ԿԲ-ն բարձրացրել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը

 ԿԲ նախագահ Մարտին Գալստյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրեց՝ ԿԲ խորհուրդը բարձրացրել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը 0.5 տոկոսային կետով՝ սահմանելով 7.75%:

«2021թ. նոյեմբերին արձանագրվել է 1.7% գնաճ՝ նախորդ տարվա նույն ամսվա 1.3% գնաճի  դիմաց, որի պարագայում 12-ամսյա գնաճն ավելացել է՝ ամսվա վերջին կազմելով 9.6%: 12-ամսյա բնականոն գնաճը ևս՝ նախորդ ամիսների կայուն վարքագծից հետո նոյեմբերին ավելացել է՝ կազմելով 8.4%»,- ամփոփելով տնտեսական միտումները՝ ասաց ԿԲ նախագահը՝ տեղեկացնելով նաև, որ ՀՀ հիմնական գործընկեր երկրներում շարունակվում է տնտեսական ակտիվության ու համախառն պահանջարկի արագ վերականգնումը:

Նա հավելեց, որ ձևավորված բարձր գնաճային սպասումների մեղմման և գնաճի թիրախի ապահովման նպատակով գործընկեր երկրների ԿԲ-ները շարունակում են խստացնել դրամավարկային պայմանները, և այդ պարագայում, արտաքին հատվածից ՀՀ տնտեսության վրա ակնկալվում է գնաճային ազդեցության ավելացում:

Անդրադառնալով տնտեսական ակտիվության միտումներին՝ ԿԲ նախագահը նշեց, որ տնտեսական ակտիվությունը գնահատվում է սպասվածից ավելի ցածր, ինչը հիմնականում պայմանավորված է գյուղատնտեսության և արդյունաբերության ճյուղերի աճի դանդաղմամբ: Նա, այդուհանդերձ, նկատեց,  որ պահանջարկի դրական զարգացումները պահպանվում են, ինչին նպաստում է արտաքին պահանջարկի ազդեցությունը՝ պայմանավորված սպասվածի համեմատ զբոսաշրջության աճի ավելի բարձր տեմպերով:

«Հաշվի առնելով արտաքին հատվածից փոխանցվող գնաճային ազդեցությունների էական ավելացումը, ինչպես նաև գնաճային սպասումների գնահատվող զարգացումները՝ Խորհուրդը նպատակահարմար է համարում բարձրացնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը: Նման պայմաններում կանխատեսվում է, որ 12-ամսյա գնաճն աստիճանաբար կնվազի և կանխատեսվող միջնաժամկետ հորիզոնում կմոտենա նպատակային 4% ցուցանիշին ու կկայունանա դրա շուրջ:

ԿԲ Խորհուրդը գնահատում է, որ տնտեսական հեռանկարների մասով դեռևս պահպանվող անորոշությունների ներքո կանխատեսված միջնաժամկետ ուղեգծից գնաճի շեղման ռիսկերը հիմնականում վերևի ուղղությամբ են, և դրանց դրսևորման պարագայում պատրաստ է համարժեքորեն արձագանքել՝ ապահովելով գների կայունության նպատակի իրագործումը»,- եզրափակեց Մարտին Գալստյանը:

Տեսանյութեր

Լրահոս