Բաժիններ՝

Ակցիաների, այդ թվում՝ զեղչի կիրառման ոլորտում, օրենսդրական բարեփոխումներ կլինեն. ովքե՞ր կարձանագրեն խախտումները

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովին կից հասարակական խորհրդի դեկտեմբերի 23-ի նիստի օրակարգում քննարկվել են «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքում լրացում կատարելու մասին» և «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերը, որոնք մշակվել են ակցիաների, այդ թվում՝ զեղչի կիրառման ոլորտում հանձնաժողովի նախաձեռնած օրենսդրական բարեփոխումների շրջանակում:

Նախագծերով կարգավորվել են մի շարք հարցեր, այդ թվում՝ սահմանվել են ակցիայի հասկացությունը և տեսակները, զեղչի հասկացությունը և կիրառման պայմանները, ներառյալ՝ ժամկետային սահմանափակումը, իրազեկմանը ներկայացվող պահանջները և այլն: Մասնավորապես սահմանվել է պահանջ, համաձայն որի՝ զեղչ հայտարարելիս ակցիա իրականացնողը պետք է ապահովի զեղչի հրապարակման պահին նախորդող երկու ամիսների ընթացքում ապրանքի վաճառքի կամ ծառայության մատուցման ամենացածր գնի և զեղչված գնի միաժամանակյա տեսանելիությունը: Մեկ այլ առաջարկվող կարգավորման համաձայն՝ ակցիայի հրապարակման պահին ապրանքների կամ ծառայության առնվազն մեկ հինգերորդը պետք է վաճառվի զեղչի՝ հայտարարված ամենաբարձր տոկոսով և այլն:

«Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանի խոսքով՝ այս քայլով մի քանի հարց է կարգավորվում:

«Օրենքի նախագծով հստակ է, որ մինչև այսքան տոկոս զեղչի հայտարարություն կարող է անել խանութը, եթե գոնե ապրանքների առնվազն 20 տոկոսը զեղչված է: Մյուս կետով նշված է, որ ակցիան կարող է լինել մինչև երկու ամիս, ես առաջարկում եմ, որպեսզի ֆիքսեն՝ տարվա ընթացքում երկու ամիս: Այս փուլում, կարող եմ ասել, որ արդյունավետ քննարկում ենք ունեցել: Մենք ասում ենք, որ զեղչը հաշվարկվում է մինչ այդ հաշվարկված էժան գնից սկսած, որ եթե պահի տակ ապրանքի գինը բարձրացրել են, դրա հիման վրա չկարողանա զեղչել: Հիմնական գինը, որով վաճառվել է ապրանքը, դրանով պետք է զեղչը հաշվարկի»,- 168.am-ի հետ զրույցում մանրամասնեց Բաբկեն Պիպոյանը:

Նա չբացառեց, որ օրենքը կարգավորելու դեպքում խախտումներ չեն լինի:

«Նպատակն է՝ ունենալ այնպիսի կարգավորում, որը մի մասը կբերի ինքնակարգավորման, ապա կհասկանանք՝ մոնիտորինգի կարիք կա՞, թե՞ կարգը սահմանում ենք, իրազեկումն անում ենք, բողոքների հիման վրա սկսում ենք առաջնորդվել: Այս դեպքում առանձնահատուկ հսկիչ են դառնում նաև մյուս բիզնեսի ներկայացուցիչները՝ լինի հագուստ թե տեխնիկա: Եթե, ասենք, տեխնիկայի խանութը հայտարարի ակցիայի մասին, պարզ է, չէ՞, որ հարևան ֆիրման նկատում է այս ամենը: Հետևաբար, կարող է խախտումն արձանագրվել թե՛ սպառողի, թե՛ բիզնեսի բողոքի հիման վրա, իսկ թե ինչպե՞ս անենք, որ այդ դրույթների նկատմամբ հսկողական գործիքակազմերն ավելացնենք, դրան էլ հերթը կհասնի:

Գլոբալ իմաստով նախագծում սահմանվում են առանցքային հասկացությունները, առաջնային խնդիրների մասով լուծման տարբերակները կան, բայց բոլորս պետք է աշխատենք այս ուղղությամբ, որոշ բաներ պետք է քննարկել, վերանայել: Կուզեմ, որ օրենքը շատ արագ մտնի ուժի մեջ, և ոչ թե պարզապես օրենք ունենանք, այլ այն սկսի գործել»,- նշեց «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահը:

Անի Կարապետյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս