Ուրացումի հիսուն երանգները

Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը դեմքի լայն ժպիտով հայտարարում է, որ Հայաստանը կարող է մասնակցել Անթալիայի դիվանագիտական համաժողովին։ «Ես այդտեղ խնդիր չեմ տեսնում, դրական երանգներ հաղորդելուց բացի, այլ բան չկա»,- անվրդով ավելացնում է մեկը, ում 2020 թվականի նոյեմբերի 9-ին անթույլատրելիորեն ծեծի ենթարկեցին այն պատճառով, որ Թուրքիան բայրաքթարներ էր ուղարկել Արցախի դեմ ու սպանել հազարավոր հայ երիտասարդների։ Հիմա Արարատ Միրզոյանը չի թաքցնում ոգևորությունը, որ հնարավորություն է ստեղծվել մեկնելու Անթալիա ու «դրական երանգներ հաղորդելու» մի երկրի, որի անմիջական մասնակցությամբ հազարավոր հայեր են սպանվել։

Բայց սա ոչ թե Արարատ Միրզոյանի անձնական, այլ Հայաստանի իշխանության հավաքական մոտեցումն է, Նիկոլ Փաշինյանն ինքը վարչապետի պաշտոնը նույնացրել է Ադրբեջանին ու Թուրքիային դրական ազդակներ հաղորդողի անարժանապատիվ գործի հետ։ Արարատ Միրզոյանը, ահա, երկրորդում է նրան։ Ու որևէ մեկի մտքով չի անցնում մտածելու՝ ինչի՞ առթիվ են «դրական երանգներ» հաղորդելու Թուրքիային՝ անսահմանորեն մեծացած Եռաբլուրի՞, հարյուրավոր հաշմված զինվորների՞, թե՞ հազարավոր անտուն արցախցիների պայծառ ճակատագրի։ Այսինքն՝ Արարատ Միրզոյանը գնալու է Անթալիա՝ բոլոր այս և այլ արհավիրքների համար շնորհակալությո՞ւն հայտնելու Թուրքիային։ Ըստ ամենայնի, այո։ Որովհետև եթե մեկը դե ֆակտո թշնամական երկիր է ուղևորվում՝ «դրական երանգներ հաղորդելու», նշանակում է՝ նա փակված է համարում ընդամենը երկու տարի առաջ կատարված աղետի էջը, ու այն փակված համարելով՝ Թուրքիային այլևս անգամ մեղավոր չի համարում այդ աղետների համար։

Բոլոր այս հարցադրումներն ամենևին չեն նշանակում թշնամանքի խորացում, ինչպես փորձում են ու փորձելու են ներկայացնել Թուրքիայի հետ հարաբերությունների հաստատման հեռանկարից նաև ինքնությունը կորցրած հայ պաշտոնյաները։ Խնդիրն այն է, որ որևէ մեկի հետ արժանապատիվ հարաբերություն չի կարող հաստատվել՝ առանց այդ մեկի կողմից մահացու մեղքերի համար գոնե ապաշխարության կամ դրա քաղաքական դրսևորումների։

Հակառակը՝ այն, ինչ հիմա անում են Հայաստանի իշխանությունները, անարժանապատվություն է ու նվաստացում, ինչը գարշելի է ոչ միայն՝ բարոյական տեսանկյունից, այլ ծնելու է նոր ամենաթողություն ու անպատժելիություն, որովհետև Թուրքիան տեսնելու ու հասկանալու է, որ հարյուր տարին մեկ կարող է կոտորել հայերին ու դրա համար ոչ միայն չպատժվել, այլ արժանանալ կոտորվողների «դրական երանգներին»։

Այս պայմաններում մտածել, որ Արարատ Միրզոյանը կամ որևէ այլ հայ պաշտոնյա Անթալիայում կարող է նույնիսկ փորձել պաշտպանել Հայաստանի շահը, առնվազն անմեղսունակություն է։ Ու ճակատագրի հեգնանքը կամ ողբերգականությունն է, որ հենց Արարատ անունը կրող հայ պաշտոնյան է մեկնելու Անթալիա՝ արդեն նաև Թուրքիայի առաջ կապիտուլյացիան արձանագրելու ու «խաղաղության դարաշրջան» բացելու համար։ Թեև բացառված չէ, որ խորհրդանիշների վրա շեղված Թուրքիան է պահանջել կամ գուցե խորհուրդ տվել, որ հայկականության ուրացման քաղաքականության առաջամարտիկը կրի հենց այն անունը, որն այդքան զգայուն է՝ ինչպես թուրքերի, այնպես էլ՝ հայերի համար։

Իհարկե, բացառված չէ նաև, որ հայկական պատվիրակության պատվին կազմակերպելիք խնջույքի ժամանակ նրան դիմեն Ağrı Dağı անվանումով՝ այդպիսով հաղորդելով պատասխան «դրական երանգները»։

Հարություն Ավետիսյան

Տեսանյութեր

Լրահոս