Հայ-թուրքական հարաբերություններ՝ կատարված նախապայմաններով

Պաշտոնական Երևանը և Անկարան հարաբերությունների կարգավորմանն ուղղված հստակ քայլեր ձեռնարկելու պատրաստակամություն են հայտնում և երկուստեք հատուկ ներկայացուցիչներ կնշանակեն: Այս մասին սկզբում հայտարարեց Թուրքիայի արտգործնախարարը, այնուհետև հայտարարությամբ հաստատեցին Հայաստանի արտաքին գործերի նախարարությունից:

Թուրքիան, որը 2020-ի արցախյան պատերազմում տարած Ադրբեջանի հաղթանակի «ճարտարապետն» էր, պատերազմական պլանի մշակողն ու մարտերը կառավարողը, բնականաբար, գործում է Ադրբեջանի հետ համաձայնեցված:

Այլ հարց է, որ սրանով մի քանի հարց է լուծում՝ տարածաշրջանում սեփական դերակատարման, գործոնի բարձրացում, ՀՀ-ի՝ որպես պետության թուլացում, ոչնչացում, հնարավոր սպառնալիքների չեզոքացում, Ադրբեջանի՝ իրենից կախվածության մեծացում:

Եվ եթե նախքան վերջին պատերազմը հասկանալի էր պաշտոնական Երևանի վստահեցումը, թե պատրաստ է Թուրքիայի հետ առանց նախապայմանների հարաբերությունների կարգավորմանը, ապա այսօրվա իրողության պայմաններում դա առնվազն ծիծաղելի է, քանի որ Թուրքիայի նախապայմանները, ըստ էության, ամբողջությամբ կատարված են:

1993թ. Թուրքիան միակողմանի փակեց օդային և ցամաքային սահմանը Հայաստանի հետ: Միջազգային հանրության ճնշման ներքո օդային սահմանը վերաբացվեց 1995-ին: Ցամաքային սահմանի վերաբացմանը և դիվանագիտական հարաբերությունների հաստատմանը խոչընդոտ են հանդիսացել Թուրքիայի կողմից առաջ քաշված մի շարք նախապայմաններ` մասնավորապես, ԼՂ-ի վերահսկողության տակ գտնվող շրջանների վերադարձը Ադրբեջանին և Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումից, պահանջատիրությունից հրաժարումը:

Փաշինյանի «թեթև ձեռքով» կամ դավաճան չերևալու բարդույթից ելնելով՝ Արցախի խնդիրը լուծվեց ռազմական ճանապարհով՝ 5000-ից ավելի մարդկային կորուստների գնով, և Ադրբեջանի վերահսկողության տակ անցան Արցախի ազատագրված տարածքները, ընդ որում, ոչ միայն բանակցային սեղանին դրվածները, ավելին, ՀՀ ինքնիշխան տարածքից ևս կորուստներ են եղել:

Եվ ամեն պատեհ առիթի Ալիևը հայտարարում է՝ հակամարտությունը կարգավորվել է, կարիք չկա վերադառնալու Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի մասին որևէ քննարկման: Ըստ էության, չկա գործընթաց նաև Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման ուղղությամբ, այսինքն, հայկական հարցի ապագան ևս վտանգված է այս առումով: Չմոռանանք, որ պատերազմի ժամանակ փաշինյանական իշխանության համար ահաբեկիչ էին միայն սիրիացի վարձկանները, որոնց, ի դեպ, Թուրքիան էր վարձել և ֆինանսավորել՝ Արցախի և ՀՀ-ի դեմ կռվելու համար: Փոխարենը՝ դեռևս այս տարվա մարտից Փաշինյանը մարզից մարզ էր գնում և հորդորում՝ դադարել թուրքին թշնամի տեսնել:

Գուցե սա ԱՄՆ նախագահի՝ Ազգային անվտանգության հարցերով նախկին խորհրդական Ջոն Բոլթոնի խորհրդով պատմական կաղապարներով չկաշկանդվելու փո՞րձ էր, գուցե Թուրքիային շնորհակալությո՞ւն, որ Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հարկ էր համարել դատապարտել ՀՀ-ում ռազմական հեղաշրջման փորձը, այն բանից հետո, երբ ՀՀ զինված ուժերի գեներալներն ու բարձրաստիճան զինվորականները պահանջել էին Նիկոլ Փաշինյանի և նրա կառավարության հրաժարականը:

