«Ձայնդ կտրիր, վեր ընկիր տեղդ, անասուն էշ». Ռուբիկ Հակոբյանը՝ Սիսակ Գաբրիելյանին
ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում այսօր քննարկվեց Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի անդամի թեկնածուի ընտրության հարցը:
Այդ պաշտոնում ԱԺ ընդդիմադիր երկու խմբակցություններն առաջադրել են Ազգային ժողովի 1-ին, 2-րդ և 5-րդ գումարումների պատգամավոր Ռուբիկ Հակոբյանի թեկնածությունը, ով ելույթ ունենալուց անմիջապես հետո հայտարարեց, որ հանում է թեկնածությունը, քանի որ իշխող խմբակցությունն ամեն ինչ քաղաքականացրել է։
Քննարկումն անցավ բավականին թեժ մթնոլորտում, Ռուբիկ Հակոբյանը, հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանը սկսեցին միմյանց փոխադարձ վիրավորել, միջամտեցին նաև հանձնաժողովի անդամները։
Արձագանքելով ՔՊ-ական պատգամավոր Հասմիկ Հակոբյանի այն դիտարկմանը, որ նա չի կարող թեկնածու լինել, քանի որ պատգամավոր եղած ժամանակ բռնություն է թույլ տվել լրագրողի նկատմամբ, Ռուբիկ Հակոբյանն ասաց, որ եղել է թեթևակի ապտակ։
«Չի եղել այնպես, ինչպես ԱԺ նախագահի դեպքում է եղել, երբ նրան հայհոյել են, նա գլխով քիթ ու բերանին է հագցրել։ Հետո դուք այդ ամենին ի պատասխան ասացիք, որ տղամարդկային պահվածք է եղել՝ հայհոյել են, նա էլ պատասխանել է։ Չեմ հասկանում, այս պարզ տրամաբանությունն ու սելեկտիվ մոտեցումն ինչո՞վ է պայմանավորված, եթե ոչ՝ երեսպաշտությամբ։
Տիկին Թագուհի Ղազարյան, դուք ասում եք, թե սեռային տարբերություն եմ դնում, երբ ասում եմ՝ տղամարդիկ կհասկանան։ Հարգելի տիկին, եթե հայհոյում են, ես ասում եմ՝ տղամարդիկ կհասկանան, որովհետև չեմ պատկերացնում, որ տիկինը կարող է ապտակել կամ գլխով խփել, ինչպես Ալեն Սիմոնյանն էր խփում։ Ես բացարձակ սեռային տարբերություն չեմ դնում։ Մյուս կողմից էլ՝ դուք ունեք պրակտիկա, երբ ձեր քաղաքական ղեկավարը որքան ուզում է՝ կոպիտ հայհոյանք է տալիս, հետո ասում է՝ փակեք կամերան, ու ձեռքով ցույց է տալիս, թե ինչ կանի ընդդիմության հետ։ Դուք նման օրինակ ունենալով ձեր առջև, ինձ եք ասում, թե խառնամբո՞խ եմ ասում ժողովրդին»,- նշեց Ռուբիկ Հակոբյանը։
Ըստ նրա, եթե առաջին դեմքը նման հայհոյանք տար տղամարդու մոտ, ապա տղամարդը նրա դեմքին կհարվածեր, իսկ եթե կնոջ մոտ լիներ, հավանաբար կինը կթքեր երեսին և ճիշտ կաներ։
Արձագանքելով իշխանական մեկ այլ պատգամավորի՝ Նարեկ Բաբայանին, նա հայտարարեց, որ նա ԱԺ կարողացել է խցկվել՝ որպես իր կնոջ օժիտ։
Այս խոսքից հետո Սիսակ Գաբրիելյանը Ռուբիկ Հակոբյանին հորդորեց ելույթը դադարեցնել։
«Ձեր տարիքը հարգելով եմ ասում, չեմ ուզում այստեղ այլ բան ծավալվի։ Նիստի բնականոն ընթացքն ապահովելու համար Ձեր ելույթն ավարտվում է, անջատեք խոսափողը»,- նշեց Սիսակ Գաբրիելյանը։
Պատասխանելով՝ Ռուբիկ Հակոբյանը Ս. Գաբրիելյանին հորդորեց, որպեսզի այդ տոնով չխոսի իր հետ՝ նշելով, որ հանում է իր թեկնածությունը։
«Ձայնդ կտրիր, վեր ընկիր տեղդ, այս կանոնագիրքը ես եմ գրել ու գիտեմ՝ այն ինչ է պահանջում։ Իմ կյանքի նպատակն է, որպեսզի ձեզ նման անտակտ խուլիգաններին դաստիարակեմ»,- նշեց Ռ. Հակոբյանը։
Արձագանքելով՝ Սիսակ Գաբրիելյանն էլ ասաց. «Խուլիգանը ծնողդ է, լսո՞ւմ ես, քո ծնողն է անտակտ խուլիգանը, որ քեզ այդքան տարի մեծացրել է ու չի սովորեցրել… էշից էլ չես տարբերվում, անասուն»։
Երկուսը փորձեցին միմյանց հարվածել, սակայն ներկաները նրանց բաժանեցին։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում