«Առաջարկում եմ արտահերթ ընտրություններ»․ Փարաքարում իրավիճակը չի հանդարտվում

Փարաքար խոշորացված համայնքի ավագանու՝ առավոտյան 10։00-ից մեկնարկած նիստն այնքան էլ հարթ չի ընթանում։

Դեկտեմբերի 5-ի ՏԻՄ ընտրություններին մասնակցած «Ապրելու երկիր» խմբակցությունը 21 հոգանոց ավագանիում ունի 10 մանդատ։ Ընտրությունների ամփոփված արդյունքների համաձայն՝ այս խմբակցությունը միայնակ պարտվել է «Դավիթ Մինասյան» և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություններին, որոնց ստացած ընդհանուր մանդատների թիվը 11 է։ Ուստի «Ապրելու երկիր»-ը ստեղծված իրավիճակից ելքը տեսնում է արտահերթ ընտրություններ անցկացնելու միջոցով։

«Առաջարկում եմ նոր՝ արտահերթ ընտրություններ»,- ավագանու «Դավիթ Մինասյան» խմբակցության անդամ Գոռ Սարիբեկյանին առաջարկեց «Ապրելու երկիր» խմբակցության համայնքապետի թեկնածու Վոլոդյա Գրիգորյանը։

Գոռ Սարիբեկյանն էլ հարցրեց, թե որքանո՞վ է Գրիգորյանը վստահ, որ նոր ընտրությունների արդյունքներով նույն պատկերը չի կրկնվի․

«Մենք շիշ ֆռացնելով չենք կարող… Էս ժողովրդին էսքան սթրեսի ենք ենթարկում ինչի՞ համար… Եթե կարգը կա, մենք պետք է ընդունենք, եթե 11 հոգի քվեարկում է, մենք պետք է ընդունենք, չենք կարող ասել՝ հարմար չի էս պահին, բեր նոր ընտրություն անենք…»։

Ավելի վաղ էլ հայտնել էինք, որ այսօր առավոտյան Փարաքար խոշորացված համայնքում նորընտիր ավագանու նիստն անցնում էր լարված մթնոլորտում։ «Ապրելու երկիր» խմբակցության անդամները (որը 21 հոգանոց ավագանիում ունի 10 մանդատ) պնդում էին, որ նիստն առանց իրենց է սկսվել, և այն վարում է այդ պահին տարիքով ավագ ավագանու անդամը, որը «Դավիթ Մինասյան» խմբակցությունից է, մինչդեռ, եթե իրենց խմբակցությունը ներկա լիներ, այն կվարեր իրենց խմբակցության անդամը, քանի որ նա տարիքով ավելի մեծ է։

Ավագանու «Դավիթ Մինասյան» խմբակցությունից էլ հակադարձում են իրենց ընդդիմադիրներին՝ ասելով, որ ուղիղ ժամը 10։00-ին իրենք նիստը սկսել են, և այդ պահին ընդդիմադիր ավագանու անդամներից որևէ մեկը ներկա չի եղել, և օրենքով սահմանված կարգով նիստը վարել է այդ պահին ներկա ամենաավագ անդամը, իսկ ինչ վերաբերում է քվորումին՝ «Դավիթ Մինասյան» և «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունները միասին ունեն 11 մանդատ, ինչը թույլ է տվել նիստը սկսել։

Արմավիրի մարզպետարանի ներկայացուցիչը, որն այդ պահին ևս ներկա էր Փարաքարի ավագանու նիստին, հայտարարեց, որ եթե ժամը 10։00-ի դրությամբ 11 անդամները եղել են նիստերի դահլիճում և գրանցվել են, ապա նիստը պետք է շարունակվի։

Նշենք, որ ինչպես 2021 թվականի դեկտեմբերի 23-ին, այնպես էլ այսօր Փարաքարի համայնքապետարանի շենքի մոտ հավաքվել էին «Ապրելու երկիր» կուսակցության աջակիցները, նրանք փորձում էին մտնել շենք, սակայն ոստիկանները թույլ չտվեցին։

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 5-ին կայացած ՏԻՄ ընտրությունների արդյունքներով Փարաքար խոշորացված համայնքում «Ապրելու երկիր» կուսակցությունը 21 հոգանոց ավագանիում ստացել է 10 մանդատ և 10 ձայնով իրենց թեկնածու Վոլոդյա Գրիգորյանին ընտրել էին համայնքի ղեկավար: Թեև 10 ձայնը 50 տոկոսից քիչ է, սակայն «Ապրելու երկիր» կուսակցությունը պնդում է, որ եթե առաջադրված է 1 թեկնածու, ապա նա կարող է ընտրվել 40+ տոկոս ձայներով:

Դրան հաջորդել էր ավագանու մյուս 11 անդամների՝ «Դավիթ Մինասյան» և «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունների անցկացրած համայնքապետի ընտրությունը, որի ժամանակ էլ 11 ձայնով համայնքապետ էր ընտրվել Դավիթ Մինասյանը։

Դեկտեմբերի 23-ին «Ապրելու երկիր» կուսակցության աջակիցները հավաքվել էին Փարաքարի մշակույթի տան բակում, որտեղ պետք է տեղի ունենար իրենց թեկնածուի երդմնակալությունը, սակայն ոստիկանները նրանց թույլ չէին տվել մտնել շենք, և երդմնակալությունը դրսում էր կազմակերպվել: Նույն օրն էլ «Դավիթ Մինասյան» դաշինքը դատարան հայց էր ներկայացրել ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու պահանջով: Վարչական դատարանը որոշում է կայացրել անվավեր ճանաչել Փարաքար համայնքի ղեկավարի ընտրությունների արդյունքները։

Տեսանյութեր

Լրահոս