
Վերաքննիչ քրեական դատարանի նախագահի հովանավորյալն ու հասարակ մահկանացուները

Վերաքննիչ քրեական դատարանում, պարզվում է՝ կա փորձագետների խումբ, որոնց գործառույթներն առանձնապես հասկանալի չեն, սակայն հաշվի առնելով այն հանգամանքը, որ այդ հաստիքները զբաղեցվում են, մասնավորապես, քավոր-սանիկական կապերի արդյունքում Վերաքննիչ քրեական դատարանում հայտնված անձինք, կարելի է ենթադրել, որ փորձագետ լինելը բավականին գայթակղիչ է:
Ինչևէ, 168.am-ի տեղեկություններով՝ մոտ 2-3 ամիս առաջ Վերաքննիչ քրեական դատարանում որպես փորձագետ՝ աշխատանքի է ընդունվել Արևիկ Քոչարյան անուն-ազգանունով մեկը, ով նախկին դատավոր Մանուշակ Պետրոսյանի հարսն է՝ որդու կինը: Մանուշակ Պետրոսյանն ու Տիգրան Սահակյանը, ի դեպ, քավոր-սանիկական հարաբերությունների մեջ են:
Մեզ փոխանցեցին, որ, որպես փորձագետ՝ աշխատանքի ընդունված կինը Վերաքննիչ գալու պահին հղի է եղել ու բոլորին հայտարարել է, որ ֆիզարձակուրդի գումարի համար է գործի ընդունվել, բայց դա, ինչպես ասում են, իր գործն է:
Մեր աղբյուրի փոխանցմամբ, Արևիկ Քոչարյանն արտոնյալ կարգավիճակ ունի Վերաքննիչ դատարանում: Մասնավորապես, նախորդ տարվա դեկտեմբերի 23-25-ից, միայն Վերաքննիչ քրեական դատարանի նախագահ Տիգրան Սահակյանին տեղյակ պահելով, նա մեկնել է երկրից ու մինչ օրս աշխատանքի չի ներկայացել, թեպետ ամանորյա տոներից հետո աշխատանքային տարին վերսկսվել է հունվարի 3-ից:
Այս տեղեկությունը մյուս աշխատակիցների շրջանում վրդովմունքի պատճառ է հանդիսացել, քանի որ վերջիններս մշտապես Վերաքննիչ քրեական դատարանի աշխատակազմի ղեկավար Տաթևիկ Ավագյանի կողմից ամենախիստ կարգապահական միջոցների են ենթարկվում, նկատողություններ, նախազգուշացումներ ստանում, ստիպված են լինում զեկուցագրեր գրել անգամ կես ժամ ուշացման համար:
Բանն այն է, որ Վերաքննիչ դատարանի աշխատակազմը խիստ ծանրաբեռնված աշխատանքային գրաֆիկ ունի, և քիչ չեն դեպքերը, երբ աշխատակիցները, հատկապես՝ դատավորների օգնականներն ու գործավարները, ստիպված են մինչև ուշ երեկո մնալ աշխատավայրում: Այս պայմաններում առավոտյան 15 րոպե ուշացումն անգամ մեծ խնդիր է դառնում նրանց համար: Ու հիմա մարդիկ պարզապես չեն հասկանում՝ ինչո՞ւ իրենց ուշացումը, այն էլ՝ այդ ծանրաբեռնվածության պայմաններում, կարող է մեծ աղմուկի ու նյարդեր քայքայելու պատճառ դառնալ, իսկ մեկ այլ աշխատակից, ով օրեր շարունակ աշխատանքի չի ներկայանում, որևէ խնդիր չունենալ, ավելին՝ աշխատավարձ ու պարգևավճար էլ ստանալ:
Ուշագրավ է, որ դատարաններում այս պահին էլ տասնյակ գործեր են քննվում նախկինների առնչությամբ, թե իբր աշխատանքի չեն գնացել, բայց աշխատավարձ են ստացել: Իսկ ներկաներին, չգիտես՝ ինչու, տրվում է արտոնյալ կարգավիճակ: