Կառավարությունը մաքսատուրքից ազատեց «Ռոյալ Գլաս Գրուպ»-ին և «Ջերմուկ Գրուպ»-ին
Կառավարությունը գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի նկատմամբ սակագնային, մասնավորապես, ներմուծման մաքսատուրքից ազատեց «Ռոյալ Գլաս Գրուպ» և «Ջերմուկ Գրուպ» ընկերություններին:
«Ռոյալ Գլաս Գրուպ» ընկերությունը նախատեսում է ներմուծել մրգատու ծառերի տնկիներ և մեկ-երկու տարիների ընթացքում հիմնել ևս շուրջ 20 հա պտղատու այգիներ:
Այգիների ընդլայնման արդյունքում կգրանցվի արտահանման ծավալների աճ և արտահանման շուկաներում ավելի մրցունակ կդառնա արտադրանքի գինը: «Արտահանման ծավալների ընդլայնումը կնպաստի արտահանման շուկաներում հայկական խնձորի և ընդհանրապես հայկական արտադրանքի դիրքի ամրապնդմանը, կայուն մատակարարման ապահովմանը և արտադրանքի նկատմամբ վստահության ավելացմանը: Մրգերի մեծ ծավալով արտադրությունը հնարավորություն կտա ավելի մատչելի դարձնել խնձորի գինը տեղական շուկայում, ինչպես նաև մեղմել դրանց գների սեզոնային տատանումները:
Արդեն իսկ իրականացվել է 807 մլն դրամի ներդրում։ Ծրագրի շրջանակում նախատեսվում է իրականացնել 300 մլն դրամի ներդրում՝ պտղատու այգիներ հիմնելու նպատակով: Նախատեսվում է ներդրումային ծրագրի շրջանակում ստեղծել 10 նոր աշխատատեղ` մինչև 140,000 դրամ միջին աշխատավարձով։
Ծրագրով նախատեսված արտադրանքի 50-80 տոկոսը նախատեսվում է արտահանել:
Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 50 մլն դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 2․5 միլիոն դրամ»,- նշված է նախագծում:
Ներմուծվող ապրանքները չեն ներմուծվում ԵԱՏՄ անդամ-երկրներից, քանի որ չեն բավարարում ընկերության տեխնիկական պահանջներին։
«Ջերմուկ Գրում» ընկերության կողմից ներմուծվող հումքը օգտագործվելու է պոլիէթիլային ջերմակցման թաղանթի արտադրության համար:
«Արդեն իսկ իրականացվել է 70․7 մլն դրամի ներդրում ջերմակցված թաղանթ փաթեթավորող սարքի ձեռքբերման համար։ Ծրագրի շրջանակում նախատեսվում է իրականացնել 3․9 մլրդ դրամի ներդրում հումքի ձեռքբերման համար: Նախատեսվում է ներդրումային ծրագրի շրջանակում ստեղծել 3 նոր աշխատատեղ` մինչև 285,000 դրամ միջին աշխատավարձով։ Ծրագրով նախատեսված արտադրանքի 80 տոկոսը և ավելին նախատեսվում է արտահանել ԱՄՆ, ԱՄԷ, ԵՄ, Վրաստան և այլ երկրներ:
Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 3․8 մլրդ դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 249․6 մլն դրամ»,- նշված է նախագծում: