Բաժիններ՝

Հայաստանում փորձը չի փոխանցվում, մնում է, կորում, հետո ասում ենք՝ ինչ-որ մի ուղղություն ուղղակի անհետացավ տվյալ ոլորտում. Արսեն Գասպարյան

ՀՀ ԳԱԱ Թախտաջյանի անվան բուսաբանության ինստիտուտի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Արսեն Գասպարյանը: 

Նա սովորել է Երևանի պետական համալսարանի կենսաբանության ֆակուլտետում, դոկտորանտուրան անցել է Բեռլինի Ազատ համալսարանում, պաշտպանել է «Էպիֆիտային քարաքոսերի բազմազանությունը և պահպանությունը Հայաստանում» դոկտորական թեզը: Եղել է նույն համալսարանի բուսաբանական գիտությունների «Դալեմ» գիտահետազոտական կենտրոնի անդամ:

Տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարից փորձեցինք պարզել, թե ի՞նչ փոփոխություններ է նախատեսում, ի՞նչ ծրագրեր կան, արդյո՞ք փորձելու է լուծել շենքի վերանորոգման հարցը, նա պատասխանեց, որ ծրագրերի հետ կապված՝ ժամանակ է անհրաժեշտ, քանի որ անձնակազմի հետ պետք է քննարկեն, հասկանան, թե ուր և ինչպես են շարժվում:

«Ինչ վերաբերում է շենքային պայմաններին, ապա Գիտության կոմիտեի ծրագրերով մինչև ժ/պ նշանակվելն արդեն իմ լաբորատորիան վերականգնել էի: Ինստիտուտում այլ թեմատիկ ծրագրեր կան, որոնցով վերանորոգում նախատեսված է: Այսինքն, ոչ մեծածավալ, բայց փոքր գործընթաց կա այս պահին: Հուսամ՝ կավելանա, որովհետև այո, շենքերն անմխիթար վիճակում են գտնվում, ու եթե ցանկանում ենք երիտասարդներին ներգրավել, պետք է շենքային պայմանները ևս բարելավել: Գիտության կոմիտեից շուրջ 20 միլիոն դրամի դրամաշնորհ ենք ստացել, որով նոր լաբորատորիա ենք ստեղծում, սակայն հավելյալ գումար է անհրաժեշտ, ու հիմա ֆոնդեր հայթայթելով ենք զբաղված:

Մեր ամերիկահայ գործընկերների՝ Հայ սնկաբանների միջազգային կոնգրեսի (ICAM) կողմից մեկնարկել է դրամահավաք, որի արդյունքներով՝ ՀՀ ԳԱԱ Ա. Թախտաջյանի անվան բուսաբանության ինստիտուտում կստեղծվի մոլեկուլային կարգաբանական և ֆիլոգենետիկ հետազոտությունների լաբորատորիա: Այդ նպատակով մեզ անհրաժեշտ է հավելյալ շուրջ 10 մլն դրամ: Լաբորատորիայի ստեղծման աշխատանքներին աջակցելու արդյունքում միջազգային բարձր մակարդակի մոլեկուլային հետազոտությունների համար կստեղծվեն պայմաններ»,- մեզ հետ զրույցում ասաց Արսեն Գասպարյանը:

Խոսելով երիտասարդ գիտնականներին ներգրավելու մասին՝ բուսաբանության ինստիտուտի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարը նկատեց. «Ինստիտուտում կա գիտելիքի շտեմարան, փորձի որոշակի հնարավորություն, որը պետք է փոխանցվի: Հայաստանում այդ խնդիրը կա. փորձը չի փոխանցվում, մնում է, կորում, հետո ասում ենք՝ ինչ-որ մի ուղղություն ուղղակի անհետացավ տվյալ ոլորտում: Մեր նպատակներից մեկն է նաև երիտասարդներին ներգրավելը, որը հիմա բարդ է: Այլընտրանքները շատ են, օրինակ, տեխնոլոգիական ոլորտում երիտասարդներին ավելի բարձր աշխատավարձ են տալիս, և մրցակցության մեջ բոլոր գիտական հիմնարկները տուժում են: Խելացի երիտասարդները, ովքեր գիտության մեջ առաջ գնալու պոտենցիալ ունեն, ավելի շատ տեխնոլոգիական ոլորտ են գնում: Դա նորմալ գործընթաց է, հարցին ուրիշ ձևով պետք է վերաբերվենք, տեսնենք, թե ինչպես կարող ենք մեր հնարավորություններն ավելացնել, հետաքրքիր դարձնել, ավելի բարձրացնել աշխատավարձերը և այլն: Պետք է երիտասարդին հետաքրքրել, որ տեսնի՝ այստեղ ունի ապագա»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս