Ունակ չլինելով պատասխանել Ալիևի հնչեցրած տեքստերին՝ ՀՀ վարչապետը առնվազն լռելու փոխարեն, սկսեց զբաղվել դրանց արդարացմամբ․ Տաթևիկ Հայրապետյան

ԱԺ նախորդ գումարման «Իմ քայլը» խմբակցության նախկին պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «ԼՂ բանակցային գործընթացի խեղաթյուրմանը զուգահեռ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վերջին ասուլիսի ժամանակ ևս մեկ վտանգավոր թեզ նետեց շրջանառության մեջ՝ փորձելով հավասարության նշան դնել Ադրբեջանում պետական մակարդակով տասնամյակներ շարունակ տարվող հակահայկական քաղաքականության և 90-ականների հանրային խոսքում հնչած հատուկենտ արտահայտությունների միջև:

Փաշինյանի այս անհեթեթ «խոստովանությունը» արագորեն ողջունեց Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը, այսինքն՝ այդ անհիմն պնդումը դառնում է միջազգային դիսկուրսի մասին՝ իր բոլոր վնասակար հետևանքներով հայկական կողմի համար:

Փաստացի ունակ չլինելով պատասխանել Ալիևի հնչեցրած տեքստերին՝ ՀՀ վարչապետը առնվազն լռելու փոխարեն, սկսեց զբաղվել դրանց արդարացմամբ՝ կրկին մեղքը անցյալի վրա բարդելու իր անհասկանալի տրամաբանության մեջ:

ՀՀ–ում երբեք և ոչ մի ղեկավար ատելության խոսքով և ռազմատենչ հռետորաբանությամբ հանդես չի եկել: Դա անժխտելի փաստ է, իսկ հիմա Փաշինյանը իր անկարող վիճակն արդարացնելու համար մի կողմից ամբողջությամբ նենգափոխում է բանակցային գործընթացում քննարկված տարբերակները, խոսում Արցախի «ոչ զուտ հայկական միավոր» լինելու մասին, մյուս կողմից՝ փորձում զրկել հայկական կողմին իր կարևոր կռվանից, որով ապացուցվում է, որ Ադրբեջանում էթնիկ հայի նկատմամբ առկա քսենեֆոբիայի պարագայում համակեցության մասին որևէ խոսակցություն հավասարազոր է արցախահայության բնաջնջմանը կամ արտաքսմանը, և չի կարող Արցախը որևէ կարգավիճակով լինել Ադրբեջանի կազմում:

Անգամ ՄԱԿ-ի Արդարադտության միջազգային դատարանի որոշման մեջ էր նշվում, որ Ադրբեջանում պետական պաշտոնյանները ատելության խոսք են տարածում հայ ժողովրդի դեմ: Դատարան ուղարկված փաթեթում մանրամասն ներկայացվում էր Ադրբեջանի նախագահի և պաշտոնատար անձանց կողմից տարվող հայատյացության քաղաքականությունը՝ իր բոլոր հետևանքներով, քնած հային կացնահարած Ռամիլ Սաֆարովի հայտնի դեպքը դրա վառ օրինակներից է:

Ընդ որում, այդ փաթեթը կազմվել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանի և նրա գրասենյակի կողմից: Դա ընթերցելու դեպքում ՀՀ վարչապետը միգուցե և հասկանար, թե ինչ քաղաքականություն է որդեգրել Ալիևը և որ նրա ելույթները բնավ էլ «էմոցիոնալ» չեն:

Սեփական անկարողության արդարացման համար դաշտ նետել հակառակորդի շահերից բխող թեզեր և դրույթներ, սա է այն քաղաքականությունը, որով առաջնորդվում է Նիկոլ Փաշինյանը՝ հսկայական վնաս պատճառելով ոչ միայն ներկա հնարավոր գործընթացին, այլ նաև փորձելով ձախողել ապագայում որևէ փոփոխության, որն ուղղված կլինի այս անարժանապատիվ վիճակը հաղթահարելուն:

Նույն Փաշինյանը, որ համառորեն պնդում է, որ ինքը 2020 թ. որոշել էր պայքարել Արցախի համար, այժմ պնդումներ է անում, որով քար է գցում արցախահայության ապագայի և Արցախի կարգավիճակի շուրջ հնարավոր բանակցությունների վրա:

Ադրբեջանում պետական մակարդակով տարվում է հայատյացության քարոզ, Ալիևի ելույթներն էլ էմոցիոնալ չեն, այլ նպատակային, Շուշիում թուրք–ադրբեջանական համատեղ հռչակագիրը դա միասնական ծրագիր է՝ ուղղված հայկական պետականության ոչնչացմանը: Հակառակորդին արդարացնելով, հանրային զգոնությունը բթացնելով և պետական շահն անտեսելով՝ հաստատ խաղաղության դարաշրջան չի կառուցվում»:

Տեսանյութեր

Լրահոս