Հանգստյան օրերի հաշվին տնտեսական աճ ապահովելու գաղափարն ուղղակի անտրամաբանական է. Տնտեսագետ
«Ամանորի ոչ աշխատանքային օրերը կրճատելն ու տնտեսական աճն իրար հետ կապ չունեն: Մի տեղ պլյուս է տալիս, մի տեղ՝ մինուս: Ասենք, մարդիկ, եթե պետք է գնային Ծաղկաձոր՝ 7-8 օր հանգստանալու, չգնացին, որովհետև հունվարի 3-ը և 4-ը աշխատանքային օրեր էին»,- 168.am-ի հետ զրույցում ասաց տնտեսագետ Սուրեն Պարսյանը:
Նրա խոսքով՝ մի շարք մասնավոր ընկերություններ, հատկապես՝ խոշոր գործատուներ, աշխատանքը սկսել են հունվարի 7-ից հետո:
«Հայաստանում բանկերը չնայած սկսել են աշխատել հունվարի 3-ից, սակայն գործարքներ գրեթե չեն կատարվել, փոխանցումներ չեն արել, որը վկայում է տնտեսական ցածր ակտիվության մասին: Եվ, առհասարակ, հանգստյան օրերի հաշվին տնտեսական աճ ապահովելու գաղափարն ուղղակի անտրամաբանական է, քանի որ, լավ, այս տարի ապահովեցիր, մյուս տարի ի՞նչ ես անելու, շաբաթ-կիրակիներն ես հանելո՞ւ: Կամ` փետրվարը երկու օրով կարող են ավելացնել, էլի տնտեսական աճ կապահովվե՞ն»,- նշեց տնտեսագետը:
Ինչ վերաբերում է գնաճին, ապա Սուրեն Պարսյանի խոսքով՝ գնաճն ու տնտեսական աճը ոչ թե իրար հակասող երևույթներ են, այլ կարող են նաև իրար լրացնել:
«Խնդիրն այն է, մեզ մոտ, եթե նայում ենք տնտեսական ակտիվությունը, դա հանքարդյունաբերությունն է, շինարարությունը: Այս ոլորտները մարդկանց բարեկեցության վրա չեն ազդում: Մենք այդ ոլորտների հաշվին ենք տնտեսական աճ արձանագրել 2021 թվականի ընթացքում:
Ասեմ ավելին՝ դեռևս 2019 թվականի ՀՆԱ ցուցանիշները չունենք: Մեր հարևան երկրները, ի տարբերություն մեզ, դա հաղթահարել են: Օրինակ, Վրաստանը 2020թ. ուներ 6 տոկոսանոց անկում, 2021թվականին նրանց տնտեսական աճը 8 տոկոս է»,- ընդգծեց տնտեսագետը:
Հավելենք, որ ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը վստահ է, որ տնտեսական արդյունքի այն կանխատեսումները, որոնք արվել են Ամանորի ոչ աշխատանքային օրերը կրճատելու օրենքի հիմնավորումներով, նույնիսկ կգերազանցվեն: Նման տեսակետ նա հայտնել է հունվարի 12-ին՝ խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում:
Հարցին, թե երբ այս տարի աշխատանքային օրերը սկսվեցին հունվարի 3-ից, տնտեսական ի՞նչ արդյունքի է սպասում, Քերոբյանը կեսկատակ պատասխանել է, որ հունվարի 3-ին ժամը 16:00-ին հանդիպում է ունեցել, և այն մարդը, որը պետք է գար, ուշացել է 10 րոպե և ասել, որ ուշացել է խցանման պատճառով: «Դա երբեք Հայաստանում հունվարի 3-ին չի եղել: Եվ ես կարծում եմ՝ այն տնտեսական աշխուժությունը, որ մենք արդեն տեսնում ենք, հույս է տալիս ասել, որ մենք բավականին լավ, առույգ կսկսենք տարին»,- ասել է նախարարը՝ վստահեցնելով, որ շատ հաճախ է շփվում թե մանրածախ առևտրով զբաղվող, թե այլ, այդ թվում՝ արդյունաբերական ընկերությունների հետ, և նրանք բոլորն էլ ասում են, որ էական տարբերություն կա:
«Պետք է սպասենք թվերին: Բայց ես վստահ եմ, որ այն կանխատեսումները, որ մենք տվել ենք այդ օրենքի փոփոխության հիմնավորման ժամանակ, կլինեն գերազանցված»,- նշել է Քերոբյանը: