Միմյանց դատելու մեջ երբեք արդար ու ազնիվ չենք…
Ո՞վ կարող է դատել։
Այս հարցը շատերիս է հետաքրքրում, քանի որ երբեմն անցնում ենք դատելու ու կարծիք հայտնելու սահմանը, դառնում ենք դատավոր այլոց կյանքի ու գործերի համար։ Եվ սթափվելով՝ հարցնում ենք մեզ, թե արդյոք կարելի էր նման կերպ վարվել։ Կարելի՞ էր դատել, ունեի՞նք իրավունքը։
։ Ինչո՞ւ։ Քանի որ չգիտենք, թե ինչ է կատարվում մարդկանց ներաշխարհում։ Մենք տեսնում ենք միայն արտաքին շերտը, մինչդեռ դատելու համար պետք է ամեն բան իմանալ ամբողջապես և ոչ թե ունենալ ընդամենը պատկերացումը խնդրի շուրջ։
Մենք տեսնում ենք արարքը, սակայն չենք տեսնում դրա դրդապատճառը, իսկ Աստված ամենատես է։
Աստվածաշնչում էլ է տրված պատգամը․ «Ժամանակից առաջ մի՛ դատեք, մինչև գա Տերը, որ ի լույսի կհանի խավարի գաղտնիքները և հայտնի կդարձնի սրտերի խորհուրդները. և ապա յուրաքանչյուրը գովասանք պիտի ստանա Աստծուց» (Ա Կորնթ. 4։5)։
Երբ ուզում ենք դատել, մի պահ կանգ առնենք ու հիշենք Քրիստոսի խոսքը, որը հատկապես երևում է Աստվածաշնչի այս դրվագում։ Մի կին շնացել էր և բռնվել իր հանցանքի մեջ։ Օրենսգետներն ու փարիսեցիները նրան կենտրոն բերեցին և Քրիստոսին ասացին, որ պետք է քարկոծեն նրան, քանի որ հաստատապես շնացել էր։ Իսկ Քրիոստոս ասաց նրանց․ «Ձեր միջից անմե՛ղը նախ թող քար գցի դրա վրա» (Հովհ․ 8։7)։ Ոչ ոք նրա վրա քար չնետեց, և բոլորը հեռացան։ Սուրբ Գրքում ներկայացված է․ «Հիսուս նրան ասաց. «Ո՛վ կին, ո՞ւր են. քեզ ոչ ոք չդատապարտե՞ց»: Եվ սա ասաց՝ ո՛չ, Տե՛ր: Եվ Հիսուս ասաց. «Ես էլ քեզ չեմ դատապարտում. գնա՛, այսուհետև մի՛ մեղանչիր»» (Հովհ․ 8։10-11)։
Երբ ասում ենք՝ Աստված կդատի, անպատճառ նկատի ունենք այն ուղին, որը տանում է հոգու նորոգման, իսկ երբ մարդու դատելուց ենք խոսում, գործ ունենք կործանիչ երևույթի հետ։
Այսպիսով՝ մշտապես հիշենք, որ դատելու իրավունք չունենք ոչ մեկի հանդեպ, և արդար դատելու գործը պետք է թողնենք Տիրոջը։