«Մենք դատապարտում ենք ցանկացած ռազմական հեղաշրջում կամ նման հեղաշրջման փորձ, կարևոր չէ, թե աշխարհի որ երկրում է դա տեղի ունենում։ Մարդիկ իրավունք ունեն քննադատել իրենց երկրի կառավարությանը, պահանջել այդ կառավարության հրաժարականը։ Անընդունելի է, սակայն, երբ զինվորականներն են պահանջում ընտրված կառավարության հրաժարականը: Այնպես որ, մենք դատապարտում ենք Հայաստանում հեղաշրջման փորձը»,- խիստ մտահոգվելով Փաշինյանի հնարավոր պաշտոնանկության հեռանկարի համար՝ նշել էր Չավուշօղլուն՝ խառնվելով Հայաստանի ներքին գործերին։

Դրանից հետո Թուրքիայի նախագահ Էրդողանը փաշինյանական ոճով հաստատել էր․ «Իշխանափոխությունը հայ ժողովրդի իրավունքն է, և ընտրությունը պետք է անեն քաղաքացիները»:

Այլևս ակնհայտ էր՝ Թուրքիայի իշխանությունները անվերապահ աջակցում են Նիկոլ Փաշինյանին և ամեն ջանք գործադրում էին, որպեսզի նա հանկարծ պաշտոնանկ չլինի:

Եվ թեև կյանքը ցույց տվեց, որ գեներալները՝ ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանի գլխավորությամբ, հեղաշրջման միտք բացարձակ չունեին, Նիկոլ Փաշինյանը չբավարարվեց իրավունքի ուժով ազատումներից, և դրանից հետո շարունակեց բանակի թուլացման, կազմաքանդման ծրագիրը՝ իր համար վտանգ ներկայացնող զինվորականների ազատումից մինչև ոչ փորձառու ռազմական ղեկավարների նշանակում:

Չմոռանանք, որ հենց ՀՀ զինված ուժերի՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջի օրերին Ալիևը հայտարարեց՝ «հայկական բանակ այլևս չկա և չպետք է լինի»:

«Մենք երբեք թույլ չենք տա, որպեսզի մեզ համար սպառնալիք ստեղծվի, կամ ազատագրված տարածքներ վերադարձող մեր քաղաքացիների համար վտանգներ ի հայտ գան»,- շարունակել էր Ալիևը:

Թուրք-ադրբեջանական ցանկությունը, ըստ էության, արտացոլված էր ՔՊ-ի արտահերթ խորհրդարանական ընտրությունների նախընտրական ծրագրում, որտեղ ՀՀ-ին վերապահված չէ նաև Արցախի անվտանգության երաշխավորի դերակատարում:

«Արցախի և Արցախի ժողովրդի անվտանգությունը կշարունակի ապահովել Պաշտպանության բանակը»,- ասված է Փաշինյանի կուսակցության նախընտրական ծրագրում, իսկ ՊԲ-ն, ըստ էության, կազմաքանդված է, և ոչ հեռու անցյալում անվտանգային որոշակի խնդիրներ ոստիկանության զորքերին են վերապահվելու:

Ըստ Փաշինյանի ծրագրի, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումներն էլ պիտի զբաղվեն բացառապես մարտական պատրաստվածության, մարտունակության բարձրացման հարցերով: Եվ այսքանից հետո զավեշտ է պրոֆեսիոնալ բանակ ունենալու մասին Փաշինյանի հայտարարությունները, իսկ թե ինչ ասել է պրոֆեսիոնալ բանակ կամ ինչ տեսակ պրոֆեսիոնալ բանակի մասին է խոսքը, մինչ օրս պարզ չէ: Մյուս կողմից, հիմք ընդունելով, օրինակ, ՊՆ կարգավիճակում սեփական թիմակցի նշանակումը, պրոֆեսիոնալ բառը հեգնանքի նման է հնչում:

Ի դեպ, մեր տեղեկություններով, երբ նախքան պատերազմը ՀՀ-ում քննարկվում էր աշխարհազորի մասին նախագիծը, Արցախի պաշտպանությունը արդեն հաշվի չի առնվել:

Բանակի դեմ թուրքական ցանկությունների իրականացման ֆոնին հարկ է ևս մեկ անգամ հիշեցնել ՀՀ ԶՈՒ 3-րդ բանակային կորպուսի նախկին հրամանատար, գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրովի դեմ արշավը, երբ դեռ նա նշված զորամիավորման ղեկավարն էր:

«ՀՀ ԶՈՒ 3-րդ բանակային կորպուս, որը ղեկավարում է գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովի որդին՝ Գրիգորի Խաչատուրովը, ըստ էության, ապրում է իր կյանքով, և կարելի է ասել՝ այնքան էլ չի ենթարկվում Նիկոլ Փաշինյանին»,- ասվում էր ադրբեջանական caliber.az-ի ռեպորտաժում: Այսինքն, Գրիգորի Խաչատուրովից ազատվելը, ըստ էության, ադրբեջանափաշինյանական ծրագրի մաս էր:

«Անիմաստ եմ համարում հայտարարության մեջ շատ ընդլայնվել, սակայն միայն այն փաստը, որ երեք տարիների ընթացքում Նիկոլ Փաշինյանի նախաձեռնությամբ ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի պաշտոնում նշանակվել և ազատվել են թվով չորս բարձրագույն զինվորական կոչում ունեցող պաշտոնատար անձինք, դա հաստատում է ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանի ոչ ադեկվատ և անպատասխանատու լինելը: Յուրաքանչյուր օր, ժամ, Նիկոլ Փաշինյանի կողմից ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնելով՝ քայքայվում է ՀՀ անվտանգությունը և կասկածի տակ դրվում մեր հայրենիքի ապագան: Ուստի կրկին անգամ վերահաստատելով ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի 2021թ. փետրվարի 25-ի հայտարարությունը, կրկին պահանջում եմ Ն. Փաշինյանի անհապաղ հրաժարականը»,- նշված էր Գրիգորի Խաչատուրովի հայտարարության մեջ:

Նշենք, որ նոյեմբերի 10-ի Հայաստան-Ադրբեջան-Ռուսաստան եռակողմ հայտարարությունից հետո 168.am-ը տեղեկություն հրապարակեց, որ 3-րդ բանակային կորպուսի հրամանատար, գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրովը զորացրման զեկուցագիր էր գրել, և, որ պատճառը Տավուշի հատվածում ինչ-ինչ տարածքների հանձնումն էր։ Եվ մեր այդ հրապարակումը բնավ անհիմն չէր:

Իրականում եռակողմ հայտարարության սկզբում, որը հրապարակել էր «Սպուտնիկ-Արմենիան», եղել է հիշատակում Տավուշի մասին՝ երկրորդ կետում․

«Աղդամի շրջանը և տարածքները, որոնք հսկվում են հայկական կողմից Ղազախի շրջանում, վերադարձվում են Ադրբեջանին մինչև նոյեմբերի 20-ը»:

Կարճ ժամանակում վերոնշյալ հատվածը հանվել էր եռակողմ հայտարարությունից, ավելի կոնկրետ՝ փոխարինվել Լաչինի միջանցքի հետ կապված սրբագրումներով: Իսկ Տավուշի մասով պայմանավորվածություններին դեռ հասնելու են: Օրերս «Փաստ» օրաթերթը գրեց Կիրանց-Ոսկեպար այլընտրանքային ճանապարհի կառուցման մասին:

168.amգրել էր եթե հանկարծ ԽՍՀՄ քարտեզը տարածվի Տավուշի մարզի վրա, մենք կկորցնենք Ոսկեպարի ճանապարհը, Ազատամուտի (Իջևան-Բերդ), Կիրանցի և Ոսկեպարի հատվածները (Իջևան-Նոյեմբերյան):

Կրկնում ենք՝ Ադրբեջանը բոլոր գործողություններում ունի Թուրքիայի աջակցությունը:

Թուրքիայի ներքին գործերի նախկին նախարար Սադեթթին Թանթանն ադրբեջանական «Թուրան» գործակալությանը տված հարցազրույցում ակնարկել էր, որ «Զանգեզուրը այսօր փակ տարածաշրջան է թյուրքական աշխարհի համար»: Այսինքն, այն բացվելու դեպքում միավորելու է թյուրքական աշխարհը:

«Զանգեզուրն այսօր փակ տարածաշրջան է ոչ միայն Ադրբեջանի և Թուրքիայի, այլև ամբողջ թյուրքական աշխարհի համար: Դրանով ցամաքա-օդային-երկաթգծային միջանցքի անցկացումը նշանակում է՝ ճանապարհ բացել Թուրքիայից Նախիջևան, իսկ այնտեղից՝ թյուրքական աշխարհ: Միաժամանակ, դրանից կկարողանան օգտվել նաև եվրոպական երկրները: Բայց միջանցքը պետք է ամբողջովին գտնվի Ադրբեջանի վերահսկողության տակ»,-բացահայտ հայտարարել էր Թանթանը և հավելել.

«Կարծում եմ, որ Զանգեզուրի միջանցքի բացումը մեծ ներդրում է լինելու տարածաշրջանի բազմակողմանի և համապարփակ զարգացման համար: Միջանցքի օգտագործման սահմանափակումների բացակայության և իր «հնագույն հողի» նկատմամբ Ադրբեջանի վերահսկողության իրականացման պարագայում, տարածաշրջանի բնակչությունը կբարգավաճի: Ես գտնում եմ, որ առաջին հերթին անհրաժեշտ է վերանայել ՌԴ-ի կողմից տարածաշրջան մուտքի և ելքի նկատմամբ հսկողության հարցը»,- շարունակել է թուրք նախկին պաշտոնյան:

Իսկ երբ Իլհամ Ալիևը և Ռեջեփ Թայիբ Էրդողանն Արցախի օկուպացված տարածքներում ծանոթացել էին Ահմադբեյլի-Վարանդա (Ֆիզուլի)-Շուշի ավտոմայրուղու շինարարական աշխատանքների ընթացքին, և Ադրբեջանի ճանապարհների պետական գործակալության նախագահ Սալեհ Մամեդովն ավտոմայրուղու հիմնարկեքի արարողության ժամանակ նրանց տեղեկացրել էր ընթացիկ աշխատանքների մասին։

«Դուք գնում եք մինչև Հայաստանի հետ սահման, այնպես չէ՞: Դուք կգնա՞ք ավելի հեռու»,- հարցրել էր Էրդողանը:

«Այո, այնտեղից մենք կգնանք այն կողմ»,- պատասխանել էր Մամեդովը։

Հիշեցնենք, որ ՀՀ պետական սահմանի հետ կապված թուրք-ադրբեջանական ցանկությունները հասնում են մինչև Սևանա լճի մեջտեղով անցնող տարածք:

Այսինքն, թուրք-ադրբեջանական տանդեմի նպատակը Հայաստանի նկատմամբ, բնավ, բարիդրացիական չի, ինչպես կաշվից դուրս գալով՝ փորձում է համոզել Նիկոլ Փաշինյանը, որի թեթև ձեռքով Հայաստանը հայտնվելու է առավել վտանգավոր «աքցանի», շրջափակման մեջ:

Վերադառնալով թուրքական նախապայմանների կատարմանը, նշենք, որ ՀՀ ազգային հերոս Մոնթե Մելքոնյանի մասին նյութերի ֆեյսբուքյան արգելափակումները և ՀՀ իշխանությունների լռությունը ևս տեղավորվում են թուրք-փաշինյանական բարեկամության տրամաբանության մեջ: Եվ չի բացառվում, որ աստիճանաբար ՀՀ-ն «պահվի» զուտ թուրքական ներդրումներով՝ անմիջապես Թուրքիայի՞ց, թե՞ այլ տեղից փոխանցվող: Այսօր չես կարող ասել, թե ՀՀ-ում շատ հաճախ վարձով տալու նպատակով ում կողմից են գնվում նորակառույց շենքերում բնակարաններ, գուցե թուրքական կապիտա՞լ է, օրինակ, Գերմանիայից: Մի բան հստակ է՝ Ադրբեջանը և Թուրքիան չեն փոխվել, և նրանց գլխում դեռ ապրում է ՀՀ-ն հայաթափելու ծրագիրը՝ պատերազմով, դելիմիտացիայով, թե ՀՀ-ում տներ գնելով:

Իսկ մի քանի ամսից Ապրիլքսանչորսն է, գուցե Ծիծեռնակաբերդ գնալը Թեհլերյանի նկարով ևս արգելվի՞, կամ թուրքական դրոշ վառելը, ջահերով երթը…

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031