Նախարարությունը՝ Վարդաշենի անօթևանների կացարանի բնակիչների ահազանգի մասին
Ի պատասխան «Հանս Քրիստիան Կոֆոեդ» բարեգործական հիմնադրամի կողմից օթևանի տրամադրման ծառայություններից օգտվող քաղաքացիների մտահոգությունների՝ տեղեկացնում ենք, որ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը շարունակելու է վերջիններիս օթևանի տրամադրման գործընթացը։ Այս ծառայությունը մինչ այժմ մատուցվում էր «Հանս Քրիստիան Կոֆոեդ» բարեգործական հիմնադրամի կողմից, որի համար հիմք հանդիսացող պայմանագրի ժամկետը լրանում է 2021 թվականի դեկտեմբերի 31-ին։
Սահմանված ընթացակարգի համաձայն՝ հայտարարվել է դրամաշնորհային մրցույթ՝ անօթևան անձանց համար ժամանակավոր օթևանի տրամադրման ծառայություններ մատուցելու համար, որին, սակայն, որևէ կազմակերպություն չի դիմել (հղումը՝ այստեղ․)։ Չի դիմել նաև «Հանս Քրիստիան Կոֆոեդ» հիմնադրամը, քանի որ վերջինս մեկ այլ ծրագրի շրջանակում ծառայությունները ոչ պատշաճ մատուցելու հետևանքով Ֆինանսների նախարարության կողմից 24․08․21 թ․-ին ընդգրկվել է պետական բյուջեից դրամաշնորհ ստանալու նպատակով կազմակերպվող մրցույթներին մասնակցելու իրավունք չունեցող կազմակերպությունների ցուցակ։
? Ելնելով վերոգրյալից և կարևորելով անօթևան անձանց մատուցվող ծառայությունների որակն ու դրանց պատշաճ իրականացումը՝ նախարարությունը հանձն է առել կազմակերպելու անօթևան անձանց օթևանով ապահվելու գործընթացը՝ 2022 թվականի հունվարի 1-ից այն կազմակերպելով «Երևանի N1 տուն-ինտերնատ» ՊՈԱԿ-ի առանձին մասնաշենքում և համապատասխան ֆինանսավորմամբ։
? Ինչ վերաբերում է «Հանս Քրիստիան Կոֆոեդ» բարեգործական հիմնադրամի հետ վերոնշյալ լուծված պայմանագրին, տեղեկացնենք, որ 2021 թվականի մարտի 29-ին կնքված պայմանագրի հիման վրա՝ պետությունը ֆինանսական աջակցություն էր տրամադրել «Հանս Քրիստիան Կոֆոեդ» բարեգործական հիմնադրամին՝ տարեցներին և հաշմանդամություն ունեցող անձանց տնային պայմաններում խնամքի ծառայություններ մատուցելու նպատակով։ Սակայն, նախարարության կողմից իրականացված մոնիթորինգի արդյունքում պարզվել է, որ հիմնադրամը թույլ է տվել մի շարք լուրջ խախտումներ և բացթողումներ։
? Պարզվել է, որ շահառուների ընտրությունն իրականացվել է օրենսդրության կոպիտ խախտումներով․ օրինակ՝ որպես շահառու ընդգրկվել են քաղաքացիներ, ովքեր ոչ հաշմանդամություն ունեցող անձ են և ոչ էլ տարեց, բացի այդ եղել են նաև քաղաքացիներ՝ տուբերկուլյոզ կամ շիզոֆրենիա ախտորոշմամբ։ Շահառուների ընդունման, հաշվառման, դուրսգրման առկա փաստաթղթերը կազմված են եղել էական թերություններով և բացթողումներով․ ուսումնասիրության պահին ոչ մի շահառու չի ունեցել համապատասխան այցետետր՝ ստացած ծառայությունների, այցելությունների և այլնի նշագրումով։ Բնակիչների հետ չեն տարվել աշխատանքային թերապիաներ, պատշաճ կերպով չի իրականացվել շահառուների ազատ ժամանցի կազմակերպման գործընթացը և այլն։
Հիմք ընդունելով ուսումնասիրությունների արդյունքները՝ պաշտոնական գրություն է ուղարկվել հիմնադրամին՝ առաջարկելով վերոնշյալ խախտումների վերաբերյալ 3 աշխատանքային օրվա ընթացքում ներկայացնել պարզաբանումներ, որոնք, սակայն եղել են ոչ հիմնավոր։ Ուստի որոշում է կայացվել լուծել պայմանագիրը (պայմանագիրը միակողմանի լուծելու մասին ծանուցումը սահմանված կարգով 11.08.2021թ․ հրապարակվել է նախարարության պաշտոնական կայքում):
? Ուստի, կարևորելով անօթևան անձանց մատուցվող ծառայությունների որակն ու դրանց պատշաճ իրականացումը, նախարարությունը սահմանված կարգով կհոգա քաղաքացիների կեցության հարցը՝ մինչ 2021 թ․դեկտեմբերի 31-ը կազմակերպելով վերջիններիս տեղափոխումը «Երևանի N1 տուն-ինտերնատ» ՊՈԱԿ-ի համապատասխան մասնաշենք։
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն