Ցավալի է, որ այսպիսի վատորակ նշանակում է լինում, երբ Հայաստանն այսքան վատ վիճակում է և ամեն տեսակի դաշնակիցների կարիք ունի. Հարութ Սասունյան

«Կալիֆոռնիա կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր Հարութ Սասունյանի կարծիքով, Հայաստանում 2018 թվականին իշխանության եկածներից ոչ ոք իր պաշտոնին համապատասխան կարողություններ չունի: 168.am-ի հետ զրույցում ամերիկահայ հասարակական գործիչը որպես օրինակ հիշեց և հիշեցրեց ամիսներ առաջ Ամերիկայի Միացյալ Նահանգներում Հայաստանի Հանրապետության դեսպան նշանակված Լիլիթ Մակունցին:

«Լիլիթ Մակունցն էլ մի օրինակ է, որ սխալ մարդ է նշանակվել՝ մանավանդ, որ այդ պաշտոնի վրա արդեն կար դեսպան, որ հոյակապ աշխատանք էր տանում, հոյակապ կապեր էր հաստատել ԱՄՆ  քաղաքական վերնախավի հետ, առնչվում էր նրանց հետ, բանակցում էին, և այլն: Եվ այդ կարող մարդուն ինչպե՞ս կարելի է պաշտոնից հանել, կիսատ թողնել իր աշխատանքը, և փոխարինել այդ դեսպանին մի նոր անհատով, որ որևէ գաղափար չունի դիպլոմատիկ աշխատանքների մասին, որևէ»,- նշեց նա:

Հարութ Սասունյանը շեշտեց՝ չի կարելի ԱՄՆ-ի նման հզոր երկրում որպես ներկայացուցիչ ուղարկել անփորձ մեկին՝ նկատելով, որ նույնիսկ ամենահետամնաց երկրները Վաշինգտոն են ուղարկում ամենակարող անհատին:

«Լիլիթ Մակունցը չի կարող որպես դեսպան նույնիսկ ամենափոքր երկիր ուղարկվել. ուր մնաց՝ ԱՄՆ: Եվ երբ եկավ, շատ արտառոց բաներ տեսանք իր գալով, որ 30 տարի երբեք չէինք տեսել որևէ նոր դեսպանի կողմից,- հավելեց գործիչը, ապա մանրամասնեց,- Երբ նոր դեսպանը հասնում է Վաշինգտոն, հաջորդ օրերի ընթացքում դեսպանատունը «բարի գալուստի հյուրասիրություն» է կազմակերպում՝ հրավիրելով ամերիկյան քաղաքական վերնախավի և հայ համայնքի ներկայացուցիչներին՝ հանդիպելու, ծանոթանալու նոր դեսպանի հետ, որպեսզի հետո կարողանան այդ կապերը պահել:

Մի քանի ամիս է՝ եկել է, սակայն ցայսօր որևէ հյուրասիրություն չի կազմակերպել, ոչ մի առիթով որևէ մեկն իրեն չի հանդիպել»:

Մեր զրուցակիցը հիշեց միայն մի ձախողված հյուրասիրության մասին, որը պետք է տեղի ունենար Լոս Անջելեսում, բայց օրեր անց չեղարկվել էր առանց պատճառաբանության:

Հ․ Սասունյանը ենթադրում է, որ այն չեղարկվել է հրավերների մերժման պատճառով.

«Իմ ենթադրությունն այն է, որ երբ սկսեցին հրավիրել այդ մարդկանց, նրանք սկսեցին բողոքել, որ՝ մենք այս դեսպանին չենք ընդունում, և եթե գա այստեղ, հնարավոր է՝ հյուրասիրության ընթացքում ժողովուրդը ցույց անի և խանգարի միջոցառումը: Տեսնելով, որ նման վտանգ կա, ասացին՝ ավելի լավ է՝ չեղարկենք այս հյուրասիրությունը․․․ Շատ ցավալի է, որ այսպիսի վատորակ նշանակում է լինում հատկապես այն ժամանակ, երբ Հայաստանն այսքան վատ վիճակում է և ամեն տեսակի դաշնակիցների, տարբեր երկրներից օգնողների կարիք ունի և մանավանդ՝ հզոր  Ամերիկայից»,- եզրափակեց Հարութ Սասունյանը:

Տեսանյութեր

Լրահոս