Հարավային Կորեայի ՀՆԱ-ն 2021 թվականին աճել է մինչև 11 տարվա առավելագույն ցուցանիշ
Հարավային Կորեայի տնտեսությունը 2021 թվականին նախորդ տարվա համեմատությամբ ավելացել է 4 տոկոսով: Այդ մասին վկայում են Կորեայի բանկի նախնական տվյալները։
Սրանք վերելքի առավելագույն տեմպերն են վերջին 11 տարվա ընթացքում: Երկրի ՀՆԱ-ն չորրորդ եռամսյակում ավելացել է 4,1 տոկոսով՝ տարեկան արտահայտությամբ եւ 1,1 տոկոսով՝ երրորդ եռամսյակի համեմատությամբ: Վերլուծաբանները եռամսյակի արդյունքներով 3,7 տոկոսով բարձրացում են կանխատեսել տարվա համար եւ 0,9 տոկոսով՝ եռամսյակի համար, հաղորդում է Trading Economics-ը:
Սպառողական ծախսերը հոկտեմբեր-դեկտեմբերին 6,3 տոկոսով ավելացել են մեկ տարի առաջվա այդ նույն ժամանակաշրջանի նկատմամբ (երրորդ եռամսյակում աճը կազմել է 3,3 տոկոս), պետական ծախսերը՝ 8,1 տոկոսով (6,5 տոկոսով): Արտահանման ծավալն աճել է 6,1 տոկոսով, ներմուծմանը՝ 9,7 տոկոսով: Մինչդեռ կապիտալ ծախսերի աճի տեմպերը դանդաղել են մինչեւ 1,1 տոկոս՝ երրորդ եռամսյակի 1,5 տոկոսի համեմատությամբ:
Սպառողական ծախսերը հոկտեմբեր-դեկտեմբերին 1,7 տոկոսով ավելացել են երրորդ եռամսյակի նկատմամբ, պետական ծախսերը՝ 1,1 տոկոսով: Արտահանումը 4,3 տոկոսով բարձրացել է կիսահաղորդիչների բաղադրիչների եւ նավթամթերքների մատակարարումների շնորհիվ: Ներմուծումը նույնպես ավելացել է 4,3 տոկոսով՝ նավթահումքի եւ քիմիական արտադրանքի գնումների ավելացման հաշվին: Հարավային Կորեայի ՀՆԱ-ն երրորդ եռամսյակում 4 տոկոսով բարձրացել է տարեկան արտահայտությամբ եւ 0,3 տոկոսով՝ եռամսյակային արտահայտությամբ, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: