«Նիկոլին ենք ասում, բայց կապիտուլյացիայի կնքահայրը Ժիրայր Լիպարիտյանն է». Դավիթ Ջամալյան
Բրյուսելում Նիկոլ Փաշինյանը Ալիևի հետ երեք անգամ հանդիպում ունեցավ. Նախ՝ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի ներկայությամբ, ապա՝ առանձին, այնուհետև՝ Ֆրանսիայի նախագահ Մակրոնի ներկայությամբ: Միայն Շառլ Միշելի հետ եռակողմ հանդիպման վերաբերյալ են մանրամասներ հաղորդվել, իսկ մյուս հանդիպումների և պայմանավորվածությունների մասին դեռ ոչինչ հայտնի չէ:
Ռազմական փորձագետ Դավիթ Ջամալյանի կարծիքով՝ արդեն սովորական պետք է համարել այն, որ մեր թիկունքում «ապազգային և ազգադավ» պրոցեսներ են ընթանում:
«Կանխատեսելիորեն Ալիևը հերթական պահանջը ներկայացրեց. Նա լկտիացման հերթական փուլն է թևակոխել՝ պահանջում է, որպեսզի ճանապարհային ռեժիմը Բերձորի միջանցքում և այդ Զանգեզուրի միջանցք կոչվածում պետք է իբրև թե նույնը լինեն: Դա կանխատեսելի էր, բայց այստեղ շատ կարևոր մի վերապահում. մենք՝ հայերս, ոչ նիկոլական իշխանությունը, ունենք բնական դաշնակիցներ՝ ի դեմս Ռուսաստանի և Իրանի: Այս երկու տերությունները շատ լավ գիտակցում են, որ այն, ինչ իրենից ներկայացնելու է Զանգեզուրի միջանցք ասվածը, կործանելու է հայոց պետականությունը և գոյաբանական վտանգ է ստեղծելու իրենց համար: Հետևաբար, իրենք շատ հստակ խնդիր են դնում ադրբեջանական կողմի առջև, ըստ էության, հայաստանակենտրոնության դիրքերից հիմա իրենք են բանակցում, այլ ոչ թե սա: Խնդիրն հետևյալն է՝ որպեսզի չլինի միջանցք, հարկավոր է, որ այդ ճանապարհը վերահսկվի ՀՀ-ի և դաշնակից տերությունների կողմից, իսկ դրա համար հարկավոր է, որ ոչ միայն այնտեղ ռուսական ներկայություն լինի, այլ ամենակարևորը՝ հայկական մաքսակետ լինի: Բնականաբար, սա ձեռնտու չէ թուրք-բրիտանական տանդեմին, և հիմա Ալիևը հակընդդեմ պահանջ է դնում, որ Լաչինում էլ պետք է նույնը լինի»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց նա:
Դավիթ Ջամալյանի խոսքով՝ եթե Բերձորի ճանապարհին նման ռեժիմ լինի, ապա հայաթափության հարցն ընդամենը ժամանակի հարց է լինելու.
«Այստեղ էլի հատու կերպով այս հեռանկարին Իրանն ու Ռուսաստանն են դուրս գալիս: Այստեղ ի՞նչ պետք է անի թուրք-բրիտանական շահին սպասարկող այս իշխանությունը. կա երկու սցենար: Կամ, էլի դիմադրության իմիտացիա ստեղծելով՝ գնալ դրան, ինչպես դիմադրության իմիտացիա ստեղծելով՝ Արցախը հանձնեց, ինչպես դիմադրության իմիտացիա ստեղծելով՝ թողեցին, որ թուրքը գա հասնի համարյա Գորիս-Երևան մայրուղի, և երկրորդ սցենարն այն է, որ այնուամենայնիվ, տեղի տալով շատ լուրջ ճնշումներին՝ թե՛ Թեհրանից, թե՛ Մոսկվայից, նաև ներքին ընդվզման ռեսուրսն աչքի առջև ունենալով՝ չգնալ այդ քայլին: Նիկոլ Փաշինյանը գրառում կատարեց, թե Ադրբեջանը բանակցությունները վիժեցնում է, իրենք այդ քայլին չեն գնալու և այլն. Մեծ հաճույքով կգնար, եթե չլիներ ռուս-իրանական դիմադրությունն ու ներքին ընդվզման վտանգը: Ստորագրությամբ Քարվաճառ հանձնող մարդը, որի թիմն օր առաջ Արցախն Ադրբեջանի կազմում թողնելու երգն է երգում, ուղղակի մեծ բավականությամբ կգնար այդ քայլին»:
Ռազմական փորձագետի խոսքով՝ հավանական են սահմանային սրումները. «Այսինքն՝ էլի կխաղարկեն սահմանային իրավիճակի լարում, և այդ ֆոնին այդ Բերձորի հատվածում մաքսատան գաղափարը հանրության մոտ ընկալելի դարձնելու փորձ կարվի: Նիկոլական թիմը կզարգացնի այն գաղափարը, որ՝ եկեք՝ դա էլ անենք, որ պատերազմ չլինի, և Արցախի հարցը կփակվի և իրենց երկնագույն երազանքը կիրականացվի: Բայց մեր թիկունքում կան ուժեր, որոնց ձեռնտու է սուբյեկտայնություն ունեցող Հայաստանը, և նրանց շրջանցել անհնար է»:
Հարցին՝ չշրջանցեցի՞ն այդ ուժերին՝ գնալով Բրյուսել և ձեռք բերելով պայմանավորվածություններ, նա պատասխանեց. «Ամբողջ ողբերգությունը հենց դրանում է կայանում, որ Հայաստանի կառավարման ղեկին գտնվում են թուրք-բրիտանական շահը սպասարկող խամաճիկներ, և նրանք ոչ միայն այդպես են փորձում շրջանցել այդ ուժերին, այլ այս ֆոնին մասնակցում են մի այնպիսի զարհուրելի հակառուսական, հակաիրանական միջոցառման, որը կազմակերպվել էր Բայդենի կողմից: Նիկոլ Փաշինյանն ասում է, որ այդ պահանջներին չի գնալու. Եթե չի գնալու, ո՞ւմ է ապավինելու: Քո դաշնակիցն ու բարեկամը քեզ այդ հնարավորությունն ընձեռում են, բայց դու մի կողմից՝ մասնակցում ես այդ ուժերի դեմ կազմակերպված միջոցառմանը, մյուս կողմից ասում ես՝ մենք դիմադրելու ենք: Ի՞նչ ռեսուրսով ես դիմադրելու: Էլի գործ ունենք վտանգավոր ու լկտի ազգադավ սցենարի հետ»:
Դավիթ Ջամալյանը անդրադարձավ նաև այս փուլում Ժիրայր Լիպարիտյանի ի հայտ գալուն. «Սա թիվ մեկ կապիտուլյանտն է: Նիկոլին ենք ասում, բայց կապիտուլյացիայի կնքահայրը Ժիրայր Լիպարիտյանն է, որը 90-ականներին այդ արևմտահաճո գաղափարը չկարողացավ կյանքի կոչել: Հիմա այդ մարդը հայտնվել է և զուհահեռաբար Արցախն Ադրբեջանի կազմում թողնելու, ամեն ինչ զիջելու պրոպագանդան տանելու քարոզն է անում՝ հենց այս հանդիպումների, Չավուշօղլուի հայտարարության ֆոնին: Հույսս այն է, որ Իրանն ու Ռուսաստանը, որոնք նաև հայկական շահն են պաշտպանում՝ իրենց գոյաբանական շահից ելնելով, ուղղակի թույլ չեն տա, որպեսզի այդ սցենարը մինչև վերջ կյանքի կոչվի»:
Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում