Թուրքիայում հակադեպրեսանտների օգտագործումը ռեկորդային աճ է գրանցել

Թուրքիայում բնակչության կողմից հակադեպրեսնատների օգտագործման ծավալները 2021-ին նոր ռեկորդային ցուցանիշի են հասել: Այս մասին հայտնել է ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» (ԺՀԿ-CHP) պատգամավոր Բուրհանեթթին Բուլութը: Մասնագիտությամբ դեղագործ պատգամավորը հրապարակել է ոլորտում իրականացրած ուսումնասիրության տվյալները: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Ըստ այդմ՝ եթե 2017-ին Թուրքիայի դեղատներում վաճառվել է 48.2 մլն տուփ հակադեպրեսանտ, ապա հաջորդող տարիներին հաստատուն կերպով աճել է կազմելով 2018-ին՝ 49.4 մլն, 2019-ին՝ 49.8 մլն տուփ: 2020 և 2021 թվականներին աճը ավելի կտրուկ է եղել, համապատասխանաբար՝ 54.6 մլն և 59.6 մլն տուփ:

Տվյալները ներկայացնելիս ընդդիմադիր պատգամավորը հետևյալ մեկնաբանությունն է արել. «Վերջին 2 տարում հակադեպրեսանտների կիրառումն աճել է գրեթե 10 մլն տուփով: Տնտեսական ճգնաժամը, գնաճը, գործազրկությունը խաթարել են քաղաքացիների հոգևիճակը: Հակադեպրեսանտների կիրառման աճը ժողովրդի առողջության տեսանկյունից մտահոգիչ չափերի է հասել»:

Բուլութը նկատել է նաև, որ ՄԱԿ-ի կողմից 149 երկրների համար կազմվող ամենամյա «Երջանկության զեկույցում» էլ 2020-ին Թուրքիան 93-ից նահանջել էր 104-րդ հորիզոնական:

Տեսանյութեր

Լրահոս