Վարչապետը, ԱԺ նախագահը, նախարարները մարդիկ են, որոնք իրենց պաշտոններում լինելու իրավունք չունեն. Հարութ Սասունյան

«Ուրախ եմ, որ Հայաստանի ժողովրդի պատկառելի մասն արթնանում է և տեսնում է  իրողությունը»,- 168.amի հետ զրույցում անդրադառնալով ՏԻՄ ընտրությունների արդյունքներին՝ նշեց «Կալիֆոռնիա կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր Հարութ Սասունյանը:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 5-ին ավարտվեցին հոկտեմբերի 17-ից տարբեր համայնքներում մեկնարկած ՏԻՄ ընտրությունները. մի շարք խոշոր համայնքներում իշխանական ուժի պարտությունը հասարակական ու քաղաքական տարբեր շրջանակներ որակեցին էյֆորիայից իրականության անցման ցուցիչ:

Հարութ Սասունյանը համոզված է՝ այդ արթնացումը հենց իշխանությունների ապաշնորհ աշխատանքի հետևանքն է:

«Ամեն օր տեսնում ենք մի նոր ձախողություն, մի վատ դեպք, մի նոր կրակոց: Եվ ցավալի է, որ պատերազմից մեկ տարի անց մեր գերիները ոչ միայն չեն վերադարձվել, այլև ավելանում է նրանց թիվը՝  ինչպես պատահեց նոյեմբերի 16-ի հարձակման ժամանակ,- նշեց հասարակական գործիչը՝ նկատելով, որ այլընտրանքը վարչապետի հրաժարականն է,- Վարչապետն ինքը պետք է տեսնի, որ ինքն այս գործի պատրաստ մարդ չէ, չի կարող երկիր ղեկավարել, նույնիսկ ավելի փոքր աշխատանքի ունակ չէ, ինքնակամ հրաժարվի, դուրս գա՝ թողնելով, որ նոր ուժեր գան իշխանության և փորձեն ինչ-որ բան անել (թեև ամենակարող մարդն էլ, դժվար է՝ կարողանա ամեն ինչ փոխել, որովհետև մեր վիճակն այնքան վատ է, որ լիովին հնարավոր չէ փոխել, բայց կարելի է ինչ-որ փոքր փոփոխություններ անել): Կարևորն այն է, որ նոր մարդիկ նոր ձախողությունները կկանխեն, որ կացությունն ավելի վատ չլինի»:

Անդրադառնալով գերիների մասին ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի աղմկահարույց հայտարարություններին՝ նա նկատեց՝ իշխանության եկած մարդկանցից ոչ ոք իր պաշտոնին համապատասխան կարողություններ չունի. «Վարչապետը, ԱԺ նախագահը, նախարարները՝ բոլորն էլ մարդիկ են, որոնք իրենց պաշտոններում լինելու իրավունք չունեն, որովհետև իրենք ապաշնորհ են, անկարող են, անփորձ են, բայց անընդհատ մեծ-մեծ խոսում են՝ կարծես աշխարհի ամենահանճարեղ և ամենակարող մարդիկ են:

Սխալ պաշտոնի վրա սխալ մարդկանց լինելն է առաջին պատճառը: Հաջորդը՝ երբ Սիմոնյանը խոսում էր գերիների մասին, ես նույն րոպեին մտածում էի՝ Աստվա՛ծ իմ, այն ընտանիքները, որոնք իրենց որդիներին մի տարուց ավելի չեն տեսնում, որոնց որդիներն ադրբեջանական բանտերում են, որոնց չարչարում են, սպանում են, ինչպե՞ս կարող են դիմանալ՝ Ալեն Սիմոնյանի խոսքերը լսելով:

Մի քիչ ազնվություն է պետք ունենալ, որպեսզի նման խոսքեր չասեն՝ դասալիքներ են, թողել են, փախել են. ինքը ոչ մի գաղափար չունի, ինքը պատերազմի ժամանակ պատերազմի դաշտում չի եղել, ինքը Երևանում է եղել, վայելել է իր շքեղ տունը, աշխատանքը, շրջանակը, չի տեսել՝ ինչ է եղել պատերազմի ճակատում»:

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք՝ տելեգրամ ալիքներից մեկը երեկ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի մասնակցությամբ տեսանյութ էր հրապարակել, որում վերջինս ինչ-որ զրույցի ընթացքում մասնավորապես նշում էր, որ իր համար գերիները չկան, որ նրանք դասալիքներ են:

 

Տեսանյութեր

Լրահոս