Ինչո՞ւ է Ոստիկանությունը թաքցնում պարեկների պլանշետների արժեքը և արտադրության երկիրը
Դեռևս նոյեմբերի 9-ին 168.am-ը գրավոր հարցում էր ուղարկել ՀՀ ոստիկանություն: Ի թիվս այլ հարցերի՝ նաև փորձել էինք պարզել.
1. Պարեկային ծառայություն իրականացնող ծառայողին տրամադրված GPS/3G ընդունիչ սարքերի (պլանշետների) գնումը ե՞րբ է կատարվել, քանի՞ պլանշետ է գնվել, մեկ պլանշետի արժեքը որքա՞ն է կազմել, ո՞ր երկրից է այն ձեռք բերվել, ի՞նչ մակնիշի է, ո՞ր երկրում է արտադրվել, ընդհանուր որքա՞ն գումար է վճարվել պլանշետների ձեռքբերման համար։
2. Պլանշետների գնումը կատարելու համար հայտարարվե՞լ է արդյոք մրցույթ, եթե՝ այո, ապա ե՞րբ, քանի՞ ընկերություն է մասնակցել մրցույթին, ի՞նչ սկզբունքով է ընտրվել հաղթող ընկերությունը, իսկ եթե գնումը կատարվել է մեկ անձից, ապա նշեք ընկերության անունն ու մեկ անձից ապրանքը ձեռք բերելու պատճառը։
3. Նշեք վերոնշյալ պլանշետների համար վճարված գումարի աղբյուրը։
Եվ ահա, մեկ ամիս հետո Ոստիկանությունը ի պատասխան մեր գրավոր հարցման՝ պաշտոնական գրություն է ուղարկում, որտեղ այլ հարցերի պատասխանների շարքում նշված հարցերից և ոչ մեկին անդրադարձ չի լինում: Իսկ թաքցնելու բան հաստատ կա:
Այժմ մենք կհրապարակենք մեր տեղեկատվությունը՝ այս անգամ արդեն հրապարակավ դիմելով ՀՀ ոստիկանությանը՝ պատասխանել մեր գրավոր հարցումներին:
Եվ այսպես, 168.am-ի տեղեկություններով, պարեկներին տրամադրված մեկ GPS/3G ընդունիչ սարքի (պլանշետի) դիմաց պետբյուջեից՝ հարկատուներիս միջոցներից, վճարվել է հսկայական գումար՝ 1 հատին՝ 2.000 ԱՄՆ դոլար, և դրանք, չգիտես ինչո՞ւ, ձեռք են բերվել Վրաստանից՝ տեղի արտադրության են:
Բոլորը կհաստատեն, թե ինչ անորակ պլանշետներ են դրանք. պարեկներն անգամ կհաստատեն՝ հաճախակի անջատվում է, էկրանը «կախում-անջատվում է», լիցքավորիչը թույլ չի տալիս երկար աշխատել, և այլն:
Հուսանք, ոստիկանությունն արագ կարձագանքի և կբացահայտի 2.000 դոլարանոց այդ անորակ պլանշետների (ամուր դյուրակիր համակարգիչ (պլանշետ)` իր լիցքավորիչով) ձեռքբերման առեղծվածը:
Հիշեցնենք, որ դեռ նախորդ տարի կառավարությունը գումար էր հատկացրել 150 պարեկային նշանակության ավտոմեքենա ձեռք բերելու համար։ Ըստ պաշտոնական տվյալների՝ առայժմ մայրաքաղաքի փողոցներում ծառայություն է իրականացնելու 698 պարեկային ոստիկան, ընդ որում, անձնակազմի 70 տոկոսը նախկինում ոստիկանությունում չաշխատած անձինք են։
Պարեկային ծառայության ծրագրի իրականացմանն աջակցել են միջազգային գործընկերները, որոնք միայն 2020 թվականի ընթացքում հատկացրել են ավելի քան 5 մլրդ դրամի աջակցություն, առնվազն նույնքան աջակցություն էլ, ըստ պաշտոնական տվյալների, նախատեսվում էր 2021-2022թթ.. համար։