Բաժիններ՝

29-ամյա երիտասարդը խոստովանել է, որ տարբեր օրերի 6 այլ գողություններ է արել

Օրերս ոստիկանության Սյունիքի մարզային վարչության ենթակա ստորաբաժանումներում արձանագրվել են տարբեր հանցագործությունների բացահայտման և ապօրինի պահվող զենք-զինամթերքի հայտնաբերման դեպքեր։ Մասնավորապես, ոստիկանության Սիսիանի բաժնի քրեական հետախույզները օպերատիվ տվյալներ էին ստացել, որ Սիսիանում բնակվող 27-ամյա մի երիտասարդ իր հողամասում կանեփ է աճեցնում։

Փետրվարի 1-ին կատարված զննությամբ հայտնաբերվեցին մարիխուանայի նմանվող զանգվածներ՝ ընդհանուր 320 գրամից ավելի քաշով։ Ոստիկանության Սիսիանի բաժնի հերթապահ մասի ծառայողների արդյունավետ բացատրական աշխատանքի շնորհիվ էլ բաժնում արձանագրվել է ապօրինի պահվող «Կալաշնիկովի» ինքնաձիգի կամավոր հանձնման դեպք։

Բացի այդ, բաժնի թույլտվության համակարգի տեսուչի կողմից Դաստակերտ գյուղի բնակիչներից մեկի տանը հայտնաբերվել են ինքնաձիգի փամփուշտներ։ Ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման առումով արդյունավետ էր նաև ոստիկանության Մեղրիի և Գորիսի բաժինների ծառայողների բացատրական աշխատանքը, ինչի շնորհիվ այդ բաժիններում արձանագրվել են «Կալաշնիկովի» ինքնաձիգների կամավոր հանձնման դեպքեր։ Բացի այդ, Գորիսի համայնքային ոստիկանները փետրվարի 5-ին բացահայտել են ապօրինի ծառահատման երկու դեպք։

Նրանք բաժնի պահպանվող հատուկ տարածք են տեղափոխել ընդհանուր 5 խորանարդ մետրից ավելի փայտանյութով բարձված «Ֆորդ» մակնիշի բեռնատարներ, որոնց վարորդները բեռի օրինականությունը հաստատող փաստաթղթեր չեն ներկայացրել։ Կապանի բաժնի ծառայողներն էլ բացահայտել են բանկային քարտի գողության դեպք։ Կապանում բնակվող 57-ամյա տղամարդու բանկային քարտը գողացած անձը կանխիկացրել էր 130 հազար դրամ։ Կապանի ոստիկանների միջոցառումներով ոչ միայն հանցագործությունը բացահայտվեց, այլև հայտնաբերվեց կասկածվողը։

Կապանի բնակիչ 29-ամյա երիտասարդը ոչ միայն խոստովանեց այդ դեպքը, այլև հայտնեց, որ տարբեր օրերի 6 այլ գողություններ է արել։ Բացի այդ, Կապանի քրեական հետախույզների բացատրական աշխատանքի շնորհիվ 41-ամյա մի տղամարդ բաժնում կամավոր հանձնել է «Կալաշնիկովի» ինքնաձիգ։ Դեպքերի հանգամանքները պարզվում են։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս