«Ձմեռ պապիկից վերջին անգամ Քյավառի թատրոնի շենքում եմ նվեր ստացել․․․». Տիգրան Արզաքանցյան

«Նոր տարին միշտ ավանդական տոն ենք համարել, որովհետև մեզ փոքր ժամանակ դաստիարակել են, որ ամեն տարի լավ տրամադրությունով պետք է դիմավորել Նոր տարին՝ ընտանիքի հետ, երեխաների հետ, ծնողների հետ, որովհետև ինչ կատարվում է արդեն գործող տարվա մեջ, ուզում ես այդ ամեն ինչը թողնես հին տարվա մեջ, Նոր տարին դիմավորես լավ տրամադրությունով, նոր ծրագրերով, գլխիդ մեջ ինչ գալիս է՝ ասում ես՝ այնպես անենք, գոնե նոր տարվա մեջ իրականացնենք…»:

168 TV-ի եթերում այսպես ամփոփեց նախորդ տարին «Ալյանս» կուսակցության բարձրագույն խորհրդի նախագահ Տիգրան Արզաքանցյանը, ապա շարունակեց, թե ցավոք, այսօր չի ստացվում լիարժեք ուրախանալ, քանի որ պատերազմի հետևանքով ունենք բազմաթիվ զոհեր, հաշմանդամ դարձած տղաներ, անօթևաններ, այդուամենայնիվ կարևորը տարին դրական մտքերով դիմավորելն է.

«Ամենակարևորը՝ մենք շատ պոզիտիվ և ուրախ ենք տրամադրված… Ուրախ դիմավորել ասելն ի՞նչն է, որ մենք կարողանանք մտածված քայլեր անել 2022 թվականին, որ գոնե կարողանանք մեր երկիրը հզորացնենք, որ թշնամին մեր հզորությունից տխրի: Մենք, ամենակարևորը՝ պետք  է հզոր լինենք ներսում, ցույց տանք համախմբվածությունը, հենց թշնամու տխրությունն էլ կլինի մեր հզորացումը…»:

Պարոն Արզաքանցյան, ի՞նչ ձևով եք նշում Ամանորը, սիրո՞ւմ եք հյուր գնալ, հյուրեր ընդունել, և արդյո՞ք տիկին Նատալյան կարողանում է արդեն հայկական ճաշատեսակներ պատրաստել:

«Ճիշտն ասած, ինքը խոհանոցի հետ լավ ընկերություն անում է, համով ուտելիքներ պատրաստում է, բայց հայկական ուտելիքներ դեռ չի պատրաստել: Ռուսական և իտալական խոհանոցի լավ տեսականիներ կարողանում է պատրաստել: Ինչ վերաբերում է՝ հյուր գնալը տարբեր բարեկամների, ընկերների տուն, դա մեզ մոտ ընդունված է, որտեղ մենք հարկ ենք համարում գնալ շնորհավորել, անպայման կգնանք, մեր տուն կգան, կշնորհավորեն…»:

Ձեր կինը` տիկին Նատալյան, հաճախ է ձեր առօրյայից տեսանյութեր հրապարակում, հատկապես Tiktok-ում և Instagram-ում շատ ակտիվ եք, բազմաթիվ հետևորդներ ունեք, ինչպե՞ս եք վերաբերվում առհասարակ սոցցանցերում նման ակտիվությանը, և արդյոք կարո՞ղ ենք ասել, որ ձեր կինն է զբաղվում ձեր իմիջով և PR-ով:

«Թաքցնելու բան չունեմ, ես ոչ մի անգամ չեմ զբաղվել իմ PR-ով, տարբեր սոցիալական ցանցերով ինձ PR անեմ: Արտահերթ խորհրդարանական ընտրությունների ժամանակ կային տեխնոլոգներ, որ զբաղվում էին գովազդով՝ տարբեր հարթակներով: Տիկին Նատալյան էլ, ճիշտն ասած, տաղանդավոր է այդ հարցերում, իր գործն է անում: Tiktok-ը, ես ոչ էլ իմանում եմ, թե ինչ է Tiktok-ը, 2 ամսից ավելի է՝ Tiktok-ում 400.000-ից ավելի լայք են դրել, ես էլ, ճիշտն ասած, ուշադրություն չեմ դարձնում: Այնտեղ կան կադրեր, որ 1 շաբաթում 4.700.000 մարդ է նայել: Հետաքրքիր է, հետո տեսնում ես, թե որ երկրներից են նայել»:

Եվ հիմնականում ո՞ր երկրներից են ձեր հետևորդները:

«Իմ հետևորդները շատը Հայաստանից են, բայց այդ 4.700.000-ը՝ Ռուսաստանը, Ֆրանսիան, ու հետաքրքիր է, որ 4 տոկոսն էլ Վրաստանից են: Մեկնաբանությունների 98 տոկոսը լրիվ հետաքրքիր, լավն են»:

Եթե կարելի է՝ մեկ-երկու օրինակ:

«Օրինակ՝ շատերը գրում են՝ «հայրենասեր, մաքուր մարդ», «մենք ձեր հետ ենք», կան քոմենթներ, որ իրոք շատ հետաքրքիր են, բայց կան մարդիկ, որ ցենզուրից դուրս են գալիս նախանձությունից, գիտեք, որ նախանձն ամենավատ բանն է, նախանձությունից թե պատվերով՝ սկսում են վատ բաներ գրել, շատը պատվերով է, որովհետև տեսնում ես, որ դրա տակը պատմություն չկա, զրո է, ու միանգամից բլոկ է արվում, որ այդ նույն անձը չկրկնի իր կեղտոտ արտահայտությունները…»:

Տիգրան Արզաքանցյանը հավատո՞ւմ է Ձմեռ պապիկի գոյությանը, վերջին անգամ ե՞րբ եք նամակ գրել նրան, ի՞նչ եք ցանկացել:

«Տիգրան Արզաքանցյանը հավատում էր Ձմեռ պապիկին, որ դեռ մանկապարտեզ էր գնում, դրանից հետո Տիգրան Արզաքանցյանը հասկացավ, որ դա հետաքրքիր հեքիաթ է, դա էլ է պետք մեր երեխաներին, ուրախանալը, զվարճանալը: Հետո Ձմեռ պապիկի հետ Ձյունանուշիկ էլ կա, Ձյունանուշիկին էլ է սիրել, հարգել, Ձմեռ պապիկին էլ: Որ մանուկ էինք՝ սպասում էինք տարբեր նվերներ…»:

Հիշո՞ւմ եք ձեր վերջին նվերը, որ ստացել եք Ձմեռ պապիկից:

«Այո, ես հիշում եմ: Քյավառի թատրոնի շենքում եմ  ստացել, թղթից պակետ էր, վրան Ձմեռ պապի, տոնածառ նկարած, մանդարին էր, կոնֆետներ էր, «Մեդալյոն» շոկոլադներ էր, ի՞նչ ասեմ, հետաքրքիր էր»:

Հայ ժողովրդին ի՞նչ կմաղթեք 2022 թվականին:

«Մեր ժողովրդին մաղթում եմ լավ տրամադրություն, առո՛ղջ լինեք, կորոնավիրուսից հեռո՛ւ մնաք, պատերազմից հեռո՛ւ մնաք, լավ տրամադրություն, առողջ տարի դիմավորենք: Ամանորը և Սուրբ ծնունդը լավ դիմավորեք ձեր ընտանիքներում, որ լավ դիմավորեցիք, տարին կշարունակվի լավ ձևով, լավ լինեք, ժողովուրդ ջան, անփորձանք…»:

Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս