Հայաստանի տնտեսությունը կորցնում է արտաքին աջակցությունը
Հայաստանի տնտեսության զարգացումների գործում միշտ էլ կարևոր դեր են ունեցել արտաքին ֆինանսական փոխանցումները։ Դրանք հասնում են մեր ՀՆԱ ընդհուպ 20 տոկոսին։ Սա տնտեսության աճին նպաստող բավական մեծ բաղադրիչ է։ Երբ այդ հոսքերն ավելանում են՝ մեծանում է նաև տնտեսական աճի վրա դրանց ազդեցությունը։
Այս տարվա սկիզբն արտաքին ֆինանսական հոսքերի առումով բավական հաջող էր մեր տնտեսության համար։ Արտաքին հատվածից ֆիզիկական անձանց փոխանցումների միջոցով Հայաստանի տնտեսության մեջ մտնող գումարները բարձր տեմպերով ավելանում էին։
Տարվա առաջին կեսին ունեինք 32 տոկոսից ավելի աճ։ Հիմա աճը կիսով չափ պակաս է։
Վերջին չորս ամիսներին մուտքերը նույնիսկ նվազել են նախորդ տարվա համեմատ։
Երևույթը սկսեց նկատվել տարվա երկրորդ կեսին։ Արդեն օգոստոսին, ոչ մեծ չափով, բայց անկում գրանցվեց։ Այդ ամսին ֆիզիկական անձանց բանկային փոխանցումները Հայաստան կրճատվեցին 1 մլն դոլարով։
Սեպտեմբերին թվում էր, թե ակտիվությունը նորից վերականգնվում է։ Ոչ նախկին տեմպերով, բայց որոշ աճ գրանցվեց։ Հոսքերը 3,2 տոկոսով կամ 6 մլն դոլարով ավելացան։ Բայց դրանում էական դեր էր կատարել մեկ կարևոր գործոն. կտրուկ ավելացել էին Ղազախստանից ֆիզիկական անձանց կատարած փոխանցումները։
Նախորդ տարի դրանք եղել էին ընդամենը 2,7 մլն դոլարի սահմաններում։ Արդեն այս տարի կազմեցին ավելի քան 10 մլն դոլար՝ ավելանալով գրեթե 4 անգամ։
Սա կապված էր ոչ այնքան զուտ տրանսֆերտային փոխանցումների, որքան առևտրային գործարքների հետ։ Այն ուղղակի կապ ունի՝ ինչպես նախկինում, այնպես էլ՝ հիմա Հայաստանից տրանսպորտային միջոցների արտահանման հետ։
Այդ գործոնի ազդեցությունը նկատելի է նաև տարվա կտրվածքով։ Ղազախստանը երբեք էլ չի առանձնացել Հայաստանի հետ ունեցած տրանսֆերտային հոսքերի ակտիվությամբ։ Սակայն այս տարի այդ ակտիվությունը նկատելի է ու բավական կտրուկ։
Տարեսկզբի 9 ամիսներին Ղազախստանից ֆիզիկական անձանց փոխանցումների տեսքով Հայաստան է մտել ավելի քան 66 մլն դոլար։ Անցած տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը ընդամենը 15-16 մլն դոլար էր։
Ի տարբերություն նախորդ տարվա՝ կրկին որոշակի հնարավորություններ են ստեղծվել Հայաստանից Ղազախստան տրանսպորտային միջոցներ արտահանելու համար։ Մի բան, ինչն արտահայտվել է նաև տրանսֆերտային հոսքերի կառուցվածքում։ Բայց դա ժամանակավոր երևույթ է, որը շուտով կդադարի։ Առայժմ հայտնի չէ, թե ինչպիսին են եղել զարգացումները հոկտեմբերին, սակայն այդ ամսին տրանսֆերտային ընդհանուր հոսքերը կրկին նվազել են, այն էլ՝ ավելի մեծ տեմպով, քան արձանագրվել էր օգոստոսին։
Հոկտեմբերին բանկային համակարգով ֆիզիկական անձանց փոխանցումների տեսքով Հայաստան է մտել 185 մլն դոլար։
Սա 26 միլիոնով պակաս է նախորդ տարվանից։ Մուտքերը այդ ամսին կրճատվել են 12 տոկոսով։
Ընդ որում՝ կրճատվել են ոչ միայն նախորդ տարվա, այլև նախորդ ամսվա համեմատ։
Սեպտեմբերին ֆինանսական փոխանցումները Հայաստան կազմել էին 196 միլիոն, հոկտեմբերին կազմել են 185 մլն դոլար. 11 միլիոնով քիչ։
Ֆինանսական միջոցների մուտքերը հոկտեմբերին կրճատվել են երկու հիմնական շուկաներից։ Խոսքն ինչպես Ռուսաստանի, այնպես էլ՝ Միացյալ Նահանգների մասին է։
Բայց ավելի կտրուկ է եղել Ռուսաստանի պարագայում։ Անցած տարվա հոկտեմբերին այդ երկրից ստացվել էր 111 մլն դոլար։ Այս տարի ստացվել է 78 միլիոն։
Հոսքերը հոկտեմբերին 33 միլիոնով կամ գրեթե 30 տոկոսով պակասել են։
Սա իր ուղղակի ազդեցությունն է թողել նաև այդ երկրից ստացված ընդհանուր մուտքերի վրա։
Նախորդ տարվա համեմատ աճ կա, բայց աճի տեմպը գնալով փոքրանում է։ Վերջին տվյալներով, այն կազմել է ընդամենը 5,9 տոկոս։ Այնինչ՝ առաջին կիսամյակում անցնում էր 18 տոկոսից։ Չորս ամսում աճի տեմպն ավելի քան 3 անգամ նվազել է։
Կրճատվում են ֆինանսական հոսքերը նաև Միացյալ Նահանգներից։ Այս երևույթը դիտարկվել է ոչ միայն հոկտեմբերին, այլև դրանից առաջին։ Հոկտեմբերին ԱՄՆ-ից 5 միլիոնով ավելի քիչ գումար է մտել Հայաստան, քան անցած տարվա այդ ամսին։
Եթե առաջին կիսամյակում Միացյալ Նահանգներից ֆիզիկական անձանց փոխանցումները մեծ տեմպերով ավելանում էին, հիմա արդեն կրճատվում են։
Վերջին 4 ամիսներին այդ երկրից ստացվել է 208 մլն դոլար, ինչը նույնիսկ 10 միլիոնով պակաս է նախորդ տարվանից։ Մինչդեռ, տարվա առաջին կեսին ունեինք ընդհուպ 85 տոկոսանոց աճ. անցած տարի ստացվել էր 140 միլիոն, այս տարի՝ 260 մլն դոլար։
Վերջին ամիսներին Միացյալ Նահանգներից կատարված ֆինանսական փոխանցումները դադարել են ավելանալ, ինչի հետևանքով էապես ընկել է նաև նախորդ շրջանում արձանագրված աննախադեպ բարձր աճի տեմպը։ Տասն ամսվա տվյալներով, ԱՄՆ-ից մուտքերի աճն արդեն 30 տոկոսի սահմաններում է։
Ինն ամսվա համեմատ այն ընկել է ևս 8 տոկոսային կետով։ Իսկ կիսամյակի համեմատ՝ գրեթե 3 անգամ։
Ֆինանսական հոսքերի ակտիվության անկումը նկատելի է նաև ընդհանուր մուտքերի վրա։ Առաջին կիսամյակի արդյունքում արձանագրվել էր դրսից ուղարկված գումարների ավելի քան 32 տոկոս աճ։ Հիմա արդեն այդ աճն իջել է 15 տոկոսի։ Ընդամենը 1 ամիս առաջ 20 տոկոս էր։
Ակնհայտ է, թե ինչպիսի մեծ տեմպերով է փոխվում աճի դինամիկան։ Եթե այն շարունակի պահպանվել, ապա տարեվերջին արտաքին ֆինանսական փոխանցումների շատ ավելի համեստ աճ կունենանք, քան կանխատեսվում էր ոչ վաղ անցյալում։
Նշենք, որ 10 ամսում ընդհանուր առմամբ ստացվել է 1 մլրդ 722 մլն դոլար, ինչը նախորդ տարվանից ավելի է 232 միլիոնով։ Բայց դա ամբողջությամբ ստացվել է տարվա առաջին կեսին։ Երկրորդ կիսամյակի առաջին 4 ամիսներին դրսից եկել է 744 մլն դոլար, ինչը նույնիսկ 274 հազար դոլարով պակաս է նախորդ տարվա նույն ամիսների ցուցանիշից։
ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