Չեմ կարծում, որ համանախագահները տեղի կտան Ադրբեջանի շանտաժին. Դավիթ Բաբայան

Արցախի ԱԳ նախարար Դավիթ Բաբայանը պնդում է՝  ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների՝ տարածաշրջան այցի համար հիմնական խոչընդոտն Ադրբեջանն է:

«ԵԱՀԿ Մինսկի խմբի նախագահները բավականին երկար ժամանակ է, ինչ չեն այցելում Արցախ: Վերջին անգամ նրանք Արցախ այցելել են 2019 թվականի վերջին: Դրանից հետո եղավ համավարակը, հետո՝ պատերազմը: Բայց սրանք զուտ տեխնիկական խոչընդոտներ են: Ավելի կարևոր խոչընդոտն Ադրբեջանն է, որը փորձում է թույլ չտալ կամ բարդացնել նրանց այցելությունը տարածաշրջան: Իհարկե, մենք նրանց հետ կապի մեջ ենք: Գիտեք, որ հանդիպում է տեղի ունեցել Արցախի նախագահի և Մինսկի խմբի ՌԴ նորանշանակ համանախագահի միջև: Ես էլ եմ մասնակցել այդ հանդիպմանը:

Մենք բարձր ենք գնահատում նման հանդիպումները, որովհետև այսպիսի հանդիպումը կարելի է համարել համանախագահների հետ հանդիպումներից մեկը: Շատ նորմալ և անկեղծ քննարկումներ են տեղի ունեցել տարբեր հարցերի շուրջ:

Հուսով ենք, որ համանախագահները կայցելեն տարածաշրջան, մի օր պետք է այդ այցը տեղի ունենա, մանավանդ, որ նրանք ուզում են և հայտարարում են դրա մասին: Բնական է, որ Ադրբեջանը խոչընդոտում է, վերջերս մենք տեսանք Ադրբեջանի նախագահի հայտարարությունը, ըստ որի՝ Մինսկի խումբը պետք է փակվի, բայց չեմ կարծում, որ համանախագահներն այդ շանտաժին տեղի կտան, և Ադրբեջանը կհասնի իր նպատակներին: Նպատակներին հասնելը դժվար է, բայց շատ ավելի հեշտ է աշխատանքին խոչընդոտելը»,- այսօր հրավիրված ասուլիսում ասաց Բաբայանը:

Նա հավաստիացրեց, որ այլ խողովակներով կապ ունեն համանախագահների հետ:

«Տարբեր հարցերի մասին նրանք տեղյակ են, մենք կարողանում ենք մեր տեսակետը հասցնել»,- նշեց Արցախի ԱԳ նախարարը:

 

Տեսանյութեր

Լրահոս