Հնագույն ի՞նչ բնակավայրեր տեսան Խաչատուր Աբովյանն ու Ֆրիդրիխ Պարրոտը Արարատ վերելքի ժամանակ
1829 թվականին Էջմիածին է գալիս Էստոնիայում գտնվող Դորպատի համալսարանի պրոֆեսոր Ֆրիդրիխ Պարրոտը։ Նա և իր հետ միասին Հայաստան ժամանած գիտնականների խումբը ցանկանում էր բարձրանալ Արարատ լեռն ու ուսումնասիրություններ կատարել։ Կաթողիկոսը գիտական արշավախմբի ուղեկցորդ և թարգմանիչ է կարգում Խաչատուր Աբովյանին, ով այդ ժամանակ Էջմիածնի սարկավագներից էր, և օտարազգի ճանապարհորդների ժամանման դեպքում հենց Աբովյանն էր լինում իրենց թարգմանիչն ու ուղեկցողը։
Նախկինում մենք անդրադարձել ենք Աբովյանի և օտարազգի ճանապարհորդների պատմություններին։ Խաչատուր Աբովյանն իր և Ֆրիդրիխ Պարրոտի ճանապարհորդության մասին գրել է հոդված-հուշագրություն, որում ներկայացնում է հետաքրքիր մանրամասներ, թե ի՞նչ են իրենք տեսել այդ ճանապարհորդության ժամանակ։ Աբովյանի` «Վերելք Արարատի գագաթը» հոդվածում մենք հանդիպում ենք մի շարք իրողությունների, որոնք արձանագրել է Աբովյանը և փոխանցել մեզ.
«Մյուս օրը մենք վեր կացանք առավոտյան վաղ. Պարոն Պարրոտը պարոն Բեհագելի հետ սկսեց նկարել լեռը, նրանց մյուս ընկերներն էլ ձեռնարկեցին հավաքել ծաղիկներ, բույսեր և զանազան միջատներ։ Սակայն շուտով մենք այդտեղից բարձրացանք Ակոռի գյուղը։ Բնակիչները, լինելով հայեր, մեզ ընդունեցին մեծագույն հարգանքով։ Այնուհետև մենք այցելեցինք սուրբ Գրիգորի մենաստանը։ Այստեղ էլ ապրում է արդեն ծերացած Կարապետ վարդապետը։ Մի քանի տարի առաջ քաշվելով այս անապատը, նա բոլորովին մոռացել է աշխարհը և սիրում է իր մենությունը։ Նա վաղուց փորել է իր գերեզմանը և հանապազօրյա նայելով նրան զբաղվում է մահվան վերաբերյալ փրկարար մտքերով»։ (Հատվածը վերցված է «Խաչատուր Աբովյան. Երկեր» գրքից։ Երևան, 1984 թվական, էջ 540-541):
Հատկանշական է, որ այս մենաստանի նկարագրության մետ մեկտեղ՝ Աբովյանը նշում է նաև, որ կար ևս մեկ մենաստան` Հակոբի անունով։ Հետաքրքրական է, որ շատ ժամանակ մենաստանների մասին պատմությունները մեզ թվացել են ոչ ճիշտ ու երբեմն հեքիաթային ժանրից, սակայն Աբովյանի արձանագրությունն ընդգծում է, որ նմանատիպ մենաստաններ իրոք եղել են, և մարդիկ կարող էին նույնիսկ լինել ողջ, սակայն աչքի առաջ ունենալ իրենց գերեզմանը։ Արարատի գագաթ ճանապարհորդության ընթացքում Աբովյանը ներկայացնում է նաև, թե ջրային ինչպիսի՞ ռեսուրսներ կային Արարատի լանջերին։ Աբովյանը նկարագրում է նաև Ակոռի գյուղն ու ընդգծում, որ այդ ժամանակ գյուղը համարվում էր առողջարանային տարածք.
