«Անորակ հրթիռների» գործով անցնող ՀՀ ԶՈՒ ավիացիայի վարչության պաշտոնյաներից մեկին բաց են թողել

168.am-ի տեղեկություններով, «անորակ հրթիռների» գործով անցնող ՀՀ զինված ուժերի ավիացիայի վարչության գլխավոր ինժեներ Վլադիմիր Բաբայանին ազատ են արձակել, իսկ նույն վարչության ավիացիոն տեխնիկական ունեցվածքի ծառայության պետ Արտյոմ Համբարյանը կալանքի տակ է:

Հոկտեմբերի 29-ին 168.am-ը գրել էր, որ «անորակ հրթիռների» գործով ԱԱԾ-ն ձերբակալել է ՀՀ զինված ուժերի ավիացիայի վարչության ավիացիոն տեխնիկական ունեցվածքի ծառայության պետ Արտյոմ Համբարյանին և ավիացիայի վարչության գլխավոր ինժեներ Վլադիմիր Բաբայանին:

Նոյեմբերի 2-ին մենք գրավոր հարցում էինք ուղարկել ուժային կառույցին՝ պարզելու, թե «անորակ հրթիռների գործով» ինչո՞ւմ են մեղադրում ՀՀ զինված ուժերի ավիացիայի վարչության ավիացիոն տեխնիկական ունեցվածքի ծառայության պետին և գլխավոր ինժեներին, և արդյո՞ք կան ՊՆ այլ պաշտոնյաներ կամ աշխատակիցներ այս գործով անցնող, որոնց մասին ԱԱԾ-ն ևս դեռ չի հայտնել:

Նոյեմբերի 8-ին մեր հարցադրմանն ի պատասխան՝ ԱԱԾ-ի ուղարկած գրության մեջ նշվում էր, որ մեր հարցադրումների պատասխանները նախաքննական գաղտնիք են պարունակում:

Հավելենք, որ նոյեմբերի 3-ին ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի փաստաբանական խումբն իր տարածած հայտարարության մեջ անդրադարձել էր ՀՀ զինված ուժերի ավիացիայի վարչության ավիացիոն տեխնիկական ունեցվածքի ծառայության պետ Արտյոմ Համբարյանին և ավիացիայի վարչության գլխավոր ինժեներ Վլադիմիր Բաբայանին:

«Օրերս տեղեկացանք, որ Դավիթ Տոնոյանի վերաբերյալ քրեական գործով ԱԱԾ-ն ձերբակալել է նույն գործով մինչ այդ վկայի դատավարական կարգավիճակով հարցաքննված ՀՀ ՊՆ ավիացիայի վարչության ավիացիոն տեխնիկական ունեցվածքի ծառայության պետ Արտյոմ Համբարյանին և ավիացիայի վարչության գլխավոր ինժեներ Վլադիմիր Բաբայանին: Բարձրաստիճան այս երկու սպաները քրեական գործով տվել էին գործի մյուս նյութերի հետ հակասության մեջ չգտնվող, Դավիթ Տոնոյանի մեղադրանքը հերքող ցուցմունքներ: Պաշտպանության կողմն ունի նաև այլ տեղեկություններ նշված երկու անձանց ձերբակալելու «առիթների» վերաբերյալ, որոնք այս պահին հանրայնացնելը նպատակահարմար չենք համարում»,- նշված էր Տոնոյանի փաստաբանական խմբի հայտարարության մեջ:

Ի դեպ, ՊՆ-ին մոտ կանգնած մեր աղբյուրները դեռ այն ժամանակ մեզ վստահեցրել էին, որ, մասնավորապես, ավիացիայի վարչության գլխավոր ինժեներ Վլադիմիր Բաբայանը պարկեշտ անձնավորություն է, և չէր կարող, այսպես ասած, մասնագիտական անբարեխղճություն թույլ տալ:

Ստացվում է՝ սրանում իշխանությունները միայն 2 ամիս հետո՞ են համոզվել: Ըստ էության, այս փաստը հուշում է «անորակ հրթիռների» գործի փակուղային ճակատագրի մասին:

Այս գործով են անցնում ՀՀ զինված ուժերի ավիացիայի վարչության նախկին պետ Ավետիք Մուրադյանը, ԳՇ պետի արդեն նախկին տեղակալ Ստեփան Գալստյանը, քանի որ օրերս ՀՀ նախագահի հրամանագրով գեներալն ազատվել է զբաղեցրած պաշտոնից:

Ռազմամթերքի մատակարարման չարաշահմանն առնչվող քրեական գործով կալանավորված են պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանն ու զենքի մատակարար Դավիթ Գալստյանը (Պատրոն Դավիթ)։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031