ԱԺ-ում Ժիրայր Լիպարիտյանի հետ փակ հանդիպման նախաձեռնողը Էդուարդ Աղաջանյանն է, գլխավոր առիթը՝ Լիպարիտյանի հեղինակած «Սպիտակ թուղթը»

ՀՀ Առաջին  նախագահի գլխավոր խորհրդական, հատուկ հանձնարարությունների գծով դեսպան Ժիրայր Լիպարիտյանն այսօր ԱԺ-ում ՔՊ-ական պատգամավորների հետ փակ դռների հետևում հանդիպում է  անցկացրել։

Երբ երեկ Թուրքիայի արտգործնախարարի հայտարարությունից է հայ հանրությունը տեղեկանում, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցում ինչ որ զարգացումներ են տեղի ունենում, երբ  արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն ասում է, թե Թուրքիան և Հայաստանը հարաբերությունները կարգավորելու համար կնշանակեն հատուկ ներկայացուցիչներ, ինչն այսօր է հաստատում ՀՀ արտգործնախարարությունը, բնականաբար, հարցեր են ծագում, թե որն է Ժիրայր Լիպարիտյանի հետ փակ հանդիպման նպատակը: Առաջին վարկածը լրահոսին հետևող հանրության մոտ հենց այս զարգացումների առիթն էր:

Բայց հանդիպման ավարտից հետո   ՔՊ-ական պատգամավոր Էդուարդ Աղաջանյանը լրագրողների հետ զրույցում ասաց,  որ քանի որ Ժիրայր Լիպարիտյանն այս օրերին գտնվում էր Հայաստանում, պատգամավորներն էլ  տեղեկացել են դրա մասին, ինքը որպես խորհրդարանի Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ՝ նախաձեռնել է այս հանդիպումը։

«Հաշվի առնելով Պարոն Լիպարիտյանի՝ արտաքին քաղաքականությունում հարուստ փորձը և վերջինիս խորը գիտելիքները բանակցային գործընթացի բոլոր մանրամասների վերաբերյալ, մենք անցկացրեցինք նման հանդիպում։ Կարծում եմ՝ նմանատիպ քննարկումները ոլորտի մասնագետների հետ կարևոր են և օգտակար են քաղաքական գործիչների համար, մասնավորապես՝ ՔՊ պատգամավորների հետ։ Մենք բարձր ենք գնահատում պարոն Լիպարիտյանի, ինչպես նաև այլ մասնագետների գիտելիքները տվյալ ոլորտում։ Կարծում եմ՝ ոլորտային մասնագետների հետ նմանատիպ քննարկումները միայն դրական ազդեցություն կարող են ունենալ։ Մենք պարոն Լիպարիտյանին հրավիրել ենք՝ որպես էքսպերտ, և հնչել են տարբեր կարծիքներ»,- պարզաբանեց Էդուարդ Աղաջանյանը։

Միաժամանակ նա ընդգծեց, որ Լիպարիտյանի հետ հանդիպման գլխավոր պատճառը նրա հեղինակած «Սպիտակ թուղթ» ռազմավարությունն է, որտեղ համապարփակ անդրադարձ է կատարել Արցախի հիմնախնդրին։

 

 

Տեսանյութեր

Լրահոս