«Միայն ՔՊ-ից պետք է լինես, որ նկատես Թուրքիայից եկող դրական ազդակները». Հայկ Մամիջանյան

Երեկ ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն անդրադառնալով հայ-թուրքական հարաբերություններին՝ նշեց, որ պաշտոնական Անկարայից եկող ազդակները, ակնարկներն առավելապես դրական կոնտեքստի մեջ են, և իրենց ակնկալիքներն էլ այդպես են։

168.am-ն այսօր ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Հայկ Մամիջանյանից հետաքրքրվեց, թե որպես ընդդիմություն՝ Թուրքիայից եկող ի՞նչ դրական ազդակներ են տեսել։

«Ամռանը և աշնանը Թուրքիայի նախագահը բազմիցս հայտարարել է, որ նախ՝ նախորդիվ հրապարակված թուրքական կողմի նախապայմաններն ուժի մեջ են, և դրանց ավելացել է ևս մեկը, այսպես կոչված՝ «միջանցքային» տրամաբանության ցամաքային կապի տրամադրումն Ադրբեջանին և Նախիջևանին։ Թուրքիայի փոխնախագահն իրենց խորհրդարանում հայտարարել է, որ Թուրքիայի հատուկ ծառայություններն ակտիվորեն ներգրավված են եղել 44-օրյա պատերազմում։ Դրանից հետո Չավուշօղլուն հայտարարել է, որ օդային կապի վերականգնման հարցում, խոսքը վերաբերում է Երևան-Ստամբուլ ավիաչվերթին, իրենք խորհրդակցել են և հավանություն են ստացել Ադրբեջանից։ Հետևաբար՝ հետագայում էլ ողջ գործընթացում իրենք բանակցելու են իրենց համար եղբայրական համարվող պետության հետ։ Այս ազդակներն են «դրական»։ Դրանք դրական ընկալելու համար պետք է ՔՊ-ից լինես, որպեսզի կարողանաս այդ ազդակները որպես դրական ընկալես»,- նշեց Հայկ Մամիջանյանը։

Ըստ նրա, այլ ազդակներ Թուրքիայի որևէ պետական ինստիտուտից չի տեսել։

«Նախորդիվ փորձը ցույց է տվել, որ երբ Նիկոլ Փաշինյանը որևէ երկրից դրական ազդակ է տեսնում, մենք շատ լուրջ հողային և մարդկային կորուստներ ենք ունենում տվյալ երկրի հետ հարաբերություններում։ Այնպես որ, ես սարսափում եմ պատկերացնել, թե ինչ է լինելու այս ազդակների վերջը»,- եզրափակեց Հայկ Մամիջանյանը։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս