Մեկնարկեց սահմանադրական բարեփոխումների խորհրդի անդրանիկ նիստը. բացակա է միայն ՄԻՊ-ը
Այսօր տեղի է ունենում սահմանադրական բարեփոխումների խորհրդի առաջին նիստը: Այն վարում է արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը, ով տեղեկացրեց, որ խորհրդի բոլոր անդամները, բացառությամբ Մարդու իրավունքների պաշտպան (ՄԻՊ) Արման Թաթոյանի, ներկա են:
Արդարադատության նախարարը նաև հայտնեց, որ հրավեր է եղել խորհրդարանական ընդդիմությանը, ովքեր, սակայն, քաղաքական որոշման արդյունքում հրաժարվել են մասնակցել սահմանադրական բարեփոխումների խորհրդի աշխատանքներին:
«Չկա որևէ գաղտնի օրակարգ, որը դրված է իմ կամ խորհրդի որևէ անդամի առջև, թե Սահմանադրությունը կարվում է այս կամ այն նպատակով»,- ասաց Կարեն Անդրեասյանը՝ նշելով, որ իր սպասումները փոփոխություններից վեթինգի հնարավորությունն է, իշխանության թևերի բալանսավորումը, դատարանների իրավասության խնդիրը:
Նշեց նաև, որ գործող Սահմանադրության հեղինակները, պայմանավորված քաղաքական իրողություններով, հարկ չեն համարել տեքստային խմբագրումներ անել, և դրա համար էլ այն ունի տեքստային խնդիրներ:
Արդարադատության նախարարի խոսքից հետո խորհրդի անդամները հանդես եկան ողջույնի խոսքով:
Հիշեցնենք, որ սահմանադրական բարեփոխումների խորհրդի կազմում են Կարեն Անդրեասյանը (խորհրդի նախագահ), Եղիշե Կիրակոսյանը, Վլադիմիր Վարդանյանը, Քրիստինե Գրիգորյանը, Վիգեն Քոչարյանը, Վահագն Հովակիմյանը, Էդմոն Մարուքյանը, Միքայել Մելքոնյանը, Արթուր Սաքունցը, Տիգրան Եգորյանը, Դանիել Իոաննիսյանը:
Հաջորդիվ Կարեն Անդրեասյանը լրագրողներին ու նիստին հետևող հանդիսատեսներին (ըստ նախարարի) տեղեկացրեց, որ անկախ նրանից՝ այսօրվա նիստի օրակարգը կսպառե՞ն, թե՞ ոչ, աշխատանքները կավարտեն 18:00-ին:
Կազմակերպական, տեխնիկական հարցերի դիտարկումը շարունակվեց օրակարգային հարցերի ընդգրկման քննարկմամբ:
Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի գրասենյակի ղեկավար Եղիշե Կիրակոսյանը միաձայն ընտրվեց Սահմանադրական բարեփոխումների խորհրդի փոխնախագահ: