«Պարոն Արղամանյանը պիոների պես կատարեց իր հանձնարարությունը և կալանավորեց Բորիս Բախշիյանին». Երեմ Սարգսյան

Փետրվարի 3-ին Երևան քաղաքի դատարանի «Աջափնյակ-1» նստավայրում սկսվեց Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Բորիս Բախշիյանի` կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու գործով դատական նիստը, սակայն փաստաբաններն ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրեցին գործը քննող դատավոր Դավիթ Արղամանյանին։

«Մենք համարում ենք, որ քանի որ ձեռքով է այս գործը մակագրվել Դավիթ Արմաղանյանին, ինչը շատ կանխատեսելի էր, այս դատարանը չի կարող համարվել օրենքի ուժով ստեղծված»,- նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց դատավոր Բորիս Բախշիյանի փաստաբանական թիմի անդամ Երեմ Սարգսյանը:

Փետրվարի 4-ին Երեմ Սարգսյանն ասել էր, որ իրենց միջնորդությունը մերժվել է. դատավորը գտել է, որ կալանքի քննության հարցն այն հարցը չէ, երբ անպայման պետք է գործը դատավորին հասնի էլեկտրոնային մակագրման տեսքով:

Պաշտպանական թիմը սակայն ինքնաբացարկի նոր միջնորդություն էր ներկայացրել՝ պայմանավորված Դավիթ Արղամանյանի քաղաքական հայացքներով:

«Մամուլում բազմաթիվ հրապարակումներ կան այն մասին, որ Բորիս Բախշիյանին պատժում են, քանի որ նա կալանքից ազատել է Քաջարան համայնքի ղեկավար Մանվել Փարամազյանին, Գորիսի փոխքաղաքապետին, «Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանին, իսկ այդ անձինք համարվում են ընդդիմադիր հայացքներ ունեցող գործիչներ:

Աշոտ Մինասյանի վերաբերյալ անգամ ԱԱԾ-ի տեղեկանքը կա: Ընդ որում, երբ նախորդ փուլում այլ դատավոր ազատ արձակեց Աշոտ Մինասյանին, արդարադատության նախարարն անմիջապես կարգապահական վարույթ հարուցեց նրա նկատմամբ: Այսինքն՝ այս գործերը իշխանության հետաքրքրության ոլորտում են, իսկ այդ դեպքում մի հետաքրքիր հանգամանքի վրա պետք է կենտրոնանալ»,- ասաց Երեմ Սարգսյանը՝ հիշեցնելով, որ գործը քննող դատավոր Դավիթ Արղամանյանը հանդիսացել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության իրավախորհրդատուն, եղել է Սուրեն Պապիկյանի օգնականը, մտերիմ հարաբերություններ ունի ՔՊ-ականների հետ, մշտապես Ֆեյսբուքում հանդես է եկել գրառումներով, որոնցում ի ցույց է դրել իր քաղաքական հայացքները:

Ըստ փաստաբանի՝ այս պարագայում մտածել, որ գործը պատահական է տրվել Դավիթ Արղամանյանին, միամտություն կլինի: Ընդհակառակը, օբյեկտիվ կասկածներ կան, որ գործը հատուկ է տրվել նրան:

Դատավորը մերժեց նաև այդ միջնորդությունը և շարունակեց քննել նախաքննական մարմնի ներկայացրած միջնորդությունը:

Քիչ առաջ հայտնի դարձավ, որ Դավիթ Արղամանյանը կալանավորման որոշում է կայացրել Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Բորիս Բախշիյանի նկատմամբ:

«Պարոն Արղամանյանը պիոների պես կատարեց իր հանձնարարությունը և կալանավորեց Բորիս Բախշիյանին: Որոշմանը ծանթացանք ու ուզում ենք հասկանալ՝ ինչի համար, ինչ է գրել: Իմաստ չկա, իհարկե, ոչինչ փնտրելու: Պետք է նշել, որ արդարադատությունը բռնաբարեցին այսօր մի խումբ իշխանավորներ: Ժողովրդավարությունը գլորվեց անդունդ»,- ասաց Բորիս Բախշիյանի փաստաբան Երեմ Սարգսյանը:

Ըստ նրա՝ երբ որոշման մեջ տեսնում են՝ ինչի համար է Դավիթ Արղամանյանը կալանավորել Բախշիյանին, որտեղ է տեսել հիմնավոր կասկած, պետք է նկատել, որ ինքն ամեն օր նույն բանն անում է:

Տեսանյութեր

Լրահոս