Բաժիններ՝

Մենք շարունակելու ենք պահանջատեր լինել հայերի նկատմամբ տեղի ունեցած ոճրագործությունների դատապարտման հարցում. Արցախի ՄԻՊ

Արցախի Հանրապետության ՄԱրդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը Բաքվում հայերի ջարդերի 32-րդ տարելիցի կապակցությամբ հայտարարություն է տարածել:

Հայտարարության մեջ, մասնավորապես, ասված է.

«32 տարի առաջ՝ 1990 թվականի հունվարի 13-19-ը, Բաքվում Ադրբեջանի իշխանությունների ակնհայտ թողտվությամբ և աջակցությամբ իրագործվել է հայ բնակչության համակարգված և զանգվածային կոտորած: Մեկ շաբաթ տևած վայրագությունների ընթացքում սպանվել են հարյուրավոր հայեր, ունեզրկվել և խոշտանգման են ենթարկվել հարյուր հազարավոր հայեր:

Բաքվի և այլ քաղաքների հայկական բնակչությունը ֆիզիկական գոյության ուղիղ սպառնալիքի տակ տեղահանվել և որպես փախստական ապաստան են գտել Արցախում, Հայաստանում և աշխարհի այլ երկրներում՝ այդպես էլ միջազգային կարգավիճակ ու աջակցություն չստանալով։ Այդ տարածքներում հայկական մշակութային ժառանգությունը տարիների ընթացքում ենթարկվել է վանդալիզմի, պղծման, իսկ դրանց պատմական արժեքն ու նշանակությունը խեղաթյուրվել է ադրբեջանական իշխանությունների կողմից՝ հարմարեցվելով իրենց քաղաքական նպատակահարմարություններին։

Հայասպանության իրագործումը, խրախուսումն ու հերոսացումը ադրբեջանական իշխանությունների և ցավոք արդեն նաև ադրբեջանական հանրության կողմից կրում է համակարգային և լայնածավալ բնույթ և ունի հստակ ժամանակագրություն․ 1905թ-ին և 1918թ-ին՝ Բաքվում, 1988 թվականի փետրվարին՝ Սումգայիթում, նոյեմբերին՝ Գանձակ-Կիրովաբադում, 1990-ական թվականներին՝ նորից Բաքվում, Մարաղայում իրագործված ջարդերը, 2004 թվականին Գուրգեն Մարգարյանին կացնահարած Ռամիլ Սաֆարովի հերոսացումը, 2016 թվականի ապրիլյան պատերազմի, 2020 թվականի ադրբեջանա-թուրքական ագրեսիայի ընթացքում քաղաքացիական անձանց սպանությունները և հայ զինվորականների խոշտանգումները հայատյացության համակարգային քաղաքականության և դրա հետևանքների անհերքելի ապացույցներ են։

Իշխանությունների կողմից հասարակությանը տարիներ շարունակ թունավորելու հետևանքով հայերի նկատմամբ անհանդուրժողականությունը, ատելությունն ու հայասպանությունը, հայկական մշակութային ժառանգության նկատմամբ վանդալիզմն ու հուշարձանների պղծումը Ադրբեջանում գործնականում դարձել են ոչ միայն պետական, այլև ազգային քաղաքականություն։ Սա փաստ է, որի դեմ միջոցներ ձեռնարկելու հրատապությունն այլևս ամրագրված է նաև ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի որոշմամբ։

Տարածաշրջանում խաղաղության հաստատման կեղծ կարգախոսների ներքո ադրբեջանական իշխանությունները շարունակում են իրականացնել Արցախի հայության իրավունքների համատարած ու լայնածավալ խախտումներ՝ տարբեր մեթոդներով վախի և հուսահատության մթնոլորտ ձևավորվելով և խաթարելով բնականոն կյանքն Արցախում, մեկուսացնելով Արցախի ժողովրդին աշխարհից։

Ադրբեջանի կողմից հայերի նկատմամբ իրագործված հանցագործությունները փաստագրող նյութերը շատ են, միայն թե անկողմնակալ ու համարձակ աչք է անհրաժեշտ այդ ամենը տեսնելու և դրանց պատշաճ գնահատական տալու համար։ Ցավոք, այդ հանցագործությունները միջազգային հանրության կողմից ցայսօր հստակ իրավական գնահատականի չեն արժանացել, և այդ անպատժելիությունն է պատճառներից հիմնականը, որ Ադրբեջանն իրեն թույլ է տալիս կոպտորեն ոտնահարել միջազգային իրավունքի նորմերը, ատելությամբ խոսել մի ողջ ժողովրդի մասին՝ մտավախություն չունենալով անգամ, որ դրա համար կարող է ենթարկվել պատասխանատվության։

Առաջնորդվելով մարդու իրավունքների համընդհանրության կարևորագույն սկզբունքով և հետամուտ լինելով այդ սկզբունքի անվերապահ հարգմանն ու արդարության վերականգնմանը՝ մենք շարունակելու ենք պահանջատեր լինել հայերի նկատմամբ տեղի ունեցած ոճրագործությունների դատապարտման ու նոր ոճրագործությունների կանխման հարցում։

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս