խաղերի չեմպիոն: Չենը համաշխարհային ռեկորդ էր սահմանել կարճ ծրագրում` 113,97 միավորով: Ռաֆայել Հարությունյանը Նեյթան Չենի հետ սկսել է աշխատել 2011 թվականից: Այս ընթացքում Չենը դարձել է աշխարհի եռակի չեմպիոն, ինչպես նաև Օլիմպիական խաղերի թիմային հաշվարկի բրոնզե մեդալակիր: