Թարմացնելով Արմեն Գրիգորյանի հիշողությունը, կամ՝ Լևոն Տեր-Պետրոսյանի հորդորը
Դեկտեմբերի 22-ին ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը Հանրային հեռուստաընկերության եթերում դարձյալ հիշել է նախկիններին, մասնավորապես, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին, ըստ էության, փորձելով իրենց՝ Արցախի կարգավիճակի ապագան անորոշ դարձնելու պատասխանատվությունը և մեղքերն ու խայտառակ թերացումները դարձյալ գցել ուրիշի վրա:
«Իրականության մեջ հենց Սերժ Սարգսյանի կառավարման օրոք է, որ ինքնորոշման իրավունքը, կարելի է ասել, բանակցային փաստաթղթերից որոշակի չափով դուրս է եկել: 2011-ին Կազանում առաջին և երկրորդ կետերը վերաբերում էին ինքնորոշման իրավունքին և միջանկյալ կարգավիճակին: Այսինքն, որպես գործողությունների պլան՝ դրանք նշված էին: Արդեն 2016-ին հասած փաստաթղթերում գործողությունների պլանի մակարդակում որևէ խոսք չի եղել ինքնորոշման իրավունքի մասին: Այսինքն, գրված էր՝ զորքերը դուրս են բերվում և այդպես շարունակ ինչ քայլեր են կատարվում: Եթե Կազանում դա եղել է գործողությունների պլանի մակարդակում նշված, ապա 2016-ին դա չի եղել: Դա եղել է Սերժ Սարգսյանի օրոք: Եթե Սերժ Սարգսյանը մեզ մեղադրանք է ներկայացնում ինքնորոշման իրավունքը զիջելու կամ այլ հարցի շուրջ, այդ փաստաթղթերը հենց Սերժ Սարգսյանն է զիջել: Ի դեպ, Սերժ Սարգսյանը շատ լավ գիտի, որ ինքը նամակներ է գրել տարբեր երկրների ղեկավարներին՝ խնդրելով, որ ինքնորոշման իրավունքը փաստաթղթերում արտացոլված լինի: Եթե հնարավորություն ունի, թող հրապարակի այդ փաստաթուղթը, թե ինչպիսի նամակներ էր գրում, որտեղ խնդրում էր, որ ինքնորոշման իրավունքը արտացոլվի: Եթե ինքնորոշման իրավունքը եղել է, ինչի՞ էր Սերժ Սարգսյանը նամակ գրում և խնդրում, որ ինքնորոշման իրավունքն արտացոլվի»,- հայտարարել է Գրիգորյանը:
Նախքան Սերժ Սարգսյանի կամ ՀՀԿ-ի հնարավոր արձագանքը, փաշինյանական իշխանության պաշտոնյային պատասխանենք հրապարակային հստակ փաստերով և Սերժ Սարգսյանի կողմից արդեն իսկ արված հայտարարություններով.
– 2016թ. լայնածավալ ռազմական գործողություններից ամիսներ հետո` հոկտեմբերին, Ադրբեջանի նախագահը իր կառավարության նիստում խոստովանել էր, որ միջազգային ճնշում է գործադրվում Ադրբեջանի վրա և փակ դռների հետևում իրեն ստիպում են ճանաչել ԼՂ անկախությունը:
«Մենք շատ դետալներ չենք հրապարակայնացնի, քանի որ դիվանագիտության կանոններ կան: Բայց Ադրբեջանը երբեք չի համաձայնի դրան»,- շեշտել էր Ալիևը:
-2021, հուլիսի 6: Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը «Sputnik Արմենիային» էր փոխանցել 2018-ին նախորդած ու հաջորդած իրադարձությունների վերաբերյալ իր հոդվածը, որտեղ, մասնավորապես, նշել էր.
«Չնայած Կազանում Ադրբեջանի կողմից նախապես ձեռք բերված պայմանավորվածությունների մերժմանը՝ համանախագահ երկրները և հատկապես Ռուսաստանը շարունակում էին լուծումներ գտնելուն միտված ակտիվ աշխատանքը կողմերի հետ:
2011 թվականից հետո՝ մինչև 2018 թվականը, շարունակվում էին ինտենսիվ բանակցությունները. 10 գագաթնաժողով, արտգործնախարարների երեք տասնյակից ավելի հանդիպումներ, համանախագահների տասնյակ ուղևորություններ դեպի Բաքու, Ստեփանակերտ և Երևան: Ընդ որում, Կազանյան փաստաթղթում առկա բոլոր տարրերը, որոնք վերաբերում էին վերջնական կարգավիճակին, միջանկյալ կարգավիճակին, անվտանգության երաշխիքներին, միջանցքին և այլ դրույթներին, չնայած ադրբեջանական կողմի դժգոհությանը, միջազգային միջնորդների պնդմամբ մնում էին բանակցային գործընթացի կենտրոնում»: Այնուհետ Սերժ Սարգսյանը շարունակում է, որ 2018թ. գարնանը բանակցային գործընթացը «արժանապատիվ հանգուցալուծման» հասցնելու համար ունեինք բոլոր նախադրյալները. առկա էր համանախագահների հետ փոխըմբռնում, համանախագահների հովանու ներքո մշակված փաստաթղթեր, որոնք ճանապարհ էին հարթում դեպի ողջամիտ և արժանապատիվ փոխզիջում, և ամենակարևորը՝ այդ նպատակին հասնելու ճանապարհին ժողովրդի միասնական կամքը։
«Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը հնարավոր չէ կարգավորել առանց Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի մասին անկյունաքարային խնդրի՝ ազգերի ինքնորոշման իրավունքի իրացման հարցի լուծման։ Լեռնային Ղարաբաղը չի կարող լինել Ադրբեջանի կազմում։ Կարգավորման համար միջնորդության միակ միջազգայնորեն ճանաչված ձևաչափ հանդիսացող համանախագահների 2020 թ. դեկտեմբերի 3-ի հայտարարությունը ճիշտ ուղղությամբ շատ կարևոր ազդանշան է»,- ընդգծել էր Սերժ Սարգսյանը իր հոդվածում:
– Փետրվարի 15, 2021թ.: ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն «Արմյուզ» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում անդրադարձել էր «Լավրովի պլանին»:
«Նախ պետք է ասեմ, որ Լավրովյան փաստաթուղթ, որպես այդպիսին, գոյություն չի ունեցել։ Ինչն է անվանվել Լավրովյան փաստաթուղթ. իմ ասած երկրորդ տարբերակը, այսինքն՝ Կազանյան փաստաթղթի Մադրիդյան սկզբունքների մոդիֆիկացված տարբերակը Լավրովը առաջարկել է համանախագահների անունով, և երբեք չի եղել մի, այսպես ասած, բանակցային պրոցես, որ համանախագահներից որևէ մեկն առանձին իր գաղափարներն առաջարկեր։ Միշտ համաձայնեցված է եղել։ Սա էր այն, ինչի մասին ես ասացի։ Եվ այն, ինչ կոչվում է Լավրովյան փաստաթուղթ և Կազանյան փաստաթուղթ։ Իմիջիայլոց, կներեք, որ մի քիչ շեղվում եմ, Կազանյան փաստաթուղթը միակ փաստաթուղթն է, գոնե մինչև 2018-ը միակ փաստաթուղթն էր, որ դարձել էր աշխատանքային փաստաթուղթ։ Եվ այդ փաստաթուղթը, ուրեմն, գտնվում է ԵԱՀԿ դեպոզիտարիայում։ Այլ աշխատանքային փաստաթուղթ չի եղել»,- նշել էր նա:
Նույն հարցազրույցում Սերժ Սարգսյանն ասել էր, որ վերջնական լուծումը ինքը պատկերացնում է հետևյալ կերպ՝ Ադրբեջանն ընդունում է, որ ԼՂ-ն անկախ է, ճանաչում է ԼՂ անկախության փաստը։
«Այդ դեպքում ես վերադառնում եմ Երևան և իմ թիմակիցներին համոզում եմ, որ այդ պարագայում մենք պարտավոր ենք Ադրբեջանին վերադարձնել յոթ շրջանները, որոնք կազմում էին այդ անվտանգության գոտին՝ բացառությամբ ՀՀ-ի հետ ցամաքային սահման կազմող միջանցքի, որը պետք է լինի ոչ թե ինչպես այսօր՝ 2,5 կմ-անոց, այլ բավարար միջանցք՝ անվտանգ հաղորդակցվելու համար ԼՂ-ի հետ։ Այնուհետև գնում եմ ԼՂ, համոզում եմ իմ մարտական ընկերներին, ԼՂ ղեկավարությանը, որ սա ճիշտ լուծում է։ Եվ երբ երկու տեղում ստանում եմ համաձայնություն, ապա կամաց-կամաց այս գաղափարը նաև սկսում ենք հանրայնացնել։ Ես չեմ երաշխավորում, որ այս գաղափարը կարող եմ իրականացնել»,- շարունակել էր Սերժ Սարգսյանը և ակնարկել նաև կիսալուծման մասին, որտեղ դարձյալ չի անտեսվում ԼՂ կարգավիճակը:
«Այո, Ադրբեջանը ճանաչում է, որ ԼՂ վերջնական կարգավիճակը պետք է որոշի ԼՂ բնակչությունը՝ առանց որևէ ժամկետային սահմանափակումների։ Բայց այդպես պետք է լինի՝ Ադրբեջանը դա պետք է ընդունի, միջազգային հանրությունը դա պետք է հաստատի։ Այդ պարագայում ես նորից վերադառնում եմ ՀՀ, իմ թիմակիցներին համոզում եմ, որ այսպիսի լուծման կամ կիսալուծման պարագայում մենք պարտավոր ենք Ադրբեջանին վերադարձնել 5 շրջանները, ունենալ ԼՂ միջանկյալ կարգավիճակ, իսկ այդ միջանկյալ կարգավիճակի մասին ես ասացի, այնուհետև նույն պրոցեսը՝ ԼՂ, մարտական ընկերներ, Ղարաբաղի իշխանություններ»,- լրացրել էր նա:
Հոկտեմբերի 15, 2020թ.: 2008-2018թթ․ ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը «Sputnik Армения» գործակալությանը հոդված էր տրամադրել իր պաշտոնավարման տարիներին Արցախյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի մասին, որտեղ մանրամասն ներկայացրել էր, որ «Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացումն այլընտրանք չի ունեցել:
Նույնիսկ նախընտրական փուլում Սերժ Սարգսյանի կողմից գաղտնազերծված ձայնագրությունում Փաշինյանը խոստովանում էր, որ Պուտինը, Նազարբաևն ու Լուկաշենկոն պնդում են, թե Ալիևը հասկանում է, որ Ղարաբաղը չի լինի Ադրբեջանի կազմում:
Նիկոլ Փաշինյանի հետ ներդաշնակ աշխատող Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն ինքն էլ հաստատել էր, որ «նախկինում շատ ավելի խոսում էինք ԼՂ ինքնորոշման իրավունքի ճանաչման, հետո՝ անվտանգության մասին, հիմա` ոչ, գլխավորն անվտանգությունն է»:
Իսկ թե ինչ եղավ, երբ Նիկոլ Փաշինյան-Արայիկ Հարությունյան զույգը երկրորդեցին Արցախի ինքնորոշման իրավունքը, մենք տեսանք 2020-ին և դրանից հետո:
Ի դեպ, այս տարվա հունիսին ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը լրագրողների հետ հանդիպմանն ասել էր, որ Սերժ Սարգսյանի ժառանգությունից բողոքող Նիկոլ Փաշինյանին հետևյալ հորդորն է ուղղել. «Քո առաջին գործը պետք է լինի ֆիքսել այն ժառանգությունը Ղարաբաղի հարցում, որ դու ստացել ես Սերժ Սարգսյանից՝ փաստաթղթով»:
Լևոն Տեր-Պետրոսյանի երբեմնի գաղափարական համախոհին և քաղաքական պայքարի մասնակից Նիկոլ Փաշինյանին և Տեր-Պետրոսյանի գաղափարներով ժամանակին ոգևորվող Արմեն Գրիգորյանին չէր խանգարի հետևել այս խորհրդին և փաստարկված ֆիքսել Սերժ Սարգսյանի թողած «ղարաբաղյան ժառանգությունը»: