Բաժիններ՝

Ի՞նչ է հավատարմությունը

«Աստված հավատարիմ է» (Ա Կորնթ․ 10։13)

Ի՞նչ է հավատարմությունը։ Մեր ընկերներին, մտերիմներին հաճախ ենք մեղադրում դավաճանության մեջ, քանի որ համարում ենք, որ նրանք բավարար չափով հավատարիմ չեն եղել մեզ։ Ինքներս քաջ գիտակցում ենք նաև, որ մենք էլ աշխարհում ամենահավատարիմները չենք, որ մենք էլ երբեմն վարվում ենք հենց մեզ դավաճանողների նման։ Իսկ հավատարմությունը պարզապես պատասխանատվությունն է ոչ թե սեփական եսիդ, այլ այլոց՝ մերձավորների համար նույնպես։

Առաքյալը Կորնթացիներին ուղղված իր նամակում ասում է․ «Աստված հավատարիմ է» (Ա Կորնթ․ 10։13)։ Երբեմն մենք էլ մեր մտորումներում հանգում ենք հենց այս մտքին․ մեզ չի դավաճանում միայն Աստված։

Սակայն մենք էլ, հետևելով Նրա օրինակին, պետք է փորձենք չդավաճանել Իրեն։ Չէ՞ որ գուցե չնկատելով երբեմն դավաճանում ենք ոչ միայն մարդկանց, այլ նաև Աստծուն։ Ինչպես գիտենք, Աստծուն հավատարմությունը միայն Նրա գոյությանը հավատալու մեջ չէ։

Հապա ինչի՞ մեջ է՝ կհարցնենք։ Անչափ կարևոր է մեր կյանքի ընթացքում մեր աստվածահաճո արարքներով հավատարիմ մնալը Տիրոջը, և ոչ թե շարունակ հաստատելով, թե Նա գոյություն ունի՝ շարունակենք ընթանալ սխալ ուղով։

Հավատարմության կատարյալ օրինակ նույնպես պետք չէ փնտրել։ Սուրբ Գրքում ներառված խոսքերը՝ «Աստված հավատաարիմ է», տալիս են նաև այդ հարցի պատասխանը․ մեր լավագույն օրինակը հավատարմության հարցում հենց Տերն է։

Տիրոջ հավատարմության վկայությունը Սուրբ Գիրքն է։ Այո՛, Աստված հավատարիմ է բոլորին։ Նա երբեք չի դրժում Իր տված խոստումները, և մենք անվերապահորեն կարող ենք վստահել Աստծուն, որովհետև Նա երբեք չի փոխվում, չի ստում:

Այս լավագույն օրինակով առաջնորդվելով էլ կառուցենք մեր կյանքը՝ ջանք չխնայելով նմանվելու Նրան, Ով երբեք չի դավաճանում:

qahana.am

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս