Նույնն էլ ես կանեմ՝ Գարիկին կազատեմ. հո սա միապետություն չէ՞. Ռաֆիկ Անդրեասյան

«Հերթական անօրինական քայլերն են Գարիկ Սարգսյանի կողմից. նա այդ լիազորությունները չունի»,- 168.am-ի հետ զրույցում անդրադառնալով Գարիկ Սարգսյանի կողմից համայնքի ղեկավարներ նշանակելու նոր որոշմանը՝ նշեց Ուրցաձոր համայնքի ղեկավար Ռաֆիկ Անդրեասյանը:

168.amն ավելի վաղ տեղեկացրել էր, որ ՏԻՄ արտահերթ ընտրություններին ընդառաջ՝ Վեդու համայնքի ղեկավարի պաշտոնակատար նշանակված Գարիկ Սարգսյանը որոշումներ է ստորագրել ու խոշորացված համայնքի կազմում ընդգրկված համայնքների վարչական ղեկավարներ նշանակել։ Այս որոշումներով նա փաստացի ազատվել է դեկտեմբերի 5-ին տեղի ունեցած ՏԻՄ համամասնական ընտրությունների արդյունքում իրեն պարտության մատնած համայնքապետերից, այդ թվում՝ Ուրցաձոր համայնքի ղեկավար Ռաֆիկ Անդրեասյանից:

«Վեդի համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատարը ինչքանո՞վ է իրավասու ինչ-որ համայնքում համայնքի ղեկավար նշանակել. հիմա նույնն էլ ես կանեմ՝ Գարիկին կազատեմ:

ՏԻՄ օրենքի հղումի մեջ նայեք, որ յուրաքանչյուր՝ անգամ խոշորացված համայնքի ղեկավարն է միայն լիազորված որևէ տեղ վարչական ղեկավար նշանակելու, իսկ պաշտոնակատարն այդ իրավասությունը չունի, դրա համար ես ասում եմ, որ սա իրավական հիմք չունի:

Ես ընտրված համայնքի ղեկավար եմ, իմ լիազորություններն էլ կատարում եմ ՏԻՄ օրենքով, նոր համայնքի ղեկավար ընտրվելուց հետո»,- մանրամասնեց Ռաֆիկ Անդրեասյանը:

Հարցին՝ եթե Գարիկ Սարգսյանի նշանակած համայնքի ղեկավարը մտնի համայնքապետարան, Դուք դուրս չե՞ք գալու, նա պատասխանեց. «Իհա՛րկե ոչ:

Հո սա միապետություն չէ՞. մենք ապրում ենք հանրապետությունում և շարժվում ենք ՀՀ օրենքներով: Իսկ Գարիկը չարաշահել է նաև ՀՀ վարչապետի իրեն լիազորված պաշտոնը»:

Նշենք, որ Վեդու համայնքապետարանի կայքէջում հրապարակված որոշումների համաձայն՝ Գարիկ Սարգսյանը Սիսավանի վարչական ղեկավար է նշանակել Արտավազդ Ղարիբյանին, Ուրցաձորում՝ Նուշիկ Մարտիրոսյանին, Եղեգնավանի վարչական ղեկավար է նշանակվել Դավիթ Մեհրաբյանը, Փոքր Վեդիում՝ Կարեն Ստեփանյանը, Վանաշենում՝ Գոռ Խաչատրյանը։

Հիշեցնենք՝ Արարատի մարզի Վեդի խոշորացված համայնքում 2021 թվականի դեկտեմբերի 5-ին էին անցկացվել ՏԻՄ ընտրությունները։ Ընտրապայքարի էին դուրս եկել «Իմ հզոր համայնք», «Քաղաքացիական պայմանագիր» և «Հանրապետություն» կուսակցությունները։ Ամենաշատ ձայները ստացել էր «Իմ հզոր համայնք» կուսակցությունը, որի օգտին քվեարկել էր 8666 ընտրող։

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, որը գլխավորում էր Արարատի նախկին մարզպետ, ընտրություններից հետո Վեդի համայնքի ղեկավարի պաշտոնակատար նշանակված Գարիկ Սարգսյանը, ստացել էր 7690 ձայն։ Իսկ «Հանրապետություն» կուսակցությունը, որի ղեկավարը հենց Արարատի մարզից է, ստացել էր 3299 ձայն։

Այսինքն՝ ընտրություններին մասնակցած որևէ քաղաքական ուժ չէր կարողացել հաղթահարել և հավաքել անցողիկ՝ 50+1% շեմը, ինչը նշանակում է, որ չէր կարող ինքնուրույն համայնքապետի թեկնածուին ընտրել առանց այլ ուժի հետ կոալիցիա կազմելու: Բայց կոալիցիա այդպես էլ չկազմվեց, փոխարենը՝ դեկտեմբերի 16-ին ավագանու «Հանրապետություն» և «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունների անդամները ինքնաբացարկ հայտնեցին և հրաժարվեցին մանդատներից, որից հետո էլ հայտարարեցին նոր ընտրություններ անցկացնելու մասին. ընտրությունները կկայանան մարտի 27-ին։

Տեսանյութեր

Լրահոս