Եթե ուսումնասիրեիք իմ գործունեությունը, վստահորեն նման հարց հիմա չէիք բարձրացնի. Արագածոտնի մարզպետը՝ իր պոտենցիալի մասին

Արագածոտնի մարզպետ Ռազմիկ Պետրոսյանն այսօր ազատվեց զբաղեցրած պաշտոնից. հարցն ընդգրկված էր կառավարության նիստի օրակարգում՝ չզեկուցվող հարցերի թվում: Ի դեպ, չզեկուցվող հարցերից էր նաև նոր մարզպետի՝ ՔՊ-ական պատգամավոր Սերգեյ Մովսիսյանի նշանակումը:

Հիշեցնենք, որ Ռազմիկ Պետրոսյանն Արագածոտնի մարզպետի պաշտոնը ստանձնել էր հոկտեմբերին, դրանից առաջ մոտ մեկ տարի նա Արագածոտնի փոխմարզպետ էր նշանակվել։ Նորանշանակ մարզպետ Սերգեյ Մովսիսյանն այս տարվա հունվարի 4-ին էր վայր դրել իր պատգամավորական մանդատը։

Լրագրողները կառավարության նիստից հետո Սերգեյ Մովսիսյանից հետաքրքրվեցին, թե ինչո՞վ էր պայմանավորված օրենսդիրից գործադիր տեղափոխությունը:

«Թիմի որոշումն է եղել. երևի ավելի նպատակահարմար են գտել իմ պոտենցիալն օգտագործել գործադիրում»,- ասաց նորանշանակ մարզպետը՝ վստահեցնելով, որ ծանոթ է Արագածոտնի մարզի խնդիրներին, քանի որ ծնվել և ապրել է այդ մարզում ու նաև որպես օրենսդիր՝ ժողովրդից տեղեկացել խնդիրների մասին:

Նա վստահեցրեց, որ հենց այսօրվանից է զբաղվելու մարզի խնդիրների լուծման հարցերով:

Լրագրողները, այդուհանդերձ, ցանկացան հստակեցնել՝ ինչ պոտենցիալ նկատի ունի Ս. Մովսիսյանը: Ի պատասխան՝ նա նկատեց. «Ճիշտ չեմ համարի խոսել դրա մասին. ցանկացած մարդ ունի պոտենցիալ, և ես հարկ չեմ համարում անդրադառնալ իմ պոտենցիալին»:

Լրագրողներն արձագանքեցին, որ թե՛ 7-րդ, թե՛ 8-րդ գումարման խորհրդարաններում նա մեծ պասիվություն է ցուցաբերել. աչքի չի ընկել ելույթներով, օրենսդրական նախաձեռնություններով:

Նորանշանակ մարզպետը, սակայն, չընկրկեց՝ արդարացումով. «Գիտեք, ԱԺ պատգամավորի գործունեության մեջ միայն չեն մտնում օրենսդրական նախագծերը, և չնայած պասիվ եմ եղել օրենսդրական գործունեության մեջ, բայց իմ հանդիպումները ժողովրդի հետ միշտ եղել են, և հենց չափելիությունը ԱԺ պատգամավորի՝ միայն ելույթներով և օրենսդրական նախագծերով չէ, կարծում եմ, այլ վեկտորներ էլ կան, որ դրանց էլ պետք է ուշադրություն դարձնենք: Եթե ուսումնասիրեիք իմ գործունեությունը, վստահորեն նման հարց հիմա չէիք բարձրացնի»:

Արդյո՞ք կառավարությունը դժգոհ է Ռազմիկ Պետրոսյանի աշխատանքից, և ինչպե՞ս է վերաբերում մամուլի այն հրապարակումներին, https://168.am/2021/12/02/1617885.html ըստ որոնց՝ Ռազմիկ Պետրոսյանն Արագածոտնի մարզպետ է նշանակվել կեղծ դիպլոմով՝ այս հարցադրումները Սերգեյ Մովսիսյանը շրջանցեց՝ բավարարվելով միայն հերթապահ վերաբերմունքով՝ առ նախկին մարզպետ.

«Պարոն Պետրոսյանի անցած ուղին ես շատ հարգում եմ, պարոն Պետրոսյանին շատ հարգում եմ: Ճանաչելով իրեն և իր ընտանիքը՝ կարող եմ ասել, որ շատ պարկեշտ անձնավորություն է»:

Ապարանի նորընտիր քաղաքապետի հետ հարաբերությունների մասին հարցին արձագանքելով էլ՝ նորանշանակ մարզպետը վստահեցրեց, որ բոլոր ընտրված համայնքի ղեկավարների հետ լինելու է աշխատանքային մթնոլորտ:

Նա հերքեց լուրերը, թե թիմում դժգոհություններ են եղել իր և Արարատի նորանշանակ մարզպետ, նախկին մարզպետի որդի Սեդրակ Թևոնյանի նշանակման վերաբերյալ:

Հիշեցնենք, որ Ապարան խոշորացված համայնքի ղեկավար էր վերընտրվել Կարեն Եղիազարյանը, որի ղեկավարած դաշինքը դեկտեմբերի 5-ին կայացած ընտրությունների արդյունքներով հաղթել էր «Քաղաքացիական պայմանագրին» և ստացել 21 մանդատներից 14-ը։

Տեսանյութեր

Լրահոս