ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ենթակառուցվածքների վերականգնումը պետք է լինի բոլոր երկրների ինքնիշխանության հարգմամբ․ Շառլ Միշելի հայտարարությունը
Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը Բրյուսելում Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հետ դեկտեմբերի 14-ին մեկնարկած ու մի քանի ժամ տևած հանդիպման արդյունքներով հայտարարություն է տարածել՝ քննարկումները համարելով նշանակալի։
ԵԽ նախագահ Միշելը հայտնել է Եվրամիության պատրաստակամությունը՝ սերտորեն աշխատելու Հայաստանի և Ադրբեջանի հետ՝ առկա խնդիրները հաղթահարելու, համագործակցության և վստահության մթնոլորտ ստեղծելու ուղղությամբ՝ տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատման նպատակով, որն ի վերջո կհիմնվի խաղաղության համապարփակ համաձայնագրի վրա։
Նա նշել է, որ հանդիպմանը բոլոր կողմերը կիսել են մոտեցումը, որ պետք է կառուցել անվտանգ, կայուն և բարգավաճ Հարավային Կովկաս՝ ի շահ տարածաշրջանում ապրող ժողովուրդների:
«Վարչապետ Փաշինյանը և նախագահ Ալիևը վերահաստատել են, որ 2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021 թվականի հունվարի 11-ի երկու եռակողմ (ՀՀ, ՌԴ և ԱՀ- խմբ․) հայտարարությունների շրջանակներում ստանձնած առանցքային պարտավորությունները պետք է հարգվեն, և ամրապնդվեն 2021 թվականի նոյեմբերի 26-ին Սոչիում ձեռք բերված փոխըմբռնումները։ Նախագահ Միշելը բարձր է գնահատել երկու ղեկավարների ձեռնարկած քայլերը՝ Հայաստանի և Ադրբեջանի սահմանին վերջին զինված բախումներից հետո լարվածության թուլացումն ապահովելու ուղղությամբ։
Կողմերն ընդունել են, որ երկու երկրների պաշտպանության նախարարների միջև հաջողությամբ հաստատվել է ուղիղ կապ՝ նախագահ Միշելի աջակցությամբ։ Այս մեխանիզմը կարող է ծառայել ապագա միջադեպերի կանխարգելմանն ու դրական ազդեցություն ունենալ լարվածության թուլացման հարցում»,- նշված է ԵԽ նախագահի հայտարարության մեջ։
ԵԽ նախագահ Միշելն ընդգծել է, որ առանցքային հումանիտար խնդիրների լուծումը վճռորոշ նշանակություն ունի։ Նա ողջունել է դեկտեմբերի 4-ին Ադրբեջանի կողմից տասը հայ գերիների վերադարձը և ականապատ տարածքների քարտեզների հանձնումը Հայաստանի կողմից:
«Նա կոչ է արել լիարժեք և արագ լուծել բոլոր հումանիտար խնդիրները, ինչպիսիք են կալանավորների ազատ արձակումը և անհայտ կորածների ճակատագրի հստակեցումը՝ միաժամանակ գիտակցելով, որ երկու կողմերի մարդասիրական ժեստերը նաև նպաստում են վստահությանը և խաղաղության ու հաշտեցման տանող միջավայրի ստեղծմանը: ԵՄ-ն կշարունակի աջակցել մարդասիրական ականազերծման ջանքերին, այդ թվում՝ տրամադրելով փորձագիտական խորհրդատվություն, կօժանդակի հակամարտությունից տուժած բնակչությանը, վերականգնմանն ու վերակառուցմանը: ԵՄ-ն նաև կշարունակի աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև վստահության ամրապնդման միջոցառումներին»,-նշված է հայտարարության տեքստում։
Հայաստանի վարչապետը, Եվրոպական խորհրդի ղեկավարն ու Ադրբեջանի նախագահը քննարկել են նաև Եվրամիության և երկու երկրների միջև առկա և հեռանկարային առևտրատնտեսական գործընկերությունը: Ընդգծվել է ԵՄ-ի մտադրությունը՝ գործարկելու տնտեսական խորհրդատվական հարթակ՝ վստահություն ստեղծելու, խաղաղ գոյակցությանը նպաստելու և տարածաշրջանում տնտեսական համագործակցությունն ամրապնդելու համար:
Երկրների ղեկավարները պայմանավորվել են, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանագծման և սահմանազատման շուրջ բանակցությունների ծրագրված մեկնարկի համատեքստում անհրաժեշտ կլինի հետագա շոշափելի քայլեր ձեռնարկել տեղում լարվածությունը նվազեցնելու, բարենպաստ մթնոլորտ ապահովելու համար։ Նախագահ Միշելը և՛ Երևանին, և՛ Բաքվին կոչ է արել ակտիվորեն ներգրավվել և բարեխղճորեն աշխատել լարվածության թուլացման ուղղությամբ: Նա ընդգծել է, որ ուժերի համապատասխան հեռավորության ապահովումը միջադեպերի կանխարգելման էական տարր է։ ԵՄ-ն կտրամադրի փորձագիտական առաքելություն/խորհրդատվական խումբ՝ աջակցելու սահմանների սահմանագծման և սահմանազատման հարցերին՝ երկու երկրներին ապահովելով տեխնիկական աջակցություն:
ԵԽ նախագահ Միշելն ընդգծել է Հայաստանի և Ադրբեջանի միջև, ինչպես նաև ողջ Հարավային Կովկասում հաղորդակցության ենթակառուցվածքների վերականգնման կարևորությունը՝ լիակատար հարգանք ապահովելով բոլոր երկրների ինքնիշխանության նկատմամբ։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել երկաթուղային գծերի վերականգնումը՝ սահմանային և մաքսային հսկողության համապատասխան պայմանավորվածություններով՝ փոխադարձության սկզբունքով։ ԵՄ-ն պատրաստ է աջակցել կապերի զարգացմանը՝ իր տնտեսական և ներդրումային ծրագրերին համապատասխան: Առաջարկվող տնտեսական խորհրդատվական հարթակը նույնպես կարող է աջակցել այս գործընթացին: Ղեկավարները պայմանավորվել են հետևել իրենց հանդիպման արդյունքներին և մնալ ներգրավված: