Երբ տրամաբանական տիրույթում էլ ասելիք չկա, բնական է՝ իրենց ասելիքը պետք է տեղափոխվի անտրամաբանական և աբսուրդի տիրույթ․ տնտեսագետը՝ Քերոբյանին
Խցանումները՝ տնտեսական ակտիվության ցուցիչ․ այս նորահայտ տնտեսական բանաձևի հեղինակը էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն է։ Ուշագրավ այս հայտարարությունը նախարարն արել է խորհրդարանում լրագրողների հետ տեղի ունեցած ճեպազրույցում։
Հարցին, թե այս անգամ աշխատանքային օրերի մեկնարկը հունվարի 3-ն էր, տնտեսական ի՞նչ էֆեկտի եք սպասում՝ նա պատասխանել է․ «Ես կեսկատակ արտահայտություն անեմ․ հունվարի 3-ին, ժամը 4-ին հանդիպում ունեի, ու այն մարդը, որը պետք է գար, 10 րոպե ուշացավ: Եկավ ասաց՝ խցանում էր, դրա համար էլ ուշացա, որը երբեք Հայաստանում չէր եղել հունվարի 3-ին:
Եվ ես կարծում եմ, այն տնտեսական աշխուժությունը, որը մենք արդեն տեսնում ենք, հույս է տալիս ասել, որ մենք բավական լավ, առույգ կսկսենք տարին»:
Լրագրողների զարմանքին, թե խցանումները տնտեսական ակտիվության ցուցի՞չ են՝ Քերոբյանը պատասխանել է՝ «Հա, իհարկե»:
Ճշգրտմանը՝ ինչպե՞ս, նախարարն արձագանքել է՝ «Շատ հանգիստ»:
Տնտեսագետ Թադևոս Ավետիսյանը 168.am-ի հետ զրույցում արձագանքելով նախարար Քերոբյանի այս հայտարարությանը՝ նշեց․ «Այս դեպքում արդեն էլ կորցնելու բան չունի պաշտոնատար անձը․ այնքան մանիպուլյացիաներ է տարածել, պոպուլիստական այնքան հայտարարություններ է արել, որ արդեն ամեն ինչ սպասելի է։
Է՛լ ավելի մեծ խցանումներ եղել են նաև 2020 թվականին, երբ ունեցել ենք 7.5 տոկոս տնտեսական անկում։ Երբ մասնագիտական հարթության մեջ տրամաբանական տիրույթում էլ ասելիք չկա, երբ բացահայտվում են նաև իրենց արտաբերած ստերն ու կեղծիքները, բնական է՝ իրենց ասելիքը պետք է տեղափոխվի անտրամաբանական և աբսուրդի տիրույթ»։
Հիշեցնենք՝ էկոնոմիկայի նախարարությունն էր հեղինակել «ՀՀ տոների և հիշատակի օրերի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը, որով Ամանորյա տոներին ոչ աշխատանքային օրեր սահմանվեցին դեկտեմբերի 31-ից հունվարի 2-ը ներառյալ և հունվարի 6-ը։
Վահան Քերոբյանը սա հիմնավորել էր «աշխատանքը՝ որպես հաջողղության հասնելու միակ հնարավոր ճանապարհ» վստահեցումով։