«Վերելքի ժամանակ լեռան վրա մենք նկատեցինք երկու խորը բացվածք, բայց ժամանակի սղությունը թույլ չտվեց մեզ չափելու դրանք։ Մենք այստեղ չհանդիպեցինք ո՛չ հանքային ջրերի, ո՛չ աղբյուրների, ինչպես լինում է ուրիշ տեղերում։ Ակոռիի բնակիչներն օգտվում են ձյան ջրերից, որոնք ահավոր աղմուկով թափվում են բոլոր կողմերից և հոսում են դեռ հոկտեմբեր ամսին էլ։ Այնուամենայնիվ, այս գյուղի մոտակայքում է գտնվում նաև մի փոքրիկ աղբյուր։ Այդ տեղը, ուր գտնվում է գյուղը, ողջ Երևանյան նահանգում ամենահաճելին և ամենաառողջարարն է։ Օդն այդտեղ թարմ է, և կանաչը ամենից փարթամ։ Այս պատճառով էլ Երևանի նախկին սարդարը Ակոռին ընտրել էր ամառանոց, և այն շինությունները, որոնց մեջ բնակվում էր նա իր կանանց և ընտանիքների հետ, դեռ մնում էին»։ (Նույն տեղում` էջ 543):
Ակոռիի մասին խոսելով և հետաքրքիր մեջբերումներ անելով՝ Աբովյանը նշում է նաև Լեռան վրա եղած հնագույն բնակավայրերի ավերակների մասին։ Դա ևս մեկ կարևոր պատմական փաստ է, որ լեռան լանջերին ժամանակին եղել են բնակավայրեր, որոնցից Աբովյանի ժամանակաշրջանում արդեն իսկ ոչինչ չէր մնացել։ Եվ, որ ամենակարևորն է` հնագույն բնակավայրերի մնացորդները հատկապես հետաքրքրում էին եվրոպացի ճանապարհորդներին.
«Այս լեռան վրա և նրա շրջապատում կան անհամար ավերակներ, ապացույց նրա, որ այս վայրերը հին ժամանակներն եղել են լավ բնակեցված։ Դրանք այժմ ամբողջովին լքված են։ Մենք այստեղ գտանք պարսկերեն արձանագրություններով երկու քար և սկզբում կարծեցինք, որ դրանք ուշադրության արժանի ինչ-որ հուշարձաններ են. Հետո իմացանք, որ Երևանի նախկին սարդար Հուսեին-խանը տեսնելով, որ եվրոպացի որոշ ճանապարհորդներ հրապուրված այս վայրերի ավերակներն այցելելու գովելի հետաքրքրությունից, զբաղվում են նաև հին հուշարձաններն ուսումնասիրելով, խելքին փչեց կատակել նրանց հետ իր ձևով։ Հրամայեց երկու քարի վրա խզբզել մի քանի պարսկերեն անորոշ արձանագրություններ և տանել այնտեղ, ուր մենք դրանք տեսանք։ Այս բանն ինձ պատմեց ակոռեցի մի շինական, որն ինքը սարդարի հրամանով այս քարերը թաքուն տարել է այնտեղ»։ (Նույն տեղում` էջ 544):
Թերթելով ու ծանոթանալով Աբովյանի այս փոքր հոդվածի հետ, մենք նկատում ենք, որ 19-րդ դարում Հայաստանը մեծ հետաքրքրություն է առաջացրել հատկապես եվրոպացի ճանապարհորդների համար։ Նրանցից շատերը եկել են Հայաստան, կարևոր ուսումնասիրություններ արել և իրենց հուշագրություն-աշխատություններում արձանագրել այդ ամենը։ Այժմ ևս օտարազգի զբոսաշրջիկների համար Հայաստանը բացահայտման մի լայն շրջանակ է, հնագույն քաղաքակրթության օրրան։ Ցավալին միայն այն է, որ մեզ` հայերիս համար, այս երկիրը այդքան էլ հետաքրքիր չէ։
Զ. Շուշեցի