«Ինչ է լինելու Թուրքիային F-16 կործանիչներ վաճառելու հարցը»․ Wall Street Journal

Ամերիկյան հայտնի «Wall Street Journal» թերթն առանձին հոդվածով անդրադարձել է ԱՄՆ-ի վարչակազմի կողմից Թուրքիային F-16 կործանիչներ վաճառելու մտադրության «ճակատագրին»:

Վերլուծաբանների կարծիքով այս գործարքի իրականանալու դեպքում կլուծվի ՆԱՏՕ-ի շրջանակներում 2 դաշնակից պետությունների հարաբերություններում առաջացած կնճռոտ հարցերը՝ կապված Անկարայի կողմից ռուսական Ս-400 ՀՕՊ համակարգեր գնելու և Վաշինգտոնի նախաձեռնությամբ Թուրքիային F-35 5-րդ սերնդի կործանիչների արտադրության համատեղ նախագծից հեռացնելու հետ:

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը դեռևս 2021-ին էր հայտարարել, որ ԱՄՆ–ն F-35 կործանիչների արտադրության ծրագրից Թուրքիային հեռացնելուց հետո Անկարային առաջարկել է F-16 կործանիչներ ձեռք բերել։

Ըստ WSJ-ի՝ Վաշինգտոնի այս մտադրությունը, որը կարող է կանխել նաև ռուս-թուրքական հետագա մերձեցումը, վտանգի տակ է: Մասնավորապես նշվում է, որ ըստ ԱՄՆ-ի օրենքների՝ Բայդենի վարչակազմը պարտավոր է գործարքի մասին առաջարկի ձևով պաշտոնապես տեղեկացնել Կոնգրեսին, որը կարող է քննարկել դա կամ արգելափակել: Կոնգրեսին դեռևս պաշտոնապես չի տեղեկացվել այդ մասին:

Թերթի համոզմամբ շատ կոնգրեսմեններ կարող են դեմ դուրս գալ Թուրքիային կործանիչներ վաճառելուն: WSJ-ի հետ զրուցած ԱՄՆ-ի կոնգրեսականներից մեկի օգնականը նշել է, որ Թուրքիայի՝ F-16 գնելու պլանը կարող է Կոնգրեսում խոչընդոտների հանդիպել, ու կարևորն այն է, որ դրանց բախվելիս չփլուզվի, այլ հաղթահարի արգելքները:

Մյուս կողմից էլ մասնագետները կարծում են, որ եթե Թուրքիային F-16 կործանիչներ չվաճառեն, դա կնշանակի, որ պատժում են Անկարային:

Սակայն սա էլ կարող է Անկարային ստիպել, որ նմանատիկ ռազմական ինքնաթիռներ գնի Ռուսաստանից: Դրանք կարող են լինել СУ-35, СУ-57, կամ 5-րդ սերնդի նոր նախագծված 1 շարժիչանի Checkmate կործանիչները:

Տեսանյութեր

Լրահոս