Աղվան Վարդանյանը հորդորում է իշխանություններին դեմ չքվեարկել քաղաքացիների աշխատավարձի բարձրացման նախագծին

Խորհրդարանում «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» օրենքում փոփոխություն կատարելու նախագիծը ներկայացնելիս՝ հիմնական զեկուցող, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը հիշեցրեց՝ նախագծով առաջարկվում է նվազագույն աշխատավարձը 68.000 դրամից դարձնել 100.000 դրամ:

«Հիմնավորումը՝ սպառողական նվազագույն զամբյուղի արժեքն այսօր 73․400 դրամ է. մեկ տարում աճել է 21.7 տոկոսով, թանկացել է ջուրը, գազը, լույսը, սպառողական գներն աճել են 7. 2 տոկոսով,   սննդամթերքը՝ 11.7 տոկոսով: Սա դեռ՝ վիճակագրությունը:

Վերանայված սոցիալական խարտիան թելադրում է, որ ցանկալի է՝ նվազագույն և միջին աշխատավարձի հարաբերակցությունը լինի 60 տոկոս, և չի կարող 40 տոկոսից ցածր լինել»,- հավելեց պատգամավորը:

Անդրադառնալով կառավարության կողմից դիտարկվող ռիսկերին՝ նա հիշեցրեց 2019թ.  նվազագույն աշխատավարձի բարձրացման վերաբերյալ կառավարության եզրակացությունից մի հատված, որով գործադիրը փաստում էր՝ «ինչպես տնտեսական ցանկացած բարեփոխում, այս փոփոխությունները հղի են մի շարք վտանգներով, սակայն դրանք մեծ ազդեցություն չեն ունենա տնտեսության վրա, քանզի սպասվող դրական փոփոխություններն ավելի էական են»:

«Սա մեջբերում է այս կառավարության 2019 թվականի եզրակացությունից,  երբ դառնում էր 68.000: Այսօր նույն կառավարությունն ասում է հակառակը. նույն կառավարությունը հերքում է իր ասածները:

Խնդրի բուն էությունը. Տասնյակ-հազարավոր մեր քաղաքացիներ աշխատում են, բայց ծայրը ծայրին չեն հասցնում՝ աղքատ են: Այս կառավարությունը եկել էր նրանց բարեկեցությունը  բարձրացելու, աղքատությունը վերացնելու խոստումով»,- նշեց Աղվան Վարդանյանը:

Հիշեցնենք, որ նախագիծը քննարկվել էր գլխադասային հանձնաժողովում և ստացել բացասական եզրակացություն:

Տեսանյութեր

Լրահոս