Ինչպե՞ս էր շահ Աբասը Էջմիածնի քարերը փորձում տեղափոխել Պարսկաստան

Նախորդ համարում արդեն իսկ ներկայացրել ենք, որ 1604 թվականին, երբ շահ Աբաս Երկրորդն Արարատյան աշխարհի ժողովրդին բռնագաղթեցրեց Պարսկաստան, այդ ժամանակ ինչպիսի ամայի վիճակում էր հայտնվել Վաղարշապատը։ Այդ իրավիճակից կարողացան օգտվել տեղում հայտնված եվրոպացի միսիոներներն ու թալանել սուրբ կույս Հռիփսիմեի մասունքները, դամբարանը, եկեղեցին, և արդյունքում՝ այդ մասունքների մի մասը տեղափոխվեց և հաստատվեց Հնդկաստանում։ Պետք է ընդգծել, որ շահ Աբասը հայ ժողովրդին բռնագաղթեցնելուց բացի՝ ցանկանում էր նաև դեպի Պարսկաստան տանել նաև Սուրբ Էջմիածինը, սակայն գործն այդտեղ դժվարացավ.

«Սբ. Էջմիածնի վանականները, որ շահից Մայր աթոռի առանձնաշնորհների վերականգնում էին ակնկալում, որտեղի՞ց իմանային, որ ընդամենը մեկ տարի անց դատարկվելու է Արարատյան աշխարհը և իրենց հավատացյալների հոտը քշվելու Պարսկաստան, իսկ սուրբ տաճարն էլ առավել անշքանալով` դառնալու է զեռունների բնակավայր։ Քիչ էր մնում, որ նույնիսկ սբ. Էջմիածինը տեղափոխվեր օտար հող։ Պատճառն այն էր, որ շահ Աբասը հայերին տեղահանելուց հետո, տեսնելով, որ նրանք շարունակում են կապված մնալ հայրենիքին և ցանկանում են վերադառնալ, և  որպեսզի կտրի հայրենիքին կապող հոգևոր թելերը, որոշում է Էջմիածնի տաճարը քանդել, քարերը տեղափոխել Սպահան և այնտեղ կառուցել։ Շահի հրամանով Թահմազ Ղուլի խանը տեղահանում է Էջմիածնի տաճարի մի շարք քարերը` «սուրբ սեղանը, որի վրա սուրբ պատարագ էր մատուցվում, Քրիստոսի իջման տեղի քարը, ավազանը, մի քար բեմի հարավային կողմի աստիճանից, մի քար բեմի հյուսիսային կողմի աստիճանից, …. չորս քար եկեղեցու չորս անկյուններից» և այլ սրբազան քարեր, ընդամենը 15 քար, այդ բոլորը հատ-հատ դնում է կաշվի մեջ, կարում և զինվորների ուղեկցությամբ 1615 թ. Հասցնում Սպահան։ Միայն տաճարի բոլոր քարերի տեղափոխության դժվարությունը սբ. Էջմիածինը փրկեց կործանումից»։ (Հատվածը վերցված է Սերգեյ Վարդանյանի «Հայաստանի մայրաքաղաքները» գրքից։ Երևան, 1995 թվական, էջ 85):

Սուրբ Էջմիածնի խարխլված ու լքված վիճակը անհանգստացնում էր շատերին։ Այդ շրջանում միաբանման կոչ է անում և ի վերջո փորձ է արվում վերականգնել հայոց սրբատեղիներն ու եկեղեցիները։ Այդ ամենի գլխավերևում կանգնած էր Մովսես Վարդապետը, ով հետագայում դառնում է նաև Հայոց կաթողիկոս։ Նա 1627 թվականին իր շուրջն է  համախմբում աշխարհիկ և հոգևոր դասին, և փորձ է արվում վերականգնել հայոց սրբատեղիները։ Այդ շրջանի ու դեպքերի մասին գրել է իրադարձությունների ժամանակակից, հայ մեծ պատմիչ Առաքել Դավրիժեցին։ Հատկանշական է, որ Դավրիժեցին մանրամասն ներկայացնում է, թե ինչպիսի սարսափելի վիճակում էր գտնվում Սուրբ Էջմիածինը.

«Սուրբ աթոռը, որովհետև բոլորովին դատարկվել էր ունեցվածքից, կողոպտվել էր զարդերից. Ոչ գիրք կար, քանի որ այնտեղ ժամասացություն չկար, և ոչ էլ ընթերցում, ոչ զգեստ ու շուրջառ, որովհետև  ժամակարգություն ու պատարագ չկային։ Մինչև անգամ Քրիստոսի իջման տեղն ու սուրբ սեղանը ծածկոց չունեին։… Ոչ խնկարկություն, որովհետև բուրվառ ու խունկ չկար։ Եկեղեցու սալարկած հատակը քանդքնդված էր, դարձել էր զեռունների ու սողունների բույն, իսկ ունեցած ամենամեծ լուսամուտները բոլորը բաց էին առանց շրջանակի, որտեղից թռչունները ներս էին մտնում, եկեղեցին լցնում ծիրտերով ու ծեղերով և այլ աղբով, որոնք ամեն օր հարկադրված սրբում էինք։ Իսկ առավոտյան լուսանալիս թռչունների ձայները խլացնում էին ժամասացությունը։

Հողն ու մոխիրն այնքան էին բարձրացել, որ եկեղեցու շուրջն ամեն կողմից աղբն ու հողը յոթ կանգուն էին բարձրացել, եկել ծածկել էր եկեղեցու հիմքերն ու աստիճանները, որ դրսի կողմից են։

Իսկ եկեղեցու կամ տան զարդերը, սպասքներ ու անոթներ բնավ չկային, որովհետև ինչ-որ եղել էին հին ժամանակներից, կաթողիկոսները բոլորը վաճառելով կամ գրավ դնելով վատնել էին…»։ (Նույն տեղում` էջ 90):

Մովսես վարդապետի միաբանության և ջանքերի շնորհիվ Էջմիածնի Մայր տաճարի տարածքում կառուցվում են պարիսպներ։ Առաջին հերթին կարգի է բերվում տաճարը, իսկ պարիսպները պաշտպանելու էին տաճարը գողերից և ավազակներից։ Կառուցվեցին նաև միաբանների և հոգևորականների համար կացարաններ, և Մայր տաճարը կամաց-կամաց սկսում էր ոտքի կանգնել։ Զուգահեռաբար աշխատանքներ էին տարվում նաև Էջմիածնի այլ եկեղեցիներում ևս, որոնք թալանվել ու դատարկվել էին։ Սակայն պատմությունը Էջմիածնին բաժին հանեց հերթական վնասը։ Արդեն իսկ 1636 թվականին բռնկվեց թուրք-պարսկական հերթական պատերազմը։  Արդյունքում՝ Էջմիածնում կառուցված ու կառուցվող ինչ-ինչ շինությունները նորից ավերվեցին, իսկ բնակչությունը նորից կանգնեց գոյության պայքարի առաջ։

Զ. Շուշեցի

Տեսանյութեր

Լրահոս