«Օմիկրոնն ունի տարածվածության բավականին մեծ ցուցանիշ՝ այն կլինի սովորական շրջանառվող վիրուս». Նարեկ Զեյնալյան

ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանի խոսքով՝ այսօր Հայաստանում կորոնավիրուսի թվերը բավականին բարձր են։

«Սա մեծամասամբ օմիկրոն շտամն է, որովհետև օմիկրոնն ունի տարածվածության  բավականին մեծ ցուցանիշ, բայց սրան զուգահեռ՝ բարեբախտաբար,  մահաբերության ցուցանիշը խիստ ցածր է՝ այլ շտամների համեմատ։ Եթե նկատել եք, մահվան թվերը եզակի են, այդքան բարձր հիվանդացության պայմաններում, մահվան թվերը ցածր են։ Ըստ էության, մենք գնում ենք այնպիսի իրավիճակի, որ սա կլինի սովորական շրջանառվող վիրուս ամբողջ երկրագնդով, ինչպես գրիպի սեզոնային վիրուսն է։ Վստահ եմ, որ կգնա դրան, մարդիկ կվարակվեն, կլավանան՝ սովորական հարբուխի տեսքով, հոսպիտալացման կարիք մեծամասամբ չի լինի»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց Նարեկ Զեյնալյանը։

Ըստ նրա, օմիկրոնի տարածվածության պատճառն այն է, որ օմիկրոնի վարակելիության աստիճանը չափազանց բարձր է այլ շտամների համեմատ։

«Այս պահին ցուցանիշներին չեմ տիրապետում, թե մեկ մարդը քանի հոգու կարող է վարակել, բայց համեմատ այլ շտամների, սա բարձր է»,- հավելեց նա։

Ինչ վերաբերում է պատվաստումներին, Նարեկ Զեյնալյանը տեղեկացրեց, որ այսօր Հայաստանում բնակչության մոտ 40 տոկոսը երկու դեղաչափով պատվաստվել է, սակայն այն բավականին ցածր ցուցանիշ է՝ վիրուսի չտարածվելու համար։

«Սա միայն օգնում է, որպեսզի հոսպիտալացման դեպքերը պակասեն, այսինքն՝ նվազում է  առողջապահական համակարգի ծանրաբեռնվածությունը։ Բայց քանի դեռ մենք չունենք 90 և ավելի տոկոս պատվաստում, մենք ունենալու ենք համաճարակային իրավիճակ»,- եզրափակեց Նարեկ Զեյնալյանը։

Տեսանյութեր

Լրահոս