Վարչապետի հաստիքացուցակը զբաղեցնողի փոխարեն՝ «Օմեգային» ամբիոնի մոտ ուղարկելը վատագույն տարբերակն էր
Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանն այսօր կառավարության անդամներին հարց տալուց առաջ ընթերցեց հետևյալ տեքստը․
«Օսմանյան կասրության և Թուրքիայի այլ վարչակարգերի կողմից ծրագրվել և իրականացվել է հայ ժողովրդի ցեղասպանությունը։ Հայաստանը և հայ ժողովուրդը շարունակելու է պայքարը ցեղասպանության հետևանքների հաղթահարման համար, իրավական պահանջների գործընթացը՝ ուղղված Թուրքիայի դեմ՝ որպես Օսմանյան պետության իրավահաջորդի։ Հայաստանը դատապարտում է Թուրքիայի՝ Հայոց ցեղասպանության ժխտումը, Հայոց ցեղասպանության ճանաչումից, դատապարտումից ու պատմական հատուցումից հետո է միայն սկիզբ դրվելու հայ և թուրք ժողովուրդների պատմական հաշտեցմանը»։
Տեքստն ընթերցելուց հետո պատգամավորն ընդգծեց, որ հայ ժողովրդի համար կան անառարկելի ճշմարտություններ, և քիչ առաջ ընթերցած նախադասություններն այդ անառարկելի ճշմարտությունների շարքում են, որոնք արտահայտում են հայ ժողովրդի միասնական կամքը։
«Ես կարծում եմ, որևէ մեկիս համար խնդիր չէ դրանք բարձրաձայնել անհրաժեշտության դեպքում, և ուզում եմ վստահ լինել, որ վարչապետի աթոռին նստած անձի համար այդ բարձրաձայնումները ևս խնդիր չեն։ Ավելին՝ «Արցախը Հայաստան է, և վերջ» ձևակերպումն էլ հենց արվել է վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձի կողմից, հետևաբար՝ նաև ԱԺ կանոնակարգ սահմանադրական օրենքի մեկնաբանությունները ճիշտ տալու համար հարցս հետևյալ կերպ ձևակերպեմ։ Այս նախադասությունները, որոնք մեր միասնական կամքն են արտահայտում, կարո՞ղ են հնչեցվել վարչապետի աթոռը զբաղեցնող անձի կողմից ու իր կողմից տված բանաձևումը՝ «Արցախը Հայաստան է, և վերջ»։ Ամբիոնին իր կողմից չմոտենալը ևս կդիտարկվի այս նախադասությունները կրկնելուց խուսափել։
Ինչպես և կանխատեսել էր ընդդիմադիր պատգամավոր Աննա Մկրտչյանը, Նիկոլ Փաշինյանը չմոտեցավ ԱԺ ամբիոնին, նրա փոխարեն հարցին պատասխանելու համար ամբիոնին մոտեցավ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։ Նա ընդդիմադիր գործընկերներին խորհուրդ տվեց վերընթերցել ՀՀ կառավարության ծրագիրը, որն ընթերցվել և հաստատվել է հենց ԱԺ նիստերի դահլիճում․
«Այնտեղ սևով սպիտակի վրա գրված է՝ ՀՀ կառավարության, որը գլխավորում է վարչապետը, դիրքորոշումը Հայոց ցեղասպանության շուրջ։ Հավելեմ նաև, որ երբևէ, ՀՀ որևէ իշխանություն, և հույս ունեմ՝ նաև ապագայում ՀՀ որևէ իշխանություն որևէ փորձ անգամ չի անի կասկածի տակ դնել Հայոց ցեղասպանության պատմական փաստ լինելու հանգամանքը»։
Աննա Մկրտչյանն իր հերթին՝ արձագանքեց․
«Ես արդեն ասացի, որ վարչապետի հաստիքատիրոջ չմոտենալն ամբիոնին կդիտարկվի ուղղակի իմ կողմից մեջբերած նախադասությունները չկրկնել, ինչն ուղղակի արձանագրենք։ Վատագույն ընտրությունը, որ կարելի էր անել, ես ներողություն եմ խնդրում, բայց պիտի ասեմ, որովհետև ամբիոնին մոտեցած անձն անգամ չի հերքել այս ամենը և որևէ մեկին սահմանված ժամկետներում դատի չի տվել, վատագույն ինչ կարելի էր անել, Հայոց ցեղասպանության վերաբերյալ իմ պնդումները կրկնելու փոխարեն՝ «Օմեգային» ամբիոնի մոտ ուղարկելն էր։ Ակնհայտ է և հասկանալի, թե ինչու են ձեր պատգամավորներն իրենց հարցազրույցների ժամանակ պարբերաբար ասում, որ մենք պահանջատեր չենք և խնդիրներ չունենք Թուրքիայի հետ, նրա համար, որ դուք ինքներդ չմոտեցաք ամբիոնին և դրա մասին չխոսեցիք․․․»։
Արարատ Միրզոյան էլ իր հերթին՝ արձագանքեց․
«Շատ սահմաններ բացել չեմ կարող, կարող եմ ուղղակի խորհուրդ տալ բարևել Նարիմանովին, տիկին Մկրտչյան»։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում