«Ավտոմեքենայից ավտոմատը որ ուղղված էր, ժողովրդի վրա չէր ուղղված, չէ՞». Անդրանիկ Քոչարյան

Փետրվարի 9-ին խորհրդարանում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, թե Հայաստանում իրադարձություններ են տեղի ունեցել, և արդյոք որևէ մեկն իրեն ավտոմատով տեսե՞լ է փողոցներում քայլելիս։

Նիկոլ Փաշինյանի այս հայտարարությունից հետո ֆեյսբուքյան օգտատերերը, լրատվամիջոցները սկսեցին հրապարակել Նիկոլ Փաշինյանի նկարներից մեկը, երբ Դեմիրճյան փողոցով անցնելիս նրան սպասարկող մեքենայից անվտանգության աշխատողն ավտոմատի փողն ուղղել էր ժողովրդի վրա։

Այսօր 168.am-ը խորհրդարանում խմբակցությունների ճեպազրույցի ժամանակ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանից հետաքրքրվեց, թե ինչպե՞ս կմեկնաբանի այս ամենը, չէ՞ որ  Նիկոլ Փաշինյանի անվտանգության աշխատողն ավտոմատն ուղղել էր Դեմիրճյան փողոցում գտնվող ժողովրդի վրա։

«Դուք տեսել եք ավտոմատի փողը, բնական է, անվտանգության աշխատակիցները զինված են, և իրենք ունեն հստակ գործառույթներ։ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ ինքը երբեք ավտոմատով ժողովրդի առաջ հանդես չի եկել, և ինքը կոնկրետ նշեց, թե ինքն ինչի համար է դա հնչեցնում, բոլորն էլ հասկացան, թե ինչի մասին է խոսքը։ Ավտոմեքենայից ավտոմատը որ ուղղված էր, ժողովրդի վրա չէր ուղղված, չէ՞»,- նշեց նա։

Դիտակմանը, որ Դեմիրճյան փողոցում այդ ժամանակ բազմաթիվ մարդիկ էին հավաքվել, Անդրանիկ Քոչարյանը նկատեց՝ փողոցում ժողովուրդ էլ կա, մեքենա էլ կա, հանցագործ էլ կա, ինչ ասես՝ կա։

«Ավտոմատը պարզապես իր համար անհրաժեշտ վիճակում է գտնվում, եթե անհրաժեշտ է լինում դա կիրառել։ Տա Աստված, որ այդ անհրաժեշտությունը երբևիցե չլինի։ Իսկ Նիկոլ Փաշինյանն ընդամենն արձանագրել է, որ ժողովուրդն իրեն երբեք ավտոմատով չի տեսել»,- շեշտեց Անդրանիկ Քոչարյանը։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս