Բաժիններ՝

Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման օրակարգը Թուրքիայինն է, դռնփակ բանակցություններում հայկական կողմին նոր նախապայմաններ են առաջադրելու. թուրքագետ Հակոբ Չաքրյան. tert.am

Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում դրական ազդակ, որպես այդպիսին, գոյություն չունի։ Թուրքիայի աշխարհագրական առաջադրանքն է Նախիջևանից Մեղրիով ուղիղ կապ ստեղծել ցամաքային Ադրբեջանի հետ, ազդեցություն տարածել ամբողջ Հարավային Կովկասի վրա, ապա՝ ներթափանցել Միջին Ասիա։ Դա իրենց վաղեմի երազանքն է։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում, անդրադառնալով հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ուղղությամբ տարվող գործընթացին, այդ համատեքստում հատուկ բանագնաց նշանակելու վերաբերյալ ՀՀ ԱԳՆ տարածած հայտարարությանը, ասաց թուրքագետ Հակոբ Չաքրյանը։

«Ամեն անգամ, երբ խոսակցություն է ծավալվում հայ-թուրքական հարաբերությունների բարելավման մասին, Թուրքիայի ղեկավարները անընդհատ մեջտեղ են բերում «Զանգեզուրի միջանցքը», ըստ երևույթին՝ Մոսկվան էլ է դա ուզում։ Սկզբնապես խոսվում էր երկու միջանցքի մասին։ Առաջինը՝ Իրանի սահմանի երկայնքով` 5 կմ լայնությամբ, մյուսը, որի անունը չէին տալիս, նույնպես ձգվում էր 5 կմ լայնությամբ։ Երբ ԱՄՆ նախագահ Բայդենը ասաց, որ «Մեղրիի միջանցք» չպետք է լինի, հասկացանք, որ երկրորդ միջանցքը, որի մասին խոսում են թուրքերն ու ռուսները, Մեղրիի հյուսիսով պետք է անցնի։ Եթե երկու միջանցքներն էլ ստեղծվեն, ՌԴ ԱԳ նախարար Լավրովը նորից կգնա Բաքու, ինչպես մայիսի 11-ին, Մոսկվա չվերադարձած` Ադրբեջանը կներխուժի Սյունիք, Ռուսաստանը, որպես ռազմավարական դաշնակից, Սյունիք կբերի 20.000-ոց զորք, հետ կշպրտի ադրբեջանցիներին և կմնա այնտեղ»,- ասաց թուրքագետը։

Չաքրյանի խոսքով` Թուրքիայից դրական ազդանշաններին ընդառաջելուց առաջ պետք է նախ բացատրություն պահանջել, թե ինչ էր նշանակում պատերազմի օրերին Էրդողանի այն հայտարարությունը, որ իրենք պատերազմին մասնակցում են 1915թ.-ին կիսատ թողած գործը ավարտին հասցնելու համար։

«Հայ-թուրքական հարաբերությունների բարելավումը նախատեսո՞ւմ է նաև դիվանագիտական հարաբերությունների հաստատում, այս հարցի բացատրությունը ևս պետք է ստանալ։ Որքանով ես գիտեմ, խոսակցությունը ընթանում է Թուրքիայի առջև Հայաստանի սահմանները բացելու շուրջ։ Քանի որ միջանցքը ստեղծում է կապը Ադրբեջանի հետ, բնականաբար Թուրքիան է շահագրգռված այս հարցում`իր հետագա հաշվարկները իրականացնելու համար, սա Թուրքիայի օրակարգն է։

Մենք չգիտենք, եթե հայկական կողմը նստի բանակցությունների սեղանի շուրջ, ինչ նախապայմաններ դեռ կառաջադրեն։ Ընդհանրապես նախապայմանների առաջադրումը անհարիր է միջազգային պրակտիկային, հետևաբար՝ «դհոլ-զուռնայով» չեն հայտարարում, բանակցությունները դռնփակ են, համոզված եմ, երբ դա տեղի ունենա, նոր նախապայմաններ կառաջադրեն»,- ընդգծեց Չաքրյանը։

Թուրքագետի խոսքով` «Զանգեզուրի միջանցքը» ձեռնտու է նաև Ռուսաստանին, որպեսզի այդ միջանցքով փակի Հարավային Կովկասի ճանապարհը Մինսկի խմբի երկու համանախագահող երկրների`ԱՄՆ-ի ու Ֆրանսիայի առաջ և չվերականգնի նրանց քաղաքական ներկայությանը տարածաշրջանում։

Չաքրյանը համոզված է, որ Թուրքիան Հարավային Կովկասում ինքնուրույն չի գործում և ինքնուրույն դերակատար չէ։

Անդրադառնալով ճանապարհների ապաշրջափակման և հարաբերությունների կարգավորման հնարավոր բացասական արդյունքներին և տնտեսական էքսպանսիայի վտանգներին՝ Չաքրանը նշեց. «Թուրքիան հիմա գտնվում է ֆինանսական ճգնաժամի մեջ, պետական գանձարանը դատարկ է, պահուստային ֆոնդը կազմում է -32 մլրդ դոլար։ Եթե կարողանա հաղթահարել այդ ճգնաժամը, Թուրքիան կարող է Հայաստանը հեղեղել թուրք գործարարներով և թուրքական կապիտալներով, մեր գործարարները, կարծում եմ, չեն կարողանա այդ մրցակցությանը դիմանալ։ Գաղտնի ծառայությունների մասով ևս վտանգ կա։ Դա Հայաստանի համար ճակատագրական կարող է լինել։ Համենայն դեպս հույս ունեմ, որ անկախ Հայաստանի իշխանությունների պատրաստակամությունից՝ դա տեղի չի ունենա։ Ռուսաստանը հիմա զբաղված է Ուկրաինայի խնդիրներով, չեմ կարծում, որ աջակցի Էրդողանին։ Վերջինս ինքնուրույն չի կարող միջանցք բացել։ Հարցը միջանցքի բացմանը չի հասնի, մինչև Ուկրաինայի հարցում ԱՄՆ-ն և ԵՄ-ն Ռուսաստանի հետ ինչ-որ համաձայնության չգան։ «Մեղրիի միջանցքը» հայ-ադրբեջանական հարց չէ, դա տարածաշրջանային նշանակության միջանցք է»,- ընդգծեց թուրքագետը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս