Ռուսաստանում COVID-19-ով ախտահարման 67.809 նոր դեպք են հայտնաբերել անցած օրվա ընթացքում
Ռուսաստանում կորոնավիրուսային ինֆեկցիայով նոր հիվանդացածների օրական աճը կազմել է 67 հազար 809:
Այդ մասին վկայում են օպերատիվ շտաբի տվյալները, որոնք հրապարակվել են հունվարի 25-ին: Սա 2700-ով ավելի է, քան հաղորդվել էր մեկ օր առաջ:
«Հունվարի 25-ի դրությամբ ՌԴ-ում հայտնաբերվել է կորոնավիրուսիային ախտահարման 67 հազար 809 նոր դեպք, 681 հիվանդ մահացել է»,-ասվում է շտաբի հաղորդագրության մեջ:
Շտաբի տվյալների համաձայն, օմիկրոն շտամի տարածումը գրանցվում է արդեն երկրի 68 տարածաշրջաններում, նախորդ օրը՝ հունվարի 24-ին, հաղորդվել է 64 տարածաշրջանների մասին, որտեղ հայտնաբերվել է COVID-19-ի այս տարատեսակը: Անցած օրվա ընթացքում ՌԴ-ում կորոնավիրուսով հոսպիտալացվել է 12 հազար 837 մարդ, հոսպիտալացվածների թիվը նախորդ օրվա համեմատությամբ ավելացել է 115 տոկոսով:
«Հոսպիտալացման ավելացում տեղի է ունեցել 79 տարածաշրջաններում: Հոսպիտալացումների թվաքանակի նվազում է դիտվել Ռուսաստանի Դաշնության 5 սուբյեկտներում»,-հաղորդել են օպերատիվ շտաբում: Մեկ օրում ապաքինվել է 26 հազար 404 մարդ կամ 21,6 տոկոսով ավելի՝ հունվարի 24-ին համեմատությամբ: Միեւնույն ժամանակ մեկ օրում կորոնավիրուսից մահացածների թիվն ավելի քան մեկ շաբաթ մնում է մոտավորապես նույն մակարդակի վրա եւ չի գերազանցում 700-ը:
Այդ ցուցանիշը մնում է, 2021 թվականի հունիսի վերջի-հուլիսի սկզբի մակարդակի վրա: Ընդամենը Ռուսաստանում համավարակի ժամանակաշրջանում գրանցվել է կորոնավիրուսային ախտահարման 11 միլիոն 241 հազար 109 դեպք, 327 հազար 448 մահ եւ ապաքինվել է 10 միլիոն 71 հազար 740 քաղաքացի, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